Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկաբնակ հայազգի արտիստին զարմացրել է պանդեմիայի շրջանում հայաստանցի գործընկերներին կանոնավոր տրվող աշխատավարձը 

Հուլիս 31,2020 13:00

Հարցազրույց բալետի արտիստ, ԱՄՆ-ի Pennsylvania Ballet ակադեմիայի դասատու Արթուր Բաբաջանյանի հետ

– «Առավոտը» առաջին անգամ է հանդիպում ձեզ հետ, թեեւ եվրոպական թատրոններում հանդես եկող ձեր ընկերների՝ Արման Գրիգորյանի, Տիգրան Միքայելյանի, Վահե Մարտիրոսյանի, Արսեն Մեհրաբյանի եւ ձեր հիմնած «Հզոր զգացմունքներ» խմբի  բարձրարվեստ կատարումները 2007թ.-ից ծանոթ են հայաստանցի հանդիսատեսին։ Ձեր ընկերների հետ վարել ենք հարցազրույց, ձեզ հետ՝ ոչ, քանի որ ի տարբերություն նրանց, դուք այդպես էլ երբեւէ հանդես չեկաք որեւէ դերապարով Երեւանի օպերային թատրոնում։ Ընդամենը գիտենք, որ դուք դեռեւս Երեւանի պարարվեստի պետական քոլեջը չավարտած՝ մեկնեցիք Եվրոպա՝ ուսումը շարունակելու  եւ ըստ էության կարիերան սկսեցիք հենց այնտեղ, կոնկրետ՝ Շվեյցարիայում։

– Երեւանի պարարվեստի քոլեջում ուսանելու տարիներն էին, որ 16 տարեկանում՝ 2003թ., մասնակցեցի միանգամից երկու միջազգային մրցույթի՝ Սանկտ Պետերբուրգում Վագանովայի անվան եւ Շվեյցարիայում՝ Prix de Lausanne մրցույթներին։ Գիտեք, որ նման հեղինակավոր մրցույթները մեծ հետաքրքրություն են առաջացնում առաջին հերթին մասնագետների շրջանում։ Շվեյցարիայում կայացած մրցույթից անմիջապես հետո հրավեր ստացա ուսումս շարունակել Ցյուրիխի բալետի դպրոցում։ Ուսումնառությունից հետո 2004թ. ընդգրկվեցի «Ցյուրիխ-բալետում», որի գեղարվեստական ղեկավարն էր հանրահայտ Հայնց Շպյորլին։ Մինչեւ 2012թ. աշխատեցի տարբեր անվանի խորեոգրաֆների հետ, այդ թվում՝ Վիլյամ Ֆորսայթի, Մացեկի, Հայնց Վան Մանենի, Քիվիանի, Պոլ Լայթֆուդի եւ մյուսների հետ, հանդես գալով դասական եւ նեոկլասիկ բեմադրություններում։ Հենց այդ տարիներին էր, որ ընկերներիս հետ ստեղծեցինք «Հզոր զգացմունքները», որն, ի դեպ, հայ հանդիսատեսին ներկայացել է 2006թ.։ Ի դեպ, մինչ օրս գործում է մեր խումբը, շրջագայել ենք Եվրոպայի տարբեր քաղաքներում, վերջին անգամ՝ մինչ պանդեմիան, հանդես ենք եկել Ցյուրիխում։ Հավանաբար գիտեք, բայց կարծում եմ, որ «Հզոր զգացմունքները» բեմադրություններ իրականացնելիս հիմնականում դիմում էր հայկական երաժշտությանը՝ սկսած Կոմիտասից։ Բեմ ենք բարձրացել նաեւ հանրահայտ ջազմեն Տիգրան Համասյանի հետ եւ այլն։

– Հետաքրքիր է՝ ինչո՞ւ 2012-ին հեռացաք «Ցյուրիխ-բալետից»։

– Նախ՝ փոխվեց ղեկավարությունը, իսկ նորը նախընտրում էր մոդեռնը եւ, որ հասկանալի լինի լայն ընթերցողին, նշեմ, որ գերապատվություն էր տալիս մնջախաղային արվեստին… Բեմական գործունեությունս շարունակեցի Գերմանիայում՝ Էսսենի Alto Ballete թատրոնում։ Այստեղ երկու տարի աշխատեցի, պրեմիեր պարող էի ու հանդես եմ եկել համաշխարհային բալետային գրականության հայտնի գործերում, ինչպես նաեւ ժամանակակից խորեոգրաֆիայով իրականացված բեմադրություններում։ Աշխատել եմ Դեյվիդ Դոուսնեի հետ, հանդես եմ եկել նրա խորեոգրաֆիայով Ադանի «Ժիզել» նեոկլասիկ բեմադրության մեջ՝ Ալբերտի դերապարով։ Կուզեի առանձնացնել Մենդելսոնի երաժշտությամբ,  ըստ Շեքսպիրի՝ «Միջամառային գիշերվա երազ» բեմադրության մեջ Օբերոնի դերապարը (խորեոգրաֆ՝ Հ. Շպյորլի)։ Բախտ եմ ունեցել համագործակցել Gaga ոճի հիմնադիր, ազգությամբ հրեա խորեոգրաֆ Օհադ Նահարինի հետ։ 2014-ին տեղափոխվեցի ԱՄՆ, որտեղ հանդես եկա Չիկագոյի Joffrey բալետում մինչեւ 2018թ.։ Այդ թվականից մինչ օրս դասավանդում եմ ԱՄՆ-ի Pennsylvania Ballet ակադեմիայում։

– Կուզեինք իմանալ՝ որո՞նք են բալետարվեստի եվրոպական եւ ամերիկյան չափանիշները եւ ո՞րն է դրանց տարբերությունը։

– Գիտե՞ք, խոսքերով դժվար է տալ հարցի պատասխանը, բայց գուցե Չայկովսկու «Շչելկունչիկի» օրինակով կարողանամ բավարարել ձեր հետաքրքրությունը։ Տեսեք,  Joffrey բալետը բեմադրեց «Շչելկունչիկը», որը աննկարագրելի շքեղ բեմադրություն էր, ավելին՝ բալետարվեստը չնախընտրող հանդիսատեսի մոտ իսկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Բեմադրության վրա ծախսվել է 4 մլն դոլար։ Կրկնում եմ՝ աննկարագրելի շքեղ բեմադրություն։ Հիմա վերցնենք եվրոպական թատրոններում բեմադրված նույն «Շչելկունչիկը», դրանք նույնպես բարձրակարգ ու բարձրարվեստ բեմադրություններ են, բայց խստորեն պահպանված են դասական ոճի տրադիցիաները։

– Փաստորեն հեռացել եք բեմից։

– Դա այդքան էլ այդպես չէ։ Որոշ վնասվածքներից հետո ստիպված էի պայմանագիրս խզել Joffrey բալետի հետ, բայց դա չի նշանակում, թե ընդհանրապես հեռացել եմ բեմից։ Այս ամռանը նախատեսված էր «Հզոր զգացմունքների» ելույթները եվրոպական քաղաքներում, ես պետք է բեմ բարձրանայի ԱՄՆ-ում…, բայց գիտեք, պանդեմիա է։

– Կարելի՞ է ենթադրել, որ որոշեցիք պանդեմիայի շրջանը անցկացնել հայրենիքում։

– Այո, հենց այդպես։ Դպրոցները եւ ողջ մշակույթը ԱՄՆ-ում մնում է փակված։  Ես Հայաստանում եմ հունիսի 1-ից։

– Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջին շրջանում, կորոնավիրուսով պայմանավորված, հանդես է գալիս տարբեր հայտարարություններով, օրինակ՝ հենց օրերս կազմակերպությունը հաղորդագրություն տարածեց, հավաստիացնելով, թե աշխարհը գործ կունենա միայն մեկ ալիքի հետ։ Դրանից առաջ դարձյալ հավաստիացրել էր, թե կորոնավիրուսը դեռ մի քանի տասնամյակ կուղեկցի մարդկանց։ Իսկ, օրինակ, The guardia պարբերականը հայտարարել էր, որ Եվրոպան կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքին է պատրաստվում… Կորոնավիրուսյան թեմայով դուք կապի մեջ եք եվրոպացի եւ ամերիկացի ձեր գործընկերների հետ, նրա՞նք ինչ են ասում։

– Առայժմ թատրոններում փորձեր կամ փորձարկումներ են գնում, այսինքն՝ Եվրոպայում կան թատրոններ, որոնք ժամանակավոր են բացված։ Կարճ ասած՝ հարցի հստակ պատասխանը ոչ մեկը չի կարող տալ։ Նշեցի արդեն, որ Ամերիկայում մշակույթը կարծես փակվել է… Այդուհանդերձ, կարծում եմ, որ աշնանից այն կբացվի։

– Եվրոպական երկրները ֆինանսական աջակցություն են ցուցաբերում մշակույթին։ Գիտենք, որ ԱՄՆ-ն, ի տարբերություն աշխարհի այլ երկրների, ազատ ու անմասնակից վերաբերմունք ունի մշակույթի ոլորտի գործունեության նկատմամբ (նկատի ունենք ԱՄՆ պառլամենտը), այն գրեթե լիովին թողնելով շուկայական հարաբերությունների ընթացքին։ Մենք տեղեկացված ենք, որ համավարակի շրջանում ԱՄՆ-ն կոնկրետ արտիստներին ֆինանսական աջակցություն ցույց չի տալիս…

– Դա այդպես է։ Պարզապես դիմում ես գործազրկության կազմակերպություն եւ յուրաքանչյուր ամիս ստանում իքս գումար։ Այդ գումարը կախված է աշխատավարձի եւ վճարած հարկերի չափից։ Այս առիթով մի բան բարձրաձայնեմ, ինչը տեսա Հայաստանում: Փաստորեն, մեր երկիրը ունենալով բազմաթիվ խնդիրներ, արժեւորում է մշակույթի ոլորտը։ Հենց թեկուզ վերցնենք այն հանգամանքը, որ համավարակի շրջանում արտիստը կանոնավոր, առանց ընդհատումների ստանում է իր աշխատավարձը։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031