Ըստ էության, ունենք այն միտումը, որը դժվար չէր կանխատեսել, և հրապարակված ցուցանիշները հենց այդ մասին են վկայում: Այս տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ մեր կողմից արված կանխատեսումները, մեծ հաշվով, համընկնում են հրապարակված տվյալների հետ, «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Ստեղծված պայմաններում, հաշվի առնելով նաև հարկային մուտքերի նվազման փաստը, տնտեսագետը մի քանի խնդիր առանձնացրեց. «Նախ՝ կարևոր է ընդգծել, թե ինչպես ենք մոտենում հարկման բազային, այն բոլոր ոլորտներին, ենթաոլորտներին, որոնք հարկման ենթակա են: Թե ինչպես ենք վերաբերվում դրանց, դա նույնպես շատ կարևոր մշակույթ է: Այսինքն, տվյալ արտադրությանը, ծառայության ոլորտին, ձեռնարկությանը կամ անհատ ձեռներեցին նայում ենք որպես հարկ ստանալու աղբյո՞ւր, թե՞ դիտարկում ենք համագործակցության տրամաբանության մեջ՝ հարկման բազան ավելացնելու, նրանց հետ համատեղ տնտեսությունը զարգացնելու իմաստով: Սա մի հարց է, որը, իհարկե, բարելավումների զգալի տեղ ունի՝ հատկապես այս փուլում, երբ մենք բավականին լուրջ մարտահրավերներ ենք դիմագրավում: Երկրորդ բաղադրիչն այն է, թե ինչպես ենք օգտագործում այդ գումարները:
Չգիտեմ՝ ինչ հոմանիշ գտնել այն ոճին, որը կիրառվում է. ինձ հայտնի տեղեկություններով, հարկատուներից գանձվող հարկերի, տուրքերի քառորդ մասն անգամ բյուջե չի գնում՝ հատկապես նույն պարգևավճարների պատճառով: Այսինքն, իրականում ոչ միայն ճյուղն են կտրում, որի վրա նստած են, այլև արդեն սկսել են ուտել ծառի արմատները: Ցավոք, այստեղ ունենք բավականին լուրջ խնդիր. մարդիկ չեն հասկանում, որ այդ հաշված գումարները, որոնք, այնուամենայնիվ, հաջողվում է հավաքել հարկերի, տուրքերի և տարբեր վճարների տեսքով, չի կարելի տանել ու լցնել պետական ծառայողների գրպանները՝ ի լրումն իրենց աշխատավարձերի, որոնք իրենք պետք է վաստակեն: Բազմամիլիոն պարգևավճարների մասին բազմիցս է գրվել, խոսվել ու հիմա էլ է գրվում, խոսվում, բայց դա այդպես էլ որևէ կերպ որպես սթափության կոչ չի ընդունվում:
Կարծում եմ՝ բարոյականության լուրջ դեֆիցիտ կա: Այս պայմաններում պարգևավճարներ ստանալու պրակտիկան շարունակելը հենց այդ մասին է վկայում: Ես կողմ եմ պարգևավճարին, եթե այն մոտիվացնում է աշխատանքը, եթե այն ավելի արդյունավետ է դարձնում առանձին աշխատողների աշխատանքը:
Կարդացեք նաև
Բայց կտրականապես դեմ եմ նույնիսկ աշխատանքի չգնացողներին, բացարձակ անգործության մատնվածներին պարբերաբար պարգևավճարներ տալու պրակտիկային: Ես դա անբարոյականություն եմ համարում»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: