Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Սահմանադրական դատարանից։
Մեր տեղեկություններով, սակայն ո՛չ Հրայր Թովմասյանը, և ո՛չ էլ Արևիկ Պետրոսյանը մինչ այս պահը չեն վերադարձել արձակուրդից, ավելին, հայտնի չէ՝ նրանք ստացե՞լ են Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը, թե՞ ոչ։ ՍԴ–ից, միաժամանակ, մեզ տեղեկացրին, որ Հրայր Թովմասյանը իր արձակուրդը երկարաձգելու վերաբերյալ որևէ գրություն չի ներկայացրել Սահմանադրական դատարան: NEWS.am–ը փորձեց կապ հաստատել Սահմանադրական վիճահարույց փոփոխությունների արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից զրկված Հրայր Թովմասյանի հետ՝ պարզելու, արդյոք նա պատրաստվում է ընդհատել արձակուրդը և հետ վերադառնալ, սակայն արձակուրդ գնալուց ի վեր նրա հեռախոսահամարն անհասանելի է։
Նշենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով էին արձակուրդ գնացել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում