Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հավաքների ամբողջական արգելքը տրամաբանական և հիմնավոր չէ. գոնե առ այսօր ամբողջական արգելքի հիմնավորում ես չեմ լսել». Դանիել Իոաննիսյան

Հուլիս 31,2020 11:00

«Պետք է սահմանափակումները վերանայվեն: Հավաքների բացարձակ, ամբողջական արգելքը ևս տրամաբանական և հիմնավոր չէ: Գոնե առ այսօր ամբողջական արգելքի հիմնավորում ես չեմ լսել»,- Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ անցկացվող «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա շեշտեց, որ սա ոչ միայն իր մոտեցումն է, այլ Հանրային խորհրդի:

Միևնույն ժամանակ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումները հիմնավոր և տրամաբանական են: Նա օրինակ բերեց ԲՀԿ հավաքը, որից օրեր անց եղավ հիվանդացության բռնկում հենց ԲՀԿ պատգամավորների շրջանում: Նա ասաց, որ Հանրային խորհուրդը որոշ առաջարկներ է ներկայացրել կառավարությանը: Այնուհետև մանրամասնեց. «Կարելի է թույլ տալ որոշ տեսակի հավաքները կամ հավաքները թույլ տալ ինչ-որ առումով: Հանրային խորհուրդն առաջարկել է ՀՀ կառավարությանը մինչև 30 անձի մասնակցությամբ խաղաղ հավաքները թույլ տալ: Ըստ այդ առաջարկի՝ անկախ դա ենթադրում է հավաքների մասին օրենքով, թե ոչ, պետք է տեղեկացնել ՀՀ ոստիկանությանը, պարտադիր պահանջ լինի նախապես տեղեկացնել ոստիկանությանը հավաքի մասին, հավաքի մասնակիցները լինեն հեռավորության վրա, կրեն դիմակներ, չպետք է խոչընդոտեն ճանապարհային երթևեկությանը, սահմանվի տևողությունը երեք ժամ»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս առիթով արձագանքեց. «Լեգիտիմ կլինեն պետության գործողությունները, եթե մենք սահմանենք կոնկրետ կանոններ, դրանց հետևենք: Հետագայում խախտումների դեպքում պետության համար ավելի հեշտ և լեգիտիմ են դառնում գործողությունները»:

Դանիել Իոաննիսյանը նաև նշեց, թե չի կարծում, որ ոստիկանության թիվը հավաքի վայրում համաչափության գնահատման չափորոշիչ է: Նա պարզաբանեց. «Ոստիկանությունը հավաքի վայրում այնքան թվով ուժեր է կենտրոնացնում, ինչքան կանխատեսվում է հավաքի մասնակիցների թիվը: Իհարկե, կարող է և սխալ կանխատեսվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031