Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական աննախադեպ ակտիվություն՝ Հայաստանի սահմանների հարցով

Հուլիս 31,2020 12:00

Թուրքական կողմը պնդում է, թե Պուտինն ու Էրդողանը «պայմանավորվել են»

Օրերս թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ, որի ընթացքում նրանք քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Պուտինն ընդգծել է, որ անհրաժեշտ է թույլ չտալ գործողություններ, որոնք կնպաստեն լարվածության էսկալացիային: «Երկու կողմերը շահագրգռվածություն են հայտնել կոնֆլիկտային իրավիճակը լուծել բացառապես խաղաղ միջոցներով, բանակցային ճանապարհով: Բացի այդ, կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը՝ տարածաշրջանը կայունացնելու համար: Պուտինն ու Էրդողանն ընդգծել են՝ ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումն այլընտրանք չունի եւ պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ ի շահ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների», ասվում էր հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցից մեկ օր անց Թուրքիայի նախագահի խոսնակը մանրամասներ ներկայացրեց Էրդողանի ու Պուտինի զրույցից: Ըստ Իբրահիմ Քալընի՝ Էրդողանը Պուտինից խնդրել է օգտագործել Հայաստանի հետ իր հարաբերությունները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Հերթական անգամ անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին՝ Քալընը հավելել է. «Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքը որտեղից էլ որ լինի, լինի Հայաստանի կողմից, թե Ռուսաստանի, միեւնույն է՝ Թուրքիան կշարունակի Ադրբեջանի կողքին լինել։ Սակայն սա չի նշանակում՝ փակել դիվանագիտության դռները, այլ ճիշտ հակառակը։ Երեկ մեր նախագահի հեռախոսազրույցի պատճառն ու առանձնահատկությունը հենց դա էր։ Կարող եմ ասել, որ Պուտինի հետ զրույցում բավականին լավ արդյունք ենք արձանագրել»։ Թուրքիայի նախագահի խոսնակը նաեւ նշել է, որ կողմերը համաձայնության են եկել՝ լարվածությունը թուլացնելու համար համատեղ քայլեր ձեռնարկելու, կողմերին անհրաժեշտ առաջարկները անելու եւ վայրկյան առաջ բանակցությունները վերսկսելու շուրջ. «Աստված տա, մոտակա օրերին այս համաձայնության արդյունքները տեսնենք»։

Վերջին շաբաթներին Ռուսաստանն ակտիվորեն ներգրավել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մեղմացման գործընթացին: Ռուսաստանը ցույց է տալիս, թե որքան է կարեւորում այս տարածաշրջանում կայունության պահպանումը:

Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Նրանք քննարկել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաեւ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական եւ բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականները եւ նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաեւ համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետեւել, վերլուծել եւ պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման, նշված էր ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: Իր հերթին դեսպան Կոպիրկինը վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները:

Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն արձանագրել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների եւ բանակցություններին մասնակցող երկրների շահերից. «Եթե անդրադառնանք ԼՂ-ում իրավիճակին, մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ այն պետությունները, որոնք մտահոգված են այդ տարածաշրջանում կայունության հաստատմամբ եւ ամրապնդմամբ, պետք է հայտարարություններ անեն, խրախուսեն կողմերին խաղաղություն հաստատելու, կրակը դադարեցնելու ուղղությամբ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել»: Գրուշկոն հստակ ընդգծել էր Մոսկվայի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում մշակված պայմանավորվածությունները պետք է մնան բանակցային սեղանին. «Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի առաջին հերթին ՌԴ-ի հսկայական ջանքերով ձեռքբերված առաջընթացի նահանջին, քանի որ այն մերձեցրել է հակամարտության կարգավորման հեռանկարները»:

Մոսկվան անթաքույց պնդում է, որ բանակցությունները պետք է շարունակվեն, իսկ նախկին պայմանավորվածությունները պետք է պահպանվեն: Ավելին՝ անցյալ շաբաթ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան նույնիսկ ակնարկեց, թե Երեւանն ու Բաքուն տարբեր նախաձեռնություններ են ներկայացնում` բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ: «Ակնկալում ենք, որ երբ կվերացվեն միջազգային չվերթների արգելանքները, հնարավորություն կստեղծվի առարկայական մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ողջ շրջանակը», – ասել էր Զախարովան:

Հուլիսի 12-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո Մոսկվան հստակ հասկացնել տվեց, որ տարածաշրջանի պետությունները պետք է զսպվածություն ցուցաբերեն, այլ ոչ թե հակառակը: Անցյալ շաբաթ Ռուսաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Մոսկվան ընդգծել է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում հավասարակշիռ մոտեցում որդեգրելու եւ կողմերի վրա զսպող ազդեցություն թողնելու կարեւորությունը` իրավիճակի հետագա սրացումը կանխելու, սահմանի անվտանգությունը երաշխավորելու եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ջանքերը ակտիվացնելու համար: Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն պայմանավորվել էին զարգացնել Մոսկվայի եւ Անկարայի փոխգործակցությունը` ի շահ տարածաշրջանի կայունացման: Այլ մանրամասներ չէին հաղորդվում:

Պաշտոնական Երեւանը տարբեր մակարդակներով արդեն մի քանի անգամ քննադատելով պաշտոնական Անկարայի կեցվածքը՝ դատապարտել է պաշտոնական Անկարայի հայտարարությունները՝ շեշտելով, մասնավորապես, որ Թուրքիան իր մոտեցումներով՝ «հանդիսանում է Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը»:

Նկատենք, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում արդեն երկրորդ անգամ քննարկվեց հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Պուտինն ընդգծել էր, որ այն շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար։ «Անդրադարձ է եղել Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանին ու Ադրբեջանին՝ այդ երկրների սահմանին շարունակվող լարվածության լույսի ներքո», -հայտնել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այսպես, Մոսկվան հանդես է գալիս միջնորդական առաքելությամբ՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Մյուս կողմից՝ Ռուսաստանը ձգտում է զսպել Թուրքիայի անթաքույց ակտիվությունը Հայաստանի սահմաններին: Ըստ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակի՝ Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել, որ լարվածությունը պետք է թուլացվի եւ կողմերն անհապաղ պետք է շարունակեն բանակցությունները:

Մնում է ենթադրել, որ թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունները, որոնք արդեն իսկ մեկնարկել են՝ Հայաստանի վրա հոգեբանական ազդեցություն թողնելու միջոցառումներ են:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 30.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031