Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացեք Հյուսիսային պողոտա, Կասկադ ու կտեսնեք մարդկանց հսկայական կուտակումներ, բայց խաղաղ հավաքներն արգելում են». Ավետիք Իշխանյան

Հուլիս 31,2020 15:18

Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ անցկացվող «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկմանը «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, խոսելով հավաքների ազատության իրավունքի սահմանափակումների մասին, համաչափությանը զուգահեռ շեշտեց նաև տրամաբանության հարցը:

Նա ասաց. «Դուրս եկեք փողոց, գնացեք Հյուսիսային պողոտա, Կասկադ ու կտեսնեք մարդկանց հսկայական կուտակումներ: Եթե հեռվից ներկայացնես որպես հանրահավաք, որևէ մեկը չի զարմանա: Մարդկանց այս հավաքները, իրարից հեռավորություն պահելը սովորական կյանքում չի գործում, բայց հավաքների ազատությունը արգելվում է»:

Նա ընդգծեց՝ հավաքների ազատությունը որպես մարդու իրավունք առաջնայիններից է համարվում այն տեսակետից, որ դա և խոսքի ազատության խնդիր է և հասարակության տարբեր խմբերի իրավունքների՝ իրենց ձայնը տեղ հասցնելու իրավունք: Նա փաստեց՝ սոցիալական ոչ բոլոր խմբերն ունեն ներկայացուցիչներ պետության ներկայացուցչական մարմիններում:

Ավետիք Իշխանյանի հավաստմամբ՝ այն, որ մինչև հինգ հոգանոց ժամանցային միջոցառումները թույլատրվում են, բայց հավաքները՝ ոչ, սա արդեն խտրական վերաբերմունք է, և առաջ է գալիս անհամաչափության հարց. «Մի շարք դեպքերում ոստիկանությունն էական միջամտություն չի ցուցաբերել հավաքի նկատմամբ, մինչդեռ այլ դեպքերում դադարեցրել է հինգից քիչ թվով մասնակիցներ ունեցող հավաքները: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց հավաքի ընթացքում 130 ոստիկաններ էին մասնակցում, այն դեպքում երբ հավաքի մասնակիցների թիվը 30 էր: Սա անհամաչափություն է: Կամ բերման են ենթարկում միայնակ իր բողոքն արտահայտող անձանց: Նման միջամտությունը ոչ իրավաչափ է առնվազն այն պատճառով, որ հավաքների ազատության մասին օրենքի իմաստով հավաք չի համարվում մեկ անձի կողմից իրականացվող գործողությունը»:

Ավետիք Իշխանյանը, մեջբերելով նաև մի շարք միջազգային իրավական նորմեր, նշեց, որ այս անհամաչափ և նաև անտրամաբանական իրավիճակը Հայաստանում պետք է շտկվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031