Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Շուշանյան․ Հարցաքննությունը պայմանավորված է Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գործունեությամբ

Հուլիս 31,2020 12:25

«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ոստիկանություն էին հրավիրել՝ հարցաքննության։

Հարցաքննությունից հետո նրա փաստաբան Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննիչը իրենց տեղեկացրել է, որ քրեական գործը հարուցվել է 168.am կայքում Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառման հրապարակման կապակցությամբ․ «Մայիս ամսին, երբ ընթացքում էր «Սասնա ծռերի» գործով դատավարությունը, կապված COVID-19 համաճարակի հետ պայմանավորված իրավիճակով, շատ դատական նիստեր տեղի չէին ունենում։ Այդ թվում՝ մի քանի անգամ մենք՝ պաշտպանության կողմն է միջնորդել, որ դատական նիստերը հետաձգվեն, որ մեր և այլոց առողջությունը վտանգի չենթարկենք։ Հերթական նման միջնորդությունը ներկայացվել էր մայիսի 20-ին նշանակված դատական նիստից առաջ, և մայիսի 20-ի դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացնում դատական նիստին չներկայացրած «Սասնա ծռեր» խմբավորման տղաներին բերման ենթարկելու մասին՝ պատճառաբանելով, որ նրանց չներկայանալը և միջնորդության մեջ նշված նրանց պատճառաբանությունները անհիմն են և այլն։ Ինչից հետո, եթե չեմ սխալվում, հաջորդ օրը՝ մայիսի 21-ին պարոն Սեֆիլյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որում նշել է, որ դատավոր Մակյանը և հանցավոր ռեժիմի մյուս գործիքները անպայման մի օր պատասխանատվության են ենթարկվելու։ 168.am կայքը պարոն Սեֆիլյանի այս գրառումը հրապարակել է, և 168.am կայքի այդ հրապարակումը հիմք ընդունելով՝ ոստիկանության կենտրոնական բաժինը որոշել է գործ հարուցել՝ դատավորին զրպարտելու հանցակազմ նախատեսող հոդվածով»։

Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ ոստիկանությունում հայտարարել են, որ վերահաստատում են իրենց մոտեցումը․ «Դա վերաբերվում է ոչ միայն դատավոր Մակյանին, այլև բոլոր այն դատավորներին, դատախազներին, քննիչներին, ոստիկաններին, որոնք անցած տարիների ընթացքում եղել են ժողովրդի իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ռեժիմների գործիք։ Եվ քաղաքական շարժառիթներով և քաղաքական նպատակներով ապօրինի քրեական հետապնդումներ են իրականացրել անմեղ մարդկանց նկատմամբ, և նրանք բոլորը մի օր կանգնելու են հայ ժողովրդի արդարադատության առաջ»։

Նրա խոսքով՝ հարցաքննությունը պայմանավորված է Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» համահայկական շարժման, Ազգային ժողովրդավարական բևեռի քաղաքական գործունեությամբ․ «Պարոն Սեֆիլյանը արտահայտել է իր կարծիքը՝ օգտվելով իր սահմանադրական իրավունքից։ Ես քննիչին նաև բանավոր փոխանցեցի, որ եթե հետագայում անհրաժեշտություն լինի, մենք առատ փաստական նյութ ունենք ոչ միայն դատավոր Մակյանի, այլև շատ այլ դատավորների, դատախազների, քննիչների քննած գործերի վերաբերյալ, որտեղ քաղաքական շարժառիթներով հետապնդման էլեմենտը և ապօրինի քրեական հետապնդման հանգամանքը հիմնավորում են։ Մենք ըստ անհրաժեշտության կորոշենք՝ երբ ներկայացնենք»։

Մուշեղ Շուշանյանը հավելեց, որ չնայած ծանուցագրի մեջ նշված էր, որ Ժիրայր Սեֆիլյանը հարցաքննվելու է որպես վկա, սակայն քննիչը տեղեկացրեց, որ կասկածի շուրջ է հարցաքննվում․ «Այսինքն՝ կա՛մ պարոն Սեֆիլյանին պետք է մեղադրանք առաջադրվի, և նախաքննությունը ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան, կա՛մ նախաքննության ընթացքում պետք է գան այն հետևության, որ այնուամենայնիվ, քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չկան, և քրեական գործը կարճեն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031