Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյան. «Սա քաղաքական հետապնդում է: Տրամաբանող որեւէ մարդ այլ դիրքորոշում ունենալ չի կարող»

Հուլիս 31,2020 13:55

Արթուր Վանեցյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Սահակյանը ԶԼՄ-ներին ասաց, որ իր պաշտպանյալը ԱԱԾ հրավիրվել էր բացատրություն տալու: «Որքան մեզ ներկայացվեց, նյութեր են նախապատրաստվում աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու համար: Սա ես օրենքի նկատմամբ ծաղր եմ համարում, որովհետեւ գոյություն ունի օրենք, որով անձը 50 տարին լրանալուց հետո, ինչը ԱԱԾ ծառայողի համար սահմանային ժամկետն է, իրավունք ունի մինչեւ 5 տարի ժամկետով երկարացնել: Տվյալ պարագայում դա է արվել:

Խնդիրը նաեւ այն չէ, թե օրենք խախտվել է կամ չի խախտվել, նրանք օրենքը կարդացել են կամ չեն կարդացել, եւ գիտե՞ն արդյոք, որ օրենքով հստակ սահմանված է, որ մինչեւ 5 տարի կարելի է ժամկետը երկարացնել: Խնդիրն այն է, որ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարց: Այսինքն, նյութեր են նախապատրաստվում: Իմ համար այս հանգամանքը շատ զարմանալի է, որովհետեւ Քրօր-ում չկա նման նորմ: Եթե անգամ խախտում եղած լիներ, անձը 60 տարեկանում վերականգնված լիներ, միեւնույն է, սա քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող: Սրանով պետությունը, առավել եւս, որ խառնվել է ԱԱԾ-ն, հաստատում է, որ պարոն Վանեցյանի դեմ չկա ինչ-որ քրեական գործ հարուցելու որեւէ հիմք: Արդեն հասել են նրան, որ նույնիսկ այս կերպ փորձում են քրեական գործ հարուցել եւ մեղադրանք առաջադրել»,-հայտարարեց փաստաբանը:

Չնշելով՝ նախապատրաստվող գործում խոսքը բարձրաստիճան զինվորականի՞ մասին է, թե՞ շարքային ծառայողի, փաստաբանն ասաց, որ դա մի աշխատակից է, որին աշխատանքի վերականգնելու արդյունքում շատ լուրջ գումարներ են վերականգնվել:

Լուսինե Սահակյանը չի զարմանա, եթե մեկ անգամ եւս ծաղրեն օրենքը, իրավական պետության գաղափարը, փորձեն Արթուր Վանեցյանին կարգավիճակ տալ եւ կրկին հրավիրեն: Նա չի համարում, թե սա ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է: «Ես համարում եմ, որ սա քաղաքական հետապնդում է: Տրամաբանող որեւէ մարդ այլ դիրքորոշում ունենալ չի կարող»,-եզրափակեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031