Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտը» չի պատրաստվում ինչ-որ մեկի փոխարեն «նստել»

Հուլիս 31,2020 13:30
dat

«Առավոտ» օրաթերթի այս տարվա փետրվարի 18-ի համարում անդրադարձել ենք Aravot.am կայքի` ամենօրյա մամուլի տեսություն խորագրի ներքո հատվածաբար տպագրված մի հրապարակման: Մամուլի տեսությունն ավարտվել էր հետեւյալ հղումով. «Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում»:

«Ալիկ Սարգսյանի եւ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի» «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը տպագրվել է 2018թ. հուլիսի 6-ին: Այս հրապարակմանն այլ լրատվամիջոցներ էլ են մամուլի տեսությամբ անդրադարձել, սակայն ստացվել է այնպես, որ հերքում են պահանջել ոչ թե սկզբնաղբյուր լրատվամիջոցից, այլ Aravot.am-ից՝ վճռի կատարումը հանձնարարելով ԴԱՀԿ-ին:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Բալյանը հղում էր կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին,  համաձայն որի՝ «Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով: Հերքումն իրականացվում է դրա պահանջն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ: Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձեւավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է»: Դատարանը որոշել է, որ թիվ ԱՎԴ/2082/02/18 վճռի կատարողական թերթով Վարդգես Հովակիմյանի կողմից հրապարակայնորեն ներողություն խնդրելը եւ հերքելը պետք է իրականացվի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համահունչ` լրատվության նույն միջոցում («Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայք, 1in.am էլեկտրոնային կայք, ArmLife.am էլեկտրոնային կայք), իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով, «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձեւավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը»: Դատարանն առանց լրատվամիջոցներին ներգրավելու, այդպես էլ չեն իմացել, որ  սկզբնաղբյուր լրատվամիջոցը «Առավոտը» չէ:

Սկզբնաղբյուր լրատվամիջոցում նշվում է. «Գործը հասավ դատարան, սակայն Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման վճիռ կայացրեց Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի նկատմամբ։ Վերջինս Ալիկ Սարգսյանին էր մեղադրում իր որդու հետ տարիներ առաջ տեղի ունեցած սկանդալային պատմության համար։ Վարդգես Հովակիմյանի որդուն ծեծի էին ենթարկել հարսանիքի ժամանակ մի աղջկա ծաղիկ նվիրելու համար, ավելի ուշ քրգործ էր հարուցվել, որտեղ մեղավոր էր հանդիսացել մարզպետի ծեծված որդին։ Հետագայում նախկին մարզպետի որդին գործով ի վերջո ճանաչվեց որպես տուժող»։

Այս հատվածն ուղարկվել էր մեր լրատվամիջոցին, իբրեւ վիրավորական արտահայտությունը հրապարակել ենք: Մինչդեռ,  մեր «մամուլի տեսություն» խորագրի ներքո նման մեջբերում չենք կատարել:

«Առավոտը» երբեք ներգրավված չի եղել այս դատական գործընթացին, եւ դատարանում մինչեւ վճիռ կայացնելը շոշափվել է մեր մասնագիտական, գործարար համբավին առնչվող հարցեր էլ: Ըստ դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի հրապարակած վճռի (որի մասին հարկադիրի կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մարզի դատարանի որոշումը ստանալուց հետո ենք տեղեկացվել), արձանագրվել է. «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայքը 06.07.2018թ.-ին տարածել է տեղեկատվություն, որը կարելի է գտնել հետեւյալ հղումով: Նշված տեղեկատվության մեջ, ի թիվս այլնի, բերված է պատասխանող Վարդգես Հովակիմյանի խոսքը. «Վ.Հովակիմյանը նշեց՝ 2008-ից սկսած, երբ նշանակվել է մարզպետ, այդ օրվանից Ա. Սարգսյանն իրեն խանգարել է՝ մինչեւ այս պահը: «Ալիկ Սարգսյանը թող գնա, Աբրահամյան Հովիկին ղուրբան ըլնի…»:

Ինչն է ուշագրավ. երեք լրատվամիջոցում տպագրվածի համար՝ Ալիկ Սարգսյանն ընդդեմ Վարդգես Հովակիմյանի՝ հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին, չի ներգրավվել ոչ մեր կայքը, ոչ 1in.am-ը, ոչ ArmLife.am-ը: Անգամ երրորդ անձ էլ չենք ճանաչվել:

Մեզ ուղարկվել էր նաեւ տվյալ քաղաքացիական գործով վճռի վրա տրված կատարողական թերթը պարզաբանելու մասին ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնի հարկադիր կատարող Ա. Ավետյանի դիմումը: Վճռի կատարողական թերթն ուղարկվել էր հարկադիր կատարման ծառայություն` կատարման: Պարտապան Վարդգես Հովակիմյանի ներկայացուցիչ, փաստաբանը հայտնել է, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության դիմումը կատարողական թերթը պարզաբանելու մասին բավարարվել չի կարող, քանի որ դա փաստացի հանգեցնելու է նոր վճիռ կայացնելուն:

Այս տարվա փետրվարին դիմել ենք ԴԱՀԿ ծառայությանը, դատարանին, առարկելով, որ ԶԼՄ օրենքում չկա մի հոդված, որով գործընկերային հարաբերության մեջ գտնվող լրատվամիջոցի դեմ պարտապանի հաշվին կարող են հերքում տպագրել:

Փետրվարին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Բալյանին ուղարկված նամակը, որով խնդրել էինք լրացուցիչ վճիռ կայացնել, եւ պատասխանատվության իրավահաջորդ ճանաչել սկզբնաղբյուր  լրատվամիջոցին, անարձագանք չի մնացել: Հուլիսի  24-ին «Առավոտ օրաթերթ»  ՍՊԸ-ն ստացել է դատավոր Գ. Բալյանի գրությունը, «Հայփոստի» կնքված ծրարի վրա թվագրված է հուլիսի 22:

«Առավոտ օրաթերթ»  ՍՊԸ-ի տնօրեն Գ. Մելքոնյանին ուղարկված  ԴԴ24 /Ե 1017/20 գրությամբ դատարանը հայտնում է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն

1.Վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կայացնում է լրացուցիչ վճիռ, եթե`

1) վճռի պատճառաբանական մասում որեւէ պահանջի անդրադառնալով` վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը.

2) լուծելով իրավունքի մասին հարցը՝ չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել գործին մասնակցող անձը.

3) չի լուծել կամ թերի է լուծել դատական ծախսերի հարցը.

4) չի լուծել հայցի ապահովման միջոցները վերացնելու հարցը:

2.Լրացուցիչ վճիռը դատարանի նախաձեռնությամբ կարող է կայացվել, իսկ դրա վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացվել մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռներով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»:

Վերը նշվածից հետեւում է, որ դատարանը լրացուցիչ վճիռ կայացնում է գործին մասնակցող անձանց միջնորդությամբ, եւ միջնորդությունը կարող է ներկայացվել մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը: «Թիվ ԱՎԴ /2082/02/18 քաղաքացիական գործով «Առավոտ օրաթերթ»  ՍՊԸ-ն չի հանդիսացել գործին մասնակցող անձ, հետեւաբար, Ձեր դիմումը քննության առարկա չի դարձվել»: Եթե չենք հանդիսացել, ինչ է քննարկվում մեզ հետ հիմա, ինչու է ուղարկվում այլ քաղգործով ԴԱՀԿ-ի կատարողականը մեզ, վճիռը մեզ, իրենց անձնական, դատավարական պատմություն-տեղեկություններով:

«Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ն չի պատրաստվում ինչ-որ մեկի փոխարեն «նստել» (բարեբախտություն է, որ քաղգործ էր, քրեական չէր), կրել պատասխանատվություն, որի հասցեատերը մենք չենք: Այս գործով բարի կամք կարող են դրսեւորել կողմերը, լրացուցիչ վճռի համար դիմել դատարան, եթե, իհարկե, մեր լրատվամիջոցին հանիրավի ներգրավելով այլ խնդիր չեն դրել իրենց առաջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031