«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողներին ասաց, որ առաջիկայում չի բացառում հանդիպում բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում՝ թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Դրանք քաղաքական գործընթացներ են եւ ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի, քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձանց հետ:
Պատասխանելով հարցին, թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել է, թե չի բացառվում, որ ժողովուրդը երկրորդ անգամ կարող է փողոց փակելով իշխանություն փոխել, ինչը հնարավոր ամենամեծ տարբերակն է, ինքը նույնպե՞ս այդպես է կարծում, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Միանշանակ համոզված եմ, որ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ: Իրականում երկիրը գտնվում է շատ վատ, ծանրագույն իրավիճակում: Իշխանությունները բոլոր ուղղություններով ձախողել են իրենց աշխատանքները: Մենք կանգնած ենք առողջապահական ճգնաժամի առջեւ, տնտեսական ճգնաժամի առջեւ: Բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան մեր երկրում: Եվ այդ գործը անելու, հարցերը կարգավորելու փոխարեն, իշխանությունները զբաղված են իրենց քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ