Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանափակումների հիմնավորումները չեն կարող նույնը լինել, ինչ սկզբնական շրջանում էին. Արման Թաթոյան

Հուլիս 31,2020 15:48

«Արտակարգ դրության ժամանակ պետության իրավական բեռը, պատասխանատվությունը բավականին մեծ է»,- «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկմանը հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա փաստեց՝ թե′ սահմանափակումների տրամաբանության մեջ, թե′ միջազգային չափանիշներին համապատասխան պետության յուրաքանչյուր սահմանափակում պետք է նպատակաուղղված, անհրաժեշտ, իրավաչափ և համաչափ լինի իրավիճակին և ծառայի համավարակի կանխարգելման նպատակին:

Արման Թաթոյանը հայտնեց՝ այս սահմանափակումներում ունենք իրավաչափ նպատակ՝ հանրային առողջությունը, բայց մյուս կողմից նշեց՝ ակնհայտորեն պետությունը բարձր պատասխանատվություն ունի քաղաքացու հանդեպ: Նա նկատեց՝ սահմանափակումների հիմնավորումները չեն կարող նույնը լինել, ինչ սկզբնական շրջանում էին ու պարզաբանեց. «Որքան երկարաձգվում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պատասխանատվությունը այս կամ այն սահմանափակման հարցում: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր անգամ այդ հիմնավորումները պիտի համապատասխանեն կոնկրետ իրավիճակի և լինեն առավել թիրախային»:

Արման Թաթոյանը նշեց՝ հավաքների ազատության հետ կապված անհրաժեշտ է նկատի ունենալ այլ գործոններ՝ օրինակ՝ այլ իրավունքների հետ հարաբերակցությունը, մասնավորապես խոսքի ազատության հետ հարաբերակցությունը: Նա նկատեց՝ այստեղ ունենք հակասություններ, և նաև էական է այն հարցը՝ արդյոք հավաքների ազատությունը կարող է երկրորդական էֆեկտով բերել նաև խոսքի ազատության հարցում սահմանափակումների:

Արման Թաթոյանը նշեց, որ իրենց մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս՝ ոստիկանությունն էլ այս իրավիճակում կանգնում է լուրջ խնդիրների առաջ: Օրինակ՝ չկա ուղեցույց, թե նշված իրավիճակում ինչպես գործել: Նա օրինակ բերեց. «Բացարձակ արգելքի պայմաններում ոստիկանությունն անընդհատ հեռացնում է մարդկանց հավաքի վայրից: Լինում են, իհարկե, դեպքեր, երբ հանդուրժող են. օրինակ՝ դիմորդների և նրանց ծնողների բողոքի ակցիաները: Մեր այցերը ոստիկանություն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում ձևակերպվում է տանելը որպես ոստիկանի օրինական պահանջը չկատարել: Սա նույնպես խնդրի է հանգեցնում: Ոստիկանությունն օրենսդրական առկա մի շարք խնդիրների իրավական զոհն է: Նա էլ է դժվար իրավիճակում հայտնվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031