Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «ՀՀ քաղաքական ղեկավարությունը եւ ԱԱԾ այսօրվա գործող տնօրենը օրենքի ընթերցման եւ հասկանալու խնդիր ունեն»

Հուլիս 31,2020 12:40

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ՝ մի գործով բացատրություն տալու:

Այսօր ԱԱԾ նախկին պետը փաստաբան Լուսինե Սահակյանի հետ նշանակված ժամին ներկայացավ իր նախկին աշխատավայր: Նա շենք մտնելուց առաջ իրեն սպասող լրատվամիջոցներին խոստացավ, որ հարցերին կպատասխանի դուրս գալուց հետո:

Շենքից դուրս գալով՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ հրավիրվել է մի անհեթեթ գործի շրջանակներում: «Որեւէ կարգավիճակ չունեմ: Նյութերի պատրաստման շրջանակներում եմ հրավիրվել բացատրություն տալու համար: Նշեմ, որ որեւէ պարտավորություն չունեի գալու: Բայց հարգելով ինստիտուտը՝ այցելել եմ եւ հրաժարվել եմ բացատրություններ ներկայացնելուց»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հայտարարվել է, թե պաշտոնական դիրքի չարաշահում է տեղի ունեցել: Արդյոք դա այդպե՞ս է: «Ի՞նչ ասել է՝ պաշտոնական դիրքի չարաշահում, հավանաբար, իմ փաստաբանը կպարզաբանի: Իսկ իրականում ոչինչի մասին է այս գործը, հերթական շինծու եւ քաղաքական նպատակներ հետապնդող: Վերջին ութ ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ փորձում են իմ նկատմամբ իրականացնել քրեական որեւէ հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը: Դուք շատ լավ գիտեք՝ մեղադրանքները, որ հնչեցրել են իմ հասցեին, որեւէ մեկը չի հաստատել»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը եւ մի քանի բառով ներկայացրեց, թե ինչով է անհեթեթ պատրաստվող այս գործը:

«2018 թվականին աշխատանքի է վերականգնվել մեր նախկին աշխատակիցներից մեկը, որը ըստ ԱԱԾ մեկնաբանության, իրավունք չուներ վերականգնվելու: Բայց երեւի օրենքի ընթերցման եւ հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն: Ոչ թե ԱԱԾ աշխատակիցները կամ քննիչները, այլ օրենքի ընթերցման հետ խնդիրներ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաեւ այսօրվա ԱԱԾ գործող տնօրենը: Որովհետեւ, եթե օրենքը կարդային մինչեւ վերջ, կհասկանային, որ օրենքի որեւէ խախտում տեղի չի ունեցել»,-մեկնաբանեց Արթուր Վանեցյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031