Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկի տանը իր կինը կամ մայրը այդքան ստրուկ չեն, ոնց որ ներկայացվում է որոշ ներկայացուցիչների կողմից». Վանեցյանը՝ եկեղեցու, ընտանեկան արժեքների մասին

Հուլիս 31,2020 16:21

Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Հայրենիք» կուսակցության նոր գրասենյակի բացմանը համակիրների հետ հանդիպման ժամանակ կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեցին եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին: Վանեցյանը պատասխանեց, որ իրենց կուսակցության համար հիմնաքարային է այդ հարցը, մեր ազգային ավանդույթները, ազգային ինքնության ու արժեքների պահպանումը. «Այն, ինչ կատարվում է վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ, ազգային անվտանգության սպառնալիք է: Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբման արդյունքում է հայ ազգը ամենադժվար պահին պահպանվել, եկեղեցին մեծ ավանդ է ունեցել մեր մշակույթի, մեր խոսքի, լեզվի, ընդհանուր առմամբ հայապահպանության գործում»:

Վանեցյանի խոսքով՝ այսօր օտարերկրյա օրակարգերը, որ ներմուծվում են Հայաստան ՀՀ-ում գործող հակապետական տարրերի կողմից, ու դա ուղիղ սպառնալիք է ՀՀ-ին. «ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը հարց բարձրացրեց, որ Հայ առաքելական եկեղեցին մյուս կրոնական կազմակերպությունների հետ պետք է հավասարեցվի: Իսկ դուք գիտե՞ք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ դեր, եկեղեցու դերը մշտապես պետք է լինի շատ բարձր ու մեր ազգը, որպես հին ու առաջին քրիստոնեական երկիր, պարտավոր է լինել Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդներ ու այլ կրոնական կազմակերպությունների գոյությունը ուղիղ սպառնալիք է մեր եկեղեցուն»:

Վանեցյանը նաեւ ասաց. «Այսօր քարոզչություն է իրականացվում՝ ընդդեմ մեր ազգային արժեքների ու ազգային ավանդույթի: Մենք այստեղ բոլորս սովորական հայկական ընտանիքների ներկայացուցիչներ ենք, այդ հակապետական էլեմենտները մշտապես թաքնված քարոզչություն են անում, թե իբր մեր հայկական ավանդույթները շատ վատն են, ընդունելի չեն: Ես ձեզ ասում եմ հակառակը՝ մեր ազգային ավանդույթները համամարդկային են: Մենք բոլորս ապրել եւ մեծացել ենք հայ ավանդական ընտանիքներում: Որեւէ մեկի տանը իր կինը կամ մայրը այդքան ստրուկ չեն, ոնց որ ներկայացվում է որոշ ներկայացուցիչների կողմից: Բայց սովորական բան է՝ երբ աշխատանքից հետո մտնում ես տուն, կինը սեղան է դնում, հրավիրում է ընթրելու, ընթրելուց հետո սեղանը հավաքում է, կամ շորերդ լվանում է, արդուկում է, որ հագնես ու գնաս աշխատանքի, այդպես ենք մենք ապրել: Ամուր պետության հիմքը ամուր ընտանիքն է, իսկ ամուր ընտանիքը այն ավանդական ընտանիքն է, որը տղամարդ եւ կին միասնությունն է: Ցանկացած այլ տիպի միություններ դա արդեն բոլոր բարոյական օրենքներից զուրկ է: Մենք հին ազգ ենք, ազգ ենք, որ երկար տարիների ընթացքում ապրել եւ արարել ենք մեր հողում ու պահել ենք մեր ազգային ինքնությունը»:

Խոսելով կրթության ոլորտում վերջին շրջանում փոփոխությունների, կրթական ծրագրերի մասին՝ Վանեցյանն ասաց. «Գրեթե համաձայն եմ բոլոր քննադատությունների հետ: Մեր կուսակցությունը կրթության հետ կապված շատ ակտիվ քննարկումներ է իրականացնում, առավել խորությամբ կներկայացնենք մեր մոտեցումները, բայց օրինակ, կրթական ծրագրից հանել հայ գրականություն առարկան, կամ հայ առաքելական սուրբ եկեղեցու առարկան հանել ուղղակի անթույլատրելի է, դա այն թաքնված ծրագիրն է, որ մեր ազգային ինքնությունը, մեր պատմությունը խեղեն: Չենք թույլ տալու, ամեն ինչ անելու ենք, որ մեր կրթական համակարգը ճիշտ ուղղությամբ գնա…Կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը համարում ենք անընդունելի եւ անթույլատրելի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031