ԱԱԾ-ի ներկայիս ղեկավարության գործունեությունը դուք ո՞նց եք գնահատում: Այսօր Aravot.am-ն այս հարցն ուղղեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին: Նա պատասխանեց. «Այսօրվա ԱԱԾ ղեկավարը ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար: Նրա՝ յուրաքանչյուր օր ավել մնալը ԱԱԾ տնօրենի պաշտոնում վտանգում է մեր երկրի անվտանգային համակարգը»:
Խնդրեցինք փակագծերը բացել: Վանեցյանն արձագանքեց. «Միայն այն, որ այդ մարդը չունի որեւէ փորձ հետախուզական ոլորտում, հակահետախուզական ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում եւ մնացած այլ առանձնահատկություններ եւ յուրահատկություններ ունեցող գործի մեջ, որն է ազգային անվտանգությունը, այս մարդը չի կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը: Այսօրվա ինձ ԱԱԾ հրավիրելը եւ այդ շինծու գործն ինձ մեղսագրելը հենց ուղիղ դրա ապացույցն է: Նրա փոխարեն, որ ԱԱԾ-ն զբաղվի մեր արտաքին թշնամիների նոր նկրտումներով, որն արդեն բոլորը տեսնում են՝ թե՛ Թուրքիայի ակտիվությունը, Ադրբեջանի հետ զորավարժությունները, Թուրքիայի ակտիվ աշխատանքը, օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությունը ՀՀ տարածքում, փոխանակ դրանով զբաղվի, ԱԱԾ-ն մի ինչ-որ անհեթեթ գործ է փորձում կարել ինձ վրա, բայց՝ ապարդյուն, որովհետեւ օրենքի ընթերցման հետ այդ մարդիկ երեւի թե խնդիրներ ունեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ