Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավախություն չունեմ, որքան անհրաժեշտ է, կարող են ստուգել». դատավոր Մխիթար Պապոյան

Հուլիս 31,2020 13:40

«Ես պատրաստ եմ անցնել դրանով: Կարծում եմ՝ դատավորների բարեվարքության գործընթացն այսօր չէ, որ սկսվել է: Մինչեւ այդ էլ է եղել, իսկ այսօր գուցե ավելի խորությամբ է ընթանում: Իսկ թե ում նկատմամբ, կոնկրետ անձի չեմ կրող մատնանշել, կարծում եմ՝ բոլորի»,- դատավորների ընդհանուր ժողովից առաջ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ-ում դատավորների բարեվարքությանն ուղղված գործընթացներին:

Նկատառմանն ի պատասխան, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է դատավորների հայտարարագրերը, եւ ինքը մտավախություն չունի՞, որ իրավապահները կգան իր հետեւից, Պապոյանը նշեց. «Իմ հայտարարագրի հետ կապված մամուլում մեկ կամ երկու  հրապարակում է եղել, ոչ թե բազմաթիվ, եւ ես մտավախություն չունեմ: Որքան անհրաժեշտ է, կարող են ստուգել: Եթե հարցեր կան, որոնք պարզ չեն, կարող եմ պարզաբանել»:

Ինչ վերաբերում է գնահատականներին, որ հայտարարագիրը կարող է մահակ դառնալ դատավորների գլխին, Պապոյանը շեշտեց. «Նոր չէ, որ դատավորներն ամեն տարի լրացնում են այդ փաստաթուղթը: Ես 2009թ.-ից դատավոր եմ եւ լրացնում եմ: Դրանից առաջ էլ եմ լրացրել՝ որպես այլ պաշտոնյա: Այսինքն, եթե դրանում անճշտություններ կան, դրանք կարող են դատավորի համար խնդիրներ առաջացնել՝ անկախ ժամանակահատվածից: Եթե չեմ սխալվում, արդեն երկու տարի է, որ քրեական օրենսգրքում դրան համապատասխան հոդվածներ կան: Այնպես չի, որ դա մեկի ցանկությունն է: Ցանկացած իրավական պետությունում կարող են լինել նման գործընթացներ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նոր իշխանության ժամանակահատվածում դատական իշխանության գործերին միջամտություն կա՞: Պապոյանը վստահեցրեց. «Կարծում եմ՝ իմ գործունեությունը ճանաչում եք: Թե նախկին, թե ներկա իշխանության օրոք իմ հանդեպ որեւէ ճնշում չի եղել եւ չի կարող լինել: Ճնշումներ ասվածը հենց ինքը՝ դատավորն է թույլ տալիս: Ցանկացած ճնշում՝ լինի իշխանության կողմից, թե ոչ, դատավորի վարքագծով է պայմանավորված: Դա իմ դիրքորոշումն է»:

Մխիթար Պապոյանը նաեւ ընդգծեց, որ թե նախկինում, եւ թե հիմա իր համար ոչինչ չի փոխվել. «Ինչպես նախկինում եմ աշխատել, այնպես էլ հիմա եմ աշխատում: Երբ իմ մոտ ինչ-որ բան փոխվի, դա կլինի իմ վերջին աշխատանքային օրը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031