Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կներեք՝ քաղաքական բնույթի ցույցերն արդեն հակաօրինակա՞ն են». Լարիսա Ալավերդյանը՝ Ռուստամ Բադասյանի արտահայտությունների առիթով

Հուլիս 31,2020 12:50

«Այնպես չէ, որ միայն մարդու իրավունքները պետք է սահմանափակվեն: Իշխանությունները ոչ թե պետք է հարմարեցնեն իրենց այս կամ այն սահմանափակումները, այլ նրանք պետք է նպատակադրումը հստակեցնեն, ժողովրդավարության կարևորագույն նորմերն ու սկզբունքները չխախտեն, և հենց սա է նշանակում, որ իրենք էլ են սահմանափակված»,- Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ անցկացվող «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկմանը հայտարարեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա հիշեցրեց՝ միջազգային պարտավորությունները ոչ թե հայեցողական են, այլ մեր Սահմանադրությամբ էլ ամրագրված է, որ դրանք պարտավորություններ են:

Խոսելով ոստիկանության աշխատանքի մասին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Շատ էինք աշխատում ոստիկանության հետ. հիմա չկա այդ ոստիկանապետը, որը գյուտեր էր անում՝ հավասարությունը նա է, որ հավասար ձևով ոլորեն թևերը, ասֆալտին փռեն հավասար ձևով: Մինչդեռ պետք է լինի հավասար արժանապատվություն: Բայց ոստիկանության գործողություններն ինձ զարմացնում են: Իհարկե, ոստիկաններ գիտեմ, որ արժանապատիվ կատարում են իրենց պարտականությունները»:

Խոսելով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ խաղաղ հավաքների հետ կապված հայտարարությունների մասին՝  Լարիսա Ալավերդյանն ասաց. «Նախարարը մի արտահայտություն է թույլ տվել, ասել՝ այն բողոքը, որ չընդունվածներն արտահայտում են, կրում է քաղաքական բնույթ: Կներեք՝ քաղաքական բնույթի ցույցերը արդեն հակաօրինակա՞ն են: Դա մտապաշարի արտահայտություն է: Ոչ թե ասում է, որ չեն պահում հակահամաճարակային կանոնները կամ ճիշտ չեն պահում, այլ ասում է՝ քաղաքական է: Ու, եթե հավաքը քաղաքական բնույթի է, պիտի արգելվի՞: Կարծում եմ՝ մեր իշխանությունները և շատ նախարարներ չեն իմանում մարդու իրավունքների խորքային կոնցեպտը: Նրանք գիտեն ինչ որ նախադասություններ այս կամ այն կոնվենցիայից»:

Դառնալով Հանրային խորհրդի՝ հավաքների ազատության հետ կապված առաջարկություններին և ընդհանրապես այդ կառույցի աշխատանքին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Հանրային խորհուրդը չդարձավ այն հարթակը, որտեղ կբերվեն ցավոտ հարցերը, որպեսզի ամեն ինչ փողոցում ստիպված չլինեն լուծել»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ այս օրերին ոչ միայն խաղաղ հավաքների իրավունքն է խախտվում, այլ հընթացս ոտնահարվում են մի փունջ իրավունքներ: Նա ասաց. «Այն, ինչ տեղի է ունենում, ուղղակի ուզում են դրանով ապացուցել, որ պանդեմիայի ժամանակ կարելի է այն, ինչը չի կարելի նորմալ ժամանակներում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031