Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը երկու անգամ ավելի զորավոր ժողովուրդ են, որովհետև ունեն Սփյուռքի հետ կապը. Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ

Հուլիս 31,2020 16:59

Սփյուռքում գործող հայկական կրթօջախների հետ հեռավար հանդիպումների շրջանակում Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այս անգամ առցանց զրույց է ունեցել Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ:

Սփյուռքի հայկական կրթօջախների հետ նման հեռավար հանդիպումներն իրականացվում են «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի նախաձեռնությամբ: Մինչ այս՝ տիկին Նունե Սարգսյանը նմանատիպ հանդիպումներ էր ունեցել նաև Քուվեյթի հայկական ազգային վարժարանի և Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի ուսուցիչների և աշակերտների հետ:

Առցանց հանդիպումների այս շարքը նպատակ ունի նպաստել կրթական հաստատությունների միջոցով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Կողմերի միջև քննարկվել են արևմտահայերենի զորացմանն ուղղված հարցեր և միջոցառումներ, որոնք կորոնավիրուսի համավարակի պայմաններում անգամ ամուր կպահեն Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների միջև կապը: Սա հնարավորություն կստեղծի աշակերտների համար շփվել միմյանց հետ: Այդ նպատակի իրագործման համար նշված առցանց հանդիպումների ընթացքում տիկին Սարգսյանի կողմից առաջարկվել են մի շարք գաղափարներ և նախաձեռնություններ: Դրանցից է «Գրչի ընկեր» նախաձեռնությունը, որի շրջանակում մասնավորապես նախատեսվում է Հայաստանի և արտերկրի հասակակից աշակերտների միջև նորագույն տեխնոլոգիաների միջոցով նամակների փոխանակումը:

Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ հանդիպման ընթացքում տիկին Սարգսյանն անդրադարձել է հայոց լեզվի երկու հիմնական ճյուղերի՝ արևմտահայերենի և արևելահայերենի կարևորությանը, ինչպես նաև բարբառներին՝ նշելով, որ բարբառները մեր լեզվի հարստությունն են: Նա կոչ է արել աշակերտներին ուսումնասիրել արևելահայերենը և նույնքան լավ տիրապետել, որքան արևմտահայերենը:

Այդ համատեքստում տիկին Սարգսյանն անդրադարձել է «Գրչի ընկեր» նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա ոչ միայն զարգացնել իրենց հայերենը, այլև՝ ակտիվորեն շփվել Հայաստանի իրենց հասակակիցների հետ:

Տիկին Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի երկու դպրոցներ՝ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը և Շիրակի մարզի Գյումրու ակադեմիական վարժարանը պատրաստակամություն և ուրախություն են հայտնել կապվելու Հալեպի վարժարանի հետ: «Հաշվի առնելով Տավուշի վերջին իրադարձությունները՝ այնտեղ ապրող երեխաները հատուկ ուշադրության կարիք ունեն»,- ասել է տիկին Նունե Սարգսյանը: Նա հույս է հայտնել, որ դպրոցների աշակերտների միջև շարունակական ընկերական հարաբերություններ կձևավորվեն, և հալեպահայ երեխաները Հայաստան ապագա այցի ընթացքում Տավուշում և Գյումրիում կհանդիպեն իրենց բարեկամ հասակակիցներին:

Օրերս «Գրչի ընկեր» սկզբունքի հիման վրա հանդիպում էր տեղի ունեցել Քուվեյթի ազգային վարժարանի եւ Երևանի Հակոբ Օշականի անվան դպրոցի միջև, որի արդյունքում երկու դպրոցները քույր դպրոցներ էին հայտարարվել:

Հետաքրքրիր պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում: Տիկին Սարգսյանի քաջալերանքով Քուվեյթի ազգային վարժարանի և Հակոբ Օշական դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների առցանց հանդիպման ընթացքում նրանք փոխանակել են էլեկտրոնային փոստի հասցեները՝ պայմանավորվելով նամակագրական կապ հաստատել: Ներկայում ընթացքի մեջ է նաև տիկին Նունե Սարգսյանի՝ Քուվեյթի վարժարանի սաներին ուղղված մեկ այլ առաջարկ՝ արևմտահայերենով բանաստեղծությունների մրցույթը, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է, իսկ արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը:

Իսկ Հալեպի վարժարանի աշակերտներին տիկին Սարգսյանն առաջարկել է Հայաստանի դպրոցների հետ անցկացնել արևմտահայերեն-արևելահայերեն թարգմանչական մրցույթ: Հաղթողներին սպասվում են պարգևներ` Հանրապետության նախագահի կողմից: Մեկ այլ՝ իրենց բնակավայրերի լուսանկարների առցանց ցուցահանդեսի գաղափարը հավանության են արժանացրել թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները: Լավագույն աշխատանքները կտեղադրվեն «Հայկաշխարհ» և Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքերում:

«Մեր նպատակն է կամուրջ ստեղծել Հայաստանի և Սփյուռքի միջև: Ես ամբողջ կյանքում Սփյուռքի հետ կապված եմ եղել՝ չնայած երևանցի եմ: Ես շատ բարձր եմ գնահատում Սփյուռքի դերը: Հայերը երկու անգամ ավելի զորավոր ժողովուրդ են, որովհետև ունեն Սփյուռքի հետ կապը: Հայաստան-Սփյուռք կամուրջն ամրապնդելու համար մենք պետք է ապահովենք ապագա սերունդների կապը: Հուսով եմ՝ վիրուսը հաղթահարելուց հետո կշփվենք ոչ միայն համակարգչով, այլև՝ դեմ առ դեմ ֆիզիկապես, հատկապես՝ մեր երեխաները»,- ընդգծել է տիկին Սարգսյանը:

Քննարկման երկրորդ հատվածում Հալեպի վարժարանի ուսուցիչները ներկայացրել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում հեռավար ուսուցման դժվարություններին վերաբերող հարցեր: Նրանք ողջունել են տիկին Նունե Սարգսյանի առաջարկները և պատրաստակամություն հայտնել դրանք դարձնել իրականություն:

Ամփոփելով զրույցը՝ տիկին Սարգսյանը հանդիպման մասնակիցներին մաղթել է առողջություն՝ հույս հայտնելով, որ նմանատիպ հանդիպումները շարունակական լինեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031