Վանեցյանի հերթական «գործը»
Վարչապետ Փաշինյանը ծրագրային բանավեճի և քաղաքական երկխոսության փոխարեն ընտրեց ԱԱԾ-ն։
Նրա պատկերացումները իրավունքի, օրենքի, բազմակարծության մասին սահմանափակվում են միայն անցանկալի անձանց դեմ քրեական գործեր հարուցելով։ Մեթոդը որքան հին է, այնքան եղկելի։
Ակնհայտ է, որ նա է Վանեցյանի դեմ քրեական գործեր հարուցելու հրահանգներ տալիս, իսկ ուժայիններում նոր պաշտոններ նշանակելիս դա լինում է նախապայման։
Կարդացեք նաև
Դժվար է հասկանալ Փաշինյանի հոգեբանությունը․ այս երկու տարում անվերջ հարուցվող և փլուզվող քրեական գործերը, ոչ մի հեռանկար չունեցող դատավարությունները պետք է, որ նրան հուշած լինեին, որ դա սխալ ճանապարհ է, թե երկրի համար, թե անձամբ՝ իր։
Չի կարելի բոլոր ընդդիմախոսների դեմ քրեական գործեր հարուցել՝ դա շատ արագ բերելու է իշխանության սուր մաշվածության և հաջորդ քայլում՝ Փաշինյանի հանդեպ սուր բազմակողմանի չարության։
Ակնհայտ է, որ եթե Ա. Վանեցյանի դեմ լինեին լուրջ իրավական հիմքեր, ապա նա վաղուց արդեն կալանքի տալ կլիներ։ Իհարկե, կարելի է նրան կալանավորել առանց հիմքի, բայց դա էլ կբերի հակառակ արդյունքի. Բավական զուսպ և հավասարակշիռ քաղաքական գործիչ Ա. Վանեցյանից կարճ ժամանակում կստացվի բարձր վարկանիշով ռադիկալ տրամադրված ընդդիմադիր գործիչ Վանեցյան։ Թե ինչ կշահի դրանից Փաշինյանը՝ երևի միայն իրեն է հասկանալի։ Իր իշխանությունը հաստատ չի շահի։
Ամենացավալին այն է, որ համապետական որևէ ցնցում, որևէ ֆորսմաժոր, պատերազմի վտանգ, սոցիալական լարվածություն և այլն, գրեթե ազդեցություն չեն թողնում վարչապետի վրա։ Նա չի անում հետևություններ ոչ երկրի մասշտաբով, ոչ իր իշխանության, ոչ իր անձի։ Առավելագույնը մի քանի լայվ չի անում ու հետո անսպասելի որևէ մեկի վրա քրեական գործ հարուցելու ցուցում տալիս։
Օրեր առաջ մենք հրապարակել էինք, ամպագոռգոռ քրեական գործերի մի մեծ ցանկ, որը Փաշինյան անձամբ էր անոնսավորում և չգիտես ինչու ամենայն մանրամասնությամբ տեղյակ էր։ Բայց այդ գործերը կարճ ժամանակում մոռացության են մատնվում՝ չունենալով որևէ իրավական հեռանկար։ Բայց նստվածքը մնում է, որպես պետական պրոբլեմ և դառը հիշողությունը մնում է որպես անձնական պրոբլեմ արդեն Փաշինյանի համար։
Չի կարելի նման հեշտությամբ փորձել խաղալ մարդկանց ճակատագրերի և արժանապատվության հետ, թունավորել մարդկանց կյանքը։ Դրանք կուտակվում են։
Ինչ վերաբերում է Վանեցյանին, ապա այստեղ իշխանությունը հայտնվել է փակուղում՝ հանգիստ թողնել նրան՝ նշանակում է վարկանիշի և հեղինակության նկատելի աստիճանական աճ, կալանավորել նրան՝ նշանակում է վարկանիշի և հեղինակության կտրուկ աճ։ Մի դեպքում կարելի է ունենալ ադեկվատ ընդդիմախոս, որի հետ կարելի է հարցեր քննարկել, մյուս դեպքում՝ կունենան սուր անձնական կոնֆլիկտ և այրված կամուրջներ։
Ինչևէ։ Մենք շարունակելու ենք այս և մյուս քրեական գործերի մոնիտորինգը՝ ընթացիկ և ապագա գնահատականների համար։
«Իմ Ձայնը» նախագիծ