Երեկ մենք գրել էինք, որ ՊԵԿ նախագահի պաշտոնից անակնկալ հրաժարական տված Դավիթ Անանյանը բացել է բիզնես խորհրդատվական ընկերություն եւ ամբողջությամբ տեղափոխվել մասնավոր ոլորտ։ Թեպետ, ինչպես ինքն է վստահեցնում, ՊԵԿ-ից չի կտրվել, կապը պահում է գործընկերների հետ, այդ թվում՝ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի, եւ ուշի-ուշով հետեւում է իր հարազատ կառույցի աշխատանքին։ Անանյանի հետ հարցազրույցի առաջին մասը երեկ էինք ներկայացրել, որտեղ նա պատմում էր, թե իրեն ինչ հեղափոխական քայլեր է հաջողվել իրականացնել ՊԵԿ-ում։ Եվ ամենահեղափոխական քայլը, ըստ նրա, եղել է այն, որ հաջողվել է ՊԵԿ-ում մթնոլորտ փոխել։ «Երբ որ ամբողջ կոլեկտիվը եւ ամբողջ անձնակազմը կենտրոնանում է մեկ նպատակի շուրջ, այ, դա եղել է իմ, կարելի է ասել, հեղափոխական ներդրումը։ Մենք մարդկանց սովորեցրել ենք երազել եւ այդ երազանքները թղթին տալ»,- ասել էր Անանյանը։
Ներկայացնում ենք ՊԵԿ նախկին նախագահի հետ հարցազրույցի երկրորդ մասը։
– Եթե ամեն ինչ այդքան հրաշալի էր, պարոն Անանյան, ինչո՞ւ դիմում գրեցիք ու հեռացաք։
– Ասեմ, որ որեւէ հարց՝ մասնագիտական, պրոֆեսիոնալ դաշտում, մեր ասպարեզի հետ կապված որեւէ տարաձայնություն կառավարության ներսում, վարչապետի հետ բացարձակ չի եղել։ Ուղղակի այդ պահին եղել է նմանատիպ որոշում, որը կապված է եղել հայտնի բաների հետ։ Ես չեմ ուզում կրկնվել եւ ասեմ ավելին, որ այդ որոշումը նաեւ վարչապետի ու իմ անձնական փոխհարաբերությունների վրա որեւէ ազդեցություն չի ունեցել։
Կարդացեք նաև
– Հայտնի բաներ ասելով՝ նկատի ունեք այն, ինչ մամուլում գրվե՞ց, որ Արարատյան մաքսատան պետին ազատելու հետ էր կապված Ձեր հեռանալը։
– Էսպես ասեմ․ վարչապետի հանձնարարականը՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված պետական գերատեսչական մարմնի ներսում որոշակի կարգապահության պահպանման հետ, այդ հանձնարարականը պատշաճ ձեւով չէր կատարվել Արարատյան մաքսատանը։ Այսինքն՝ որոշակի խնդիրներ էին առաջացել։ Եվ մի հարցում ես ու վարչապետը եղել ենք միակարծիք։ Այսինքն, եթե ինչ-որ մի պահի չի կատարվել վարչապետի հանձնարարությունը, ապա պետք է ինչ-որ մի պատասխանատու անձ պատժվի։ Ուղղակի ես այդ անձի առումով ունեցել եմ իմ տեսակետը, վարչապետը՝ իր տեսակետը։ Այսինքն՝ իմ տեսակետով պիտի պատժվեր գերատեսչության ղեկավարը, իսկ վարչապետի կարծիքով՝ պետք է պատժվեր կոնկրետ էդ անձը, որը որ այդտեղ որոշակի պարտավորություններ ուներ։ Այս դեպքում ես ու վարչապետը նույն բանն ենք ցանկացել անել, վարչապետի հանձնարարությունը չկատարելու արդյունքում պետք է որեւէ մեկը՝ պետական պաշտոնյա, այդ մեղքը վերցներ իր վրա, եւ որպես կառույցի ղեկավար՝ ես եմ վերցրել այդ մեղքն ինձ վրա։ Այդտեղ որեւէ այլ բան փնտրելու կարիք չկա, ինքը շատ կոնկրետ, շատ հասարակ իրավիճակ է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: