Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Գրականագետ. «Անվանարկում են մարդիկ, որոնք գրականության հետ վերջին անգամ առնչվել են դպրոցում»

Հուլիս 31,2020 14:41

«Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ժամանակակից գրողներն ու Հայ գրականության առարկան» թեմայով տեսաքննարկման ժամանակ գրականություն առարկայի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը՝ ներկայացնելով ամբողջական ծրագիրը՝ նշեց, որ ամբողջ փաստաթղթի մեխը, գաղափարախոսությունը վերջնարդյունքներն են, որտեղ նշված է, թե աշակերտը ինչի պետք է հասած լինի: Հավելեց, որ ներառված երեխաների շահերը եւ պահանջները նույնպես հաշվի են առնված, այդ պատճառով, նրա խոսքով, մի քիչ մեղմվել են մոտեցումները:

Թամար Ալեքսանյանի ձեւակերպմամբ` վերջնարդյունքներից բխող որոշակի ազատություն է տրվել ուսուցչին, ինքը պետք է ընտրի՝ ինչն անցնի, որը՝ ոչ: Նա նշեց, որ ներկայացված փաստաթուղթը ընդամենը նախագիծ է, սեւագիր տարբերակ, որի վերաբերյալ հանրության բոլոր անդամները կարող են կարծիքներ հայտնել, եւ այն կարող է քննարկումների արդյունքում բարեփոխվել:

Նույն փորձագիտական խմբի անդամ Գայանե Մկրտչյանը նշեց, որ թեեւ ինքը յոթից-իններորդ դասարանների լեզվի ծրագրի մշակողն է, սակայն քաջածանոթ է խմբում ծագած բոլոր խնդիրներին, քանի որ խումբը միասնական է աշխատել: Նա ասաց, որ հանիրավի է շահարկվում ժամանակագրության խախտումը փաստաթղթում եւ նկատեց, որ նախկին դասագրքերում եւ ծրագրերում եւս պահպանված չի եղել ժամանակագրությունը, որովհետեւ հնարավոր չէ տուրք տալ զուտ ժամանակագրությանը. «Այդպես մենք պետք է սկսեինք Խորենացի եւ Ոսկեդարը՝ յոթերորդ դասարանից, իսկ ցանկացած դասավանդող ուսուցիչ գիտի, թե ինչքան բարդ է երեխաներին տեղ հասցնել Հայոց պատմություն գրքի պատմական, գեղարվեստական մեծագույն արժեքը: Դրա համար էլ նախկին ծրագրերում եւ դասագրքերում նորագույն գրականությունից եւ Չարենցից էր սկսած: Այսինքն` խախտված էր ժամանակագրությունը»:

Գրականագետ, ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Հայկ Համբարձումյանը խոսելով ժամանակակից գրողներին ծրագրում ներառելու մասին՝ նշեց, որ քննարկումները, բողոքները հիմնականում ոչ թե կապված են բուն չափորոշիչների, այլ կրթության, դասագրքի վերաբերյալ հանրային վերաբերմունքի հետ: «Հաճախ անվանարկում են մարդիկ, որոնք գրականության հետ վերջին անգամ առնչվել են դպրոցում… Մենք չենք կարող հիսուն տարի առաջվա չափորոշիչներով գնահատել այսօրվա գրականությունը, պահանջել այնպիսի ստեղծագործություններ, որոնք միայն հայրենասիրություն են ներկայացնում»,-ասաց նա:

Հայկ Համբարձումյանի խոսքերով, պարզ է, որ ներկայացված փաստաթուղթը սեւագիր տարբերակ է, բայց լավ կլիներ, որ ավելի հստակ լիներ ամեն բան եւ հիմնավորվեր յուրաքանչյուր հեղինակի ներգրավման նպատակը. «Շատ կարեւոր է, որ եթե փաստաթուղթը բարեփոխվելու է, խմբի անդամները հստակեցնեն նպատակը ստեղծագործությունների ներգրավման: Ինձ համար կարեւոր չէ ժամանակագրությունը, ինձ համար կարեւոր են տեսական սկզբունքները եւ այն գործիքները, որոնք երեխային հնարավորություն են տալիս վերլուծել տեքստը»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը կարծիք հայտնեց, որ միայն փաստաթուղթը քննարկելը արդեն իսկ մասնատվածություն է, մյուս փաստաթղթերի համատեքստում է տրամաբանական չափորոշչի քննարկումը: Ասաց նաեւ, որ բանահյուսության բացակայությունը իրեն էլ է տարօրինակ է թվացել:

Նա նշեց, որ անհրաժեշտ է ժամանակակից գրականությունը դպրոցական ծրագրում ներառելը. «Թէ չէ մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, թե հայ գրականությունը վերջացել է Սովետական Հայաստանի վերջանալուց հետո»: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ աղմուկը փաստաթղթի հետ կապված հիմնավորված չէ, քանի որ գրականության եւ հեղինակների ցանկը կարող է փոփոխվել: «Այսօր ստեղծվում է լավ գրականություն, երեւի հայ գրականությունը այսքան լավ վիճակում եղել է մեկ էլ քսանականների սկզբին»,-եզրակացրեց նա:

Հայ գրականության ուսուցիչ Լիլիթ Պողոսյանը նշեց, որ կողմ է ժամանակակից գրականության ներկայությանը դպրոցում, սակայն այլ է հարցը, թե ինչ տեքստեր են մատուցվում: Նրա կարծիքով, մեթոդները, որ ընտրվել են ժանրի ուսումնասիրման շրջանակներում, մեծ աղմուկ են բարձրացրել զուտ անսովորության առումով: Ուսուցիչը վստահ է, որ ուսուցիչների վերապատրաստումներ են անհրաժեշտ նոր չափորոշիչներով աշխատելու համար:

«Անկախության շրջանի գրականությունը բացակայել է աշակերտի եւ ուսուցչի սեղանից, ուսուցիչները ծանոթ չեն շատերին, եւ միայն վերջին քննարկումների արդյունքում են ծանոթացել ժամանակակից հեղինակներից ոմանց»,-ասաց նա:

Լիլիթ Պողոսյանը կարծում է, որ միջին դպրոցում դասական գրողներին պետք է անցնել. «Երեխաները շատ են բողոքում, որ ավագ դպրոցում անցնում են այն, ինչն անցել են միջին դպրոցում, թեեւ ավելի մեծ ծավալով գրականություն է ներառված ավագ դպրոցում, իսկ նոր չափորոշիչների պարագայում երեխան կարող է ինքը հայտնագործել եւ իր կարծիքը ստեղծել կոնկրետ երկի մասին»:

Նրա համոզմամբ՝ այս համատեքստում, ժամանակակից գրականության ներմուծումը ավագ դպրոց, փոխում է այդ ֆոնը: Ուսուցիչը նաեւ համոզված է, որ պետք է լուրջ քննարկվի, թե որ տարիքային խմբից են մուտք գործելու փոփոխությունները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031