Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Հայրենիք» կուսակցության նոր գրասենյակի բացումն էր, որից հետո կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ համակիրների հետ:
Վանեցյանն ասաց, որ տարածքային կառույցների ձեւավորումը շատ կարեւոր է կուսակցաշինության մեջ:
Նա խոսեց նաեւ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի մասին, ասաց, որ հիմնադրամը զբաղվում է տարբեր ծրագրերի իրականացմամբ, շատ արդյունավետ է գործել այս ժամանակահատվածում. «Մեզ դիմել են մի քանի հարյուր տարբեր մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներ ու ֆինանսավորվել են տարբեր ծրագրեր»:
Խոսելով երկրում առկա իրավիճակից՝ Վանեցյանն ասաց. «Բազմիցս լսել եք իմ մտահոգությունները, թե ինչ է կատարվում մեր հայրենիքում, ուղղակի խոսքերով բնութագրելու չէ: Բոլոր ուղղություններով իշխանությունները ձախողել են իրենց վրա դրած պարտականությունները: Երկիրը փաստացի չի կառավարվում, պետական կառավարման համակարգը գործում է առանց հստակ կարգավորման իշխանությունների կողմից, կորոնավիրուսի դեմ պայքարում իներցիոն գործունեություն է իրականացվում, որը արդեն իսկ հանցավոր բացթողում է, որի արդյունքում յուրաքանչյուրր օր մահանում են մարդիկ»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ ամեն առավոտյան մարդիկ թվեր են լսում՝ վարակվել է այսքան մարդ, մահացել է այսքան մարդ ու այդ թվերն ընդունում են որպես իրողություն, որ այդպես էլ պետք է լիներ: Բայց իշխանությունները կորոնովիրուսի դեմ պայքարի գործում չեն ձեռնարկել հստակ քայլեր: Կորոնավիրուսի հետեւանքները ծանր են լինելու տնտեսության համար»:
Կուսակցության համախոհները Վանեցյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են իշխանությունները ամեն կերպ փորձում ձեր դեմ քրեական գործեր հարուցել, Վանեցյանը պատասխանեց. «Որովհետեւ վախենում են, սարսափած են: Սարսափած են ձեզանից, մեր կուսակցության ակտիվ գործունեությունից, սարսափած են, որ շատ կարճ ժամանակահատվածում ակտիվ զբաղված ենք կուսակցաշինությամբ, շատ մեծ հոսք կա մեր կուսակցություն սովորական քաղաքացիների: Մեր քաղաքացիների մեծամասնություն «Հայրենիք» կուսակցության մեջ է տեսնում այն ուժը, որն ի զորու է պայքարել իշխանությունների դեմ ու ստեղծել իշխանություն, որը կպահպանի մեր ազգային արժեքները, ավանդույթները, կանի ամեն ինչ, որ մեր երկիրը որեւէ վայրկյան հետ չմնա համաշխարհային նոր ձեռքբերումներից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ