«Պոպուլիզմը խեղդել է այս իշխանություններին, պոպուլիզմով եկան իշխանության, պոպուլիզմով էլ հավատացեք գնալու են»,- այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Հայրենիք» կուսակցության նոր գրասենյակի բացմանը համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա ասաց, որ իշխանությունները Արարատի մարզի ոռոգման ջրի հարցը չեն լուծելու, որովհետեւ չեն կարող սելֆիի ձողն առնել ու գնալ խողովակների հետ սելֆի անել, նկարները տարածել:
Վանեցյանը հայտարարեց, որ մեծ դժգոհության ալիք է հասունանում երկրում: Առաջիկայում, ըստ նրա, ունենալու ենք լրջագույն տնտեսական կոլապս, անկում, որն ուղիղ ազդելու է բնակչության սոցիալական վիճակի վրա. «ՀՀ-ում մարդը պետք է լավ ապրի, ցավոք, այս ապաշնորհ ու ապիկար կառավարման արդյունքում մենք ունենալու ենք լրջագույն տնտեսական անկում»:
Համակիրներից մեկը գյուղատնտեսությունը զարգացնելու ծրագրերից հարցրեց, Վանեցյանն էլ պատասխանեց, որ «Հայրենիք» կուսակցությունը աշխատում է ծրագրի վրա. «Արարատի մարզը, ինչպես բոլորդ գիտեք, մեծ գյուղատնտեսական պոտենցիալ ունեցող մարզ է: Պոտենցիալն արդյունավետ օգտագործելու դեպքում մենք կարող ենք ունենալ բացառիկ արդյունքներ՝ սկսած տարբեր բանջարաբոստանային կուլտուրաների արդյունավետ աճեցումից, ավարտած անասնապահությամբ: Կարեւոր խնդիր կա,որը պետությունը պարտավոր է իրականացնել՝ հստակ ծրագրեր գյուղացու աջակցման: Այդ ծրագրերը պետք է լինեն ոչ միայն միանգամյա: Գյուղացիների վարկերը անարդյունավետ են ու գյուղացուն հասանելի չեն: Ինչ ենք մենք առաջարկում. օրինակ, Արարատյան դաշտավայրում աճեցնում են տոմատ, վարունգ, սմբուկ եւ այլն, հին տեխնոլոգիաներով մշակվող հողերը այն բերքատվությունը չեն կարող ստանալ գյուղացիները, որ շահավետ լինի եւ գյուղացին ստանա եկամուտ: Ինչի է այդպես ստացվում՝ որովհետեւ, օրինակ, այսօրվա հողի մշակման արդյունքում օրինակ, տոմատի մածուկ, մեկ հեկտարից ստացվում է լավագույն դեպքում 60-80 տոննա բերք, ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու դեպքում 150-200 տոննա կլինի»:
Ըստ Վանեցյանի, գյուղատնտեսության նախարարության լուծարումն ուղիղ հարված էր գյուղատնտեսությանը, գյուղացին այսօր տեղ չունի գնալու. «Իմ կարծիքով, ՀՀ-ում պետք է գործի գյուղատնտեսության նախարարություն ու այդ նախարարությունը պետք է գործի շատ արդյունավետ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ