Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք ոչ մի բան չեն կարողանում անել, չունեն այդ կրթությունն ու հնարավորությունը, իրենք միայն կարողանում են քան-դել». Վանեցյանը՝ արտաքին քաղաքականության սխալների մասին

Հուլիս 31,2020 16:39

«Բացթողումներ ունենք նաեւ արտաքին քաղաքականության մեջ ու առհասարակ բոլոր ոլորտներում»,- այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Հայրենիք» կուսակցության նոր գրասենյակի բացման ժամանակ ասաց կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ու բացատրեց, թե որոնք են իր կարծիքով ներկայիս իշխանության սխալները՝ արտաքին քաղաքականության մեջ. «Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին, ինչը սերտ համագործակցություն է ենթադրում՝ ռազմական եւ քաղաքական համագործակցություն ՀԱՊԿ անդամ երկրների եւ տնտեսական խորը համագործակցություն ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Կարծում եմ, դա ճիշտ ուղղություն է, սակայն այսօրվա իշխանությունները չեն կարողանում լիարժեք օգտագործել այն հնարավորությունները, որոնք տալիս են ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն, մենք պետք է փայլուն հարաբերություններ ունենանք ՌԴ-ի հետ, շատ լավ հարաբերություններ ԵՄ երկրների, նաեւ ԱՄՆ-ի հետ: Շատ եմ կարեւորում մեր լավ հարաբերությունները Իրանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, բայց, ցավոք սրտի, բոլոր մեր բարեկամ պետությունների հետ, որոնց հետ ունեցել ենք ավանդական բարեկամական հարաբերություններ, այսօր հարաբերությունները կա՛մ վատն են, կա՛մ դրանք բացակայում են: Իրանում առաջին անգամ պատմության մեջ տեսնում ենք հակահայկական ցույցեր, Եվրոպայի կողմից չենք ստանում որեւէ գործուն աջակցություն, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում չունենք այն արդյունավետ աշխատանքը, որը կուզենայինք տեսնել: Երբ շատ ինքնահռչակ արտաքին քաղաքական էքսպերտներ խոսում են, որ ՀՀ-ն երբեք չի լինելու ՌԴ-ի կազմում, նման խնդիր երբեւիցե դրված չի եղել, դրված չէ ու վաղը մյուս օրը նման խնդիր չի լինելու: ՌԴ-ի հետ պետք է ունենանք խորը համագործակցություն եւ փորձենք ի շահ մեր երկրի օգտագործենք դա: ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է ու ՌԴ-ի հետ ցանկացած հարաբերությունների խզում համարում եմ անթույլատրելի»:

Վանեցյանի դիտարկմամբ՝ արտաքին քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, այն տրամաբանության մեջ է, ինչ բոլոր ոլորտներում կա. «Իրենք ոչ մի բան չեն կարողանում անել: Չունեն այդ կրթությունն ու հնարավորությունը ինչ-որ մի բան անելու, իրենք միայն կարողանում են քան-դել: Եղածը քանդել, տեղը ոչ մի բան չկառուցել»:

Համակիրները հարցրեցին ներդրումների մասին՝ ո՞րն է խնդիրը, որ ներդրումները չկան, երկու տարի Փաշինյանը խոսում էր. «Նիկոլ Փաշինյանը եւ իր կողմից ղեկավարվող քաղաքական թիմը մշտապես ման է գալիս ու նշանակում մեղավոր ու իր չկատարած աշխատանքի, անհաջողությունների համար մեղադրում ինչ-որ մեկին: Երկու տարի գոռում էին՝ նախկինները, ՍԴ-ն:…Սա լուծվեց ու ներդրումներ չկան ու չեն լինելու: Ինչի՞: Որովհետեւ արտաքին ներդրողները տեսնում են, թե ինչ է կատարվում երկու տարի մեր երկրում: Մարդկանց ոստիկանները ապրիորի բերման են ենթարկում շատ կոպիտ, իրենց բառապաշարն օգտագործեմ՝ ծեփում, փռում են ասֆալտներին, բարձր ղեկավարները արդարացնում են այդ բռնությունները, մարդկանց նկատմամբ շինծու քրգործեր են իրականացնում, վերջին տարիներին որեւէ քրգործ, որը հարուցվում է այս կամ այն անձի նկատմամբ, բացի մամուլում press release տարածելուց, ուրիշ որեւէ հետեւանք չի ունենում»:

Հետո Վանեցյանն ասաց. «Ներդրումներ չեն կարող լինել մի երկրում, որտեղ չկա հանգստություն, կանխատեսելիություն, չգիտի մարդ ինչ կլինի մի ժամից, երկու ժամից: Շինծու գործերը բերելու են նրան, որ որեւէ մեկը չի ուզելու գալ ՀՀ-ում ներդրում անելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031