Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ չի մշակվել հոգեկան առողջության պահպանման համապարփակ օրենք. ՀՔԱՎ զեկույցը

Հուլիս 31,2020 16:35

ՀՀ Կառավարությունը 2014 թվականի ապրիլի 17-ին ընդունեց հոգեկան առողջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կարևոր որոշումներից մեկը՝ հաստատելով Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։

Այդ փաստաթուղթը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը ներառում էր միջոցառումներ՝ ուղղված օրենսդրական բարեփոխումներին, մարդկային ներուժի ապահովվածությանը, մասնագետների կրթությանը, հոգեկան առողջության ծառայությունների ապահովմանը, հանրության իրազեկության բարձրացմանը։

Այս զեկույցում ՀՔԱՎ-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության իրականացման մշտադիտարկման արդյունքները։ Ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների իրականացման մշտադիտարկման միջանկյալ արդյունքները հրապարակվել են 2 տեղեկանքում՝ 2014-2015 թթ. և 2014-2016 թթ․ ամփոփող տեղեկանքներում։

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Ողջունելով տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարության մշակումը և հաստատումը՝ Ռազմավարության իրականացման արդյունքների հիման վրա արձանագրում ենք, որ այն սահմանված ժամկետներում, արդյունավետ և ամբողջությամբ չի իրականացվել։

Ըստ գնահատման արդյունքների՝ արդյունավետ չիրականացման պատճառ են հանդիսացել Ռազմավարության և Միջոցառումների ցանկի կառուցվածքային բացթողումները և հաշվետվողականության, մշտադիտարկման ու գնահատման, վերահսկողական մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև միջոցառումների կատարող մարմինների պատասխանատվության և նրանց միջև համագործակցության ոչ բավարար մակարդակը։ Թեև Ռազմավարության իրականացման համար մեծ նշանակություն ունի ֆինանսական ռեսուրսների պատշաճ նախատեսումն ու տրամադրումը, փաստացի չեն իրականացվել ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ պահանջող, այլ նաև չպահանջող միջոցառումները։

Համաձայն մշտադիտարկման արդյունքների՝ միջոցառումների իրականացման ուղղությամբ ձեռնարկված գործողություններն այդպես էլ չեն հանգեցրել սահմանված նպատակների ապահովմանը։ Այսպես, օրենսդրական դաշտը չի համապատասխանեցվել ՀՀ ստանձնած պարտավորություններին, մասնավորապես՝ ոլորտը կարգավորող օրենսդրությունը շարունակում է պարունակել միջազգային չափանիշներին հակասող դրույթներ։ Այդպես էլ չի մշակվել հոգեկան առողջության պահպանման համապարփակ օրենք։

Չեն ապահովվել նաև հոգեկան առողջության որակյալ, հասանելի և մատչելի ծառայություններ, կարիքին համապատասխան համայնքահենք ծառայություններ։ Հոգեբուժական ծառայությունների՝ առողջապահական ընդհանուր համակարգ ներդրման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ չեն եղել։ Փաստացի բազմապրոֆիլ հիվանդանոցներից միայն մեկում է ստեղծվել հոգեբուժական բաժանմունք, իսկ առողջության պահպանման առաջնային օղակը չի համապատասխանացվել հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերման, բուժման կամ ուղղորդման անհրաժեշտությանը։  Երեխաների, դեռահասների և տարեց անձանց համար անհրաժեշտ տարբերակված ծառայություններ չեն ստեղծվել, այդ թվում՝ Ռազմավարության իրականացման ընթացքում չեղարկման արդյունքում։

Չեն ներդրվել նաև նախատեսված համայնքահենք ծառայություններ, չի գնահատվել տրամադրվող ծառայությունների արդյունավետությունը և չեն մշակվել հետագա ուղղությունները։

Հոգեկան առողջության ծառայությունների պատշաճ ապահովման երաշխիքներից մասնագետների ներգրավման և կարողությունների զարգացման աշխատանքները ևս արդյունավետ և թիրախային չէին։ Նույնը կարող ենք փաստել նաև իրազեկման աշխատանքների մասին։ Դրանք չեն բխել ժամանակակից մոտեցումներից, չեն ներառել շահագրգիռ բոլոր կողմերին։ Իրականացված գործողությունները հիմնականում նույնաբովանդակ էին, ավանդաբար շարունակվող։

Այսպիսով՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի և համայնքում ներառման իրավունքի ապահովման համատեքստում առաջընթացը Ռազմավարության իրականացման շրջանակներում չնչին է, նրանց նկատմամբ խարանի և կարծրատիպերի առկայությամբ վերաբերմունքը՝ գրեթե անփոփոխ։

Զեկույցում արձանագրված խնդիրների ուղղությամբ ներկայացվել են նաև առաջարկություններ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031