Վայոց ձորում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու գործով վկա Լեւոն Հարությունյանի հետաքննական ցուցմունքը գործով մեղադրյալ Հարութ Գրիգորյանի պաշտպանի խոսքով շատ տարբեր է նախաքննական ցուցմունքից:
«Այս անձնավորությունը այն սպան է, որը նույնպես եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, համազգեստով ու ականատես է եղել կատարվածին: Նա սկզբնական շրջանում իրավապահներին բացատրություններ էր ներկայացնում ՝պատմելով ինչ-որ չափով իրականությունը, մասնավորապես, որ Հարութից բացի որևէ մեկը դեպքի վայրում փոխգնդապետի հետ կոնֆլիկտ չի ունեցել: Հետագայում սկսեց հայտնել ակնհայտ կեղծ տեղեկություններ քննչական մարմնին, թե իբր Հարութի ընկերները նույնպես հարվածել են, հարվածողների թվում է եղել Զավենը, հարվածել են նաև իրեն, հայտնել է նաեւ, թե իբր այնտեղ տեսել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին և մի շարք գործով հերքված այլ փաստեր:
Ի դեպ, գործում առկա գաղտնալսումներից պարզվել է նաև, որ առերևույթ նա է հանդիսանում կատարված սուտ մատնության կազմակերպիչը և մնացած 3 վկաները իրենց ցուցմունքները գրեթե միշտ համաձայնեցրել են նրա հետ: Սուտ մատնության գլխավոր շարժառիթը դեռ քննությամբ կպարզվի, սակայն չի բացառվում, որ այն հանդիսացել է Արա Մխիթարյանի հարազատների մոտ «հերոսի» տպավորություն թողնելու և իր հետ համատեղ խնջույքին մասնակցած ընկերոջը կոնֆլիկտից զերծ պահելու անկարողության արդարացման ձգտումը»,- Aravot.am-ին ասաց Գրիգորյանի փաստաբան Լեւոն Սահակյանը:
Ըստ նրա՝ Լեւոն Հարությունյանի ցուցմունքների պատճառով նաև բացարձակապես անմեղ Զավեն Գրիգորյանը մոտ 5 ամիս անցկացրեց անազատության մեջ. «Վկայի բացատրությունը, որը դուք կարդացել եք, սուտ մատնության մասին վկայող առկա փաստերի 3% -ը նույնիսկ չի կազմում: Դրա մասին 100%-ով գիտեն նաև իրավապահները, սակայն դեռ չեն դադարեցրել Զավենի նկատմամբ քրեական հետապնդումը ու գործ չեն հարուցում սուտ մատնության հատկանիշներով: Այս իմաստով, ես պահանջում եմ, որ օր առաջ իրավապահները ցուցաբերեն գոնե մի փոքր վճռականություն: Չէ, որ նրանք շատ «վճռական» էին Զավեն Գրիգորյանին ձերբակալելիս: Իսկ եթե ոչ՝ ես հրավիրում եմ իմ կողմից շատ հարգված ՀՀ գլխավոր դատախազին դատարան անձամբ պաշտպանելու մեղադրանքը, ու եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Զավենը մեղավոր ճանաչվեց, պաշտոնապես հայտարարում եմ՝ ես կհրաժարվեմ փաստաբանի իմ արտոնագրից»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ