Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվեց «Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթ-2020» մրցանակաբաշխության վիրտուալ արարողությունը

Հուլիս 30,2020 22:44

Հուլիսի 30-ին անցկացվեց «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020» մրցանակաբաշխության վիրտուալ արարողությունը: Արարողությանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության / համագործակցության բաժնի ղեկավար Անդրեա Բաջիոլին, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) աշխատանքային խմբի հաղորդակցության պատասխանատու Տատյանա Դերեվյանկինան, Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ազգային համակարգող և աջակից կազմակերպությունների, ինչպես նաև Դաշնագրին անդամակցող ՀՀ համայնքների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջունեցին Անդրեա Բաջիոլին, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Դաշնագիր ազգային համակարգող և աջակից կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանում Ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների և Ծրագրի կողմից կազմակերպված միջոցառումները:

Միջոցառման ընթացքում հայտարարվեցին Ծրագրի կողմից «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում Հայաստանում կազմակերպված 4 վիրտուալ մրցույթների 12 հաղթողները, ինչպես նաև համայնքներում վիրտուալ միջոցառումների առավել ակտիվ կազմակերպիչները:

«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ն այս տարի անցկացվեց հունիսի 22-26-ը: COVID-19 պանդեմիայի պատճառով «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով շաբաթն այս տարի կազմակերպվեց վիրտուալ եղանակով:

Իհարկե, այս հանգամանքը որոշակիորեն սահմանափակեց շաբաթվա ընթացքում կազմակերպվող միջոցառումների ձևաչափը, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռեց հանրության իրազեկման և հանրային միջոցառումների ու մրցույթների նորարարական (թվային) մոտեցումների կիրառման համար:

Վիրտուալ ձևաչափով ԵՄ կայուն էներգիայի օրեր կազմակերպվեցին Հայաստանի 15 համայնքներում, որոնցից տասներեքը Դաշնագրի անդամներ են, իսկ երկուսը նախատեսում են միանալ նախաձեռնությանը:

Հայաստանում կազմակերպվեցին 28 կայուն էներգիայի օրեր՝ նկարչական, լուսանկարչական, տեսանյութերի, էսսեների մրցույթներ, վեբինարներ, առցանց վիկտորինաներ, նկարահանվեցին էներգախնայողության և կայուն զարգացման մասին հոլովակներ:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրին անդամակցում են Հայաստանի 26 համայնքներ:

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ (ԵՄԿԷՇ) նախաձեռնությունը մեկնարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2006 թվականին: Այդ նախաձեռնության ընթացքում աշխարհի 60 երկրներում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող ավելի քան 10.000 համայնքներ կազմակերպում են Էներգիայի օրեր, որոնց նպատակն է համայնքների բնակչության և շահառուների իրազեկումը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, կանաչ զարգացման, և կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության մասին: Սովորաբար, միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են աշխատաժողովներ, ցուցահանդեսներ, պարային հանդեսներ, նկարչական մրցույթներ, բաց դռների օրեր և այլն:

Հայաստանի համայնքների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031