ԱՄՆ արձագանքում է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ու ընդդիմախոսների ձերբակալություններին, որոնք համընկան հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետ:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ բռնություններից և հարգել հիմնարար ազատությունները: ԱՄՆ արտաքին գերատեսչությունն արձագանքել է վերջին շրջանում ահազանգող հաղորդումներին, ըստ որի, Ադրբեջանում իշխանությունները ձերբակալում և բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին: Բռնության այս ալիքը հաջորդեց հայ-ադրբեջանական սահմանային բախումներին: Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին պատշաճ հետաքննել ոստիկանության բռնությունների և բռնաճնշումների մասին հաղորդումները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը անդրադարձել էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին: Պետքարտուղարության հրապարակած Քովիդ 19-ի համավարակի օրերին ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի շուրջ անդրադարձում ասված է, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալում ու բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և կառավարության ընդդիմախոսներին, որոնցից մեկն, ըստ պետքարտուղարության, անգամ հայտնվել է հոգեբուժարանում: ԱՄՆ-ը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ Քովիդ-19-ի դեմ պայքարի քողի ներքո ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը կամ հանրության այլ խմբերին լռեցնելուց:
ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Հոգլանդի կարծիքով նման բռնաճնշումները ցավոք սովորական են հետխորհրդային տարածքում: Ըստ դեսպանի՝ հաճախ այս երկրների առաջնորդները օգտագործում են ընթացող միջազգային զարգացումները ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու համար:
Կարդացեք նաև
Իր հերթին Ադրբեջանի վերջին այս զարգացումներին անդրադարձել է նաև «Վաշինգտոն Փոստ» պարբերականի խմբագրականը «Ադրբեջանի նախագահը մտադիր է կազմաքանդել իր քաղաքական ընդդիմությունը» վերնագրով: Պարբերականը նշում է, որ նախագահ Ալիևի՝ երկաթե բռունցքի օգտագործումը իր ընդդիմախոսներին ոչնչացնելու համար հակասում է ժողովրդավարության սկզբունքներին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում