Լրահոս
Օրվա լրահոսը

Կադրային քաղաքականությունն իրականացնելիս առաջին պլան է մղվել բացառապես հավատարմության գործոնը. «Հրապարակ»

Հուլիս 31,2020 10:42

Գործող իշխանությունների մոտ կադրային սով է։ Նախարարների ու մյուս թափուր մնացած պաշտոններն ամիսներով չեն համալրվում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հարմար թեկնածու գտնել։ Օրինակ՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականից հետո շուրջ երկու ամիս, իսկ նա աշխատանքից ազատվել է մայիսի 5-ին, այս պաշտոնը թափուր էր՝ չէին կարողանում պաշտոնին հարմար մարդ գտնել։ Երեկ վերջապես գտան՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ազատեցին մարզպետի պաշտոնից, որ նշանակեն շրջակա միջավայրի նախարար։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այնքան նեղն է ընկել, որ ստիպված Ռոմանոս Պետրոսյանին է նախարար նշանակում, որ դատարկ տեղը լրացվի։ Մինչդեռ դաշտում բավականին հաջող կադրեր կային այս ոլորտում, փորձառություն ունեցող, բայց Փաշինյանն ընտրեց իր հետ քայլած մեկին, որովհետեւ կադրային քաղաքականությունն իրականացնելիս առաջին պլան է մղվել բացառապես հավատարմության գործոնը, այլ ոչ թե մասնագիտական որակները։

Ի դեպ, Կոտայքի մարզպետը բազում խնդիրներ է ունեցել իր մարզում, հակասություններ ենթակաների ու համայնքապետերի հետ, բազմիցս հայտնվել է աղմկոտ պատմությունների մեջ եւ այլն, բայց, ըստ ամենայնի, իր ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, գոհ է նրա աշխատանքից, որ աշխատանքից հեռացնելու փոխարեն առաջ է քաշում։ Թե ինչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը բնապահպանության, շրջակա միջավայրի հետ, դժվար է ասել։ Ինքը՝ արդեն նախկին մարզպետը, երեկ կառավարության նիստից հետո, երբ հայտարարվեց իր նշանակման մասին, մեզ ասաց, որ ինչ-որ կապ, այնուամենայնիվ, ունի։ Փաստորեն, Փաշինյանի կառավարության կադրային սովից հիմա էլ կշտանալու հերթը Ռոմանոս Պետրոսյանինն է։

– Դուք շրջակա միջավայրի հետ, բնապահպանության հետ ի՞նչ առնչություն ունեք։

– Ես մասնագիտությամբ երկրաբան եմ, աշխատել եմ ընդերքօգտագործող ընկերություններից մեկում նաեւ, խոշոր հաշվով, ընդերքի եւ հանքարդյունաբերության, տնտեսական ցիկլի, այդ թվում՝ նաեւ բնապահպանական նորմերի առումով բավականին իրազեկված եմ եւ տիրապետում եմ այդ ընթացակարգերին։

– Մի քանի ամիս է՝ թափուր էր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, չկա՞ր այլ հարմար թեկնածու, որ Ձեզ ընտրեցին։

– Կառավարությունը՝ ինքը, նաեւ օրգանիզմ է, եւ այդ օրգանիզմը, բնականաբար, տրանսֆորմացվում է, շնչում է, փոփոխություններ են տեղի ունենում, ինչը նաեւ, իմ գնահատմամբ, բնական գործընթաց է փոխատեղումների, նոր հայացքով նոր ավյուն սրսկելու կոնկրետ ոլորտներում՝ կոնկրետ կառավարման նոր ձեւի ու մշակույթի փոփոխություններ բերելու առումով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031