Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը «Իլհամ Ալիևը մտադիր է քաղաքական ընդդիմության վերջը տալ» վերտառությամբ ծավալուն հոդված է հրապարկել՝ սուր քննադատության ենթարկելով Ադրբեջանի նախագահին: Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև հայ-ադրբեջանական սահմանային վեջին լարվածությանը:
«Իլհամ Ալիևն ափերից դուրս է եկել»,-գրում է հոդվածագիրը և հավելում, որ Ադրբեջանի նախագահը երբեք էլ բարյացակամ չի եղել անկախ մամուլի և այլախոհների նկատմամբ: Պարբերականը նաև փաստում է, որ Ադրբեջանում փետրվարին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդները արձանագրել են քաղաքական մրցակցության բացակայություն, իսկ այժմ էլ կորոնավիրուսի համավարակի, նավթի գների անկման, Հայաստանի հետ լարվածության ֆոնին՝ Ալիև հանկարծակի բացահայտել է թշնամական «հինգերորդ շարասյունը»՝ ի դեմս ընդդիմության:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությանը և դրան հաջորդած բախումներին՝ հոդվածագիրը գրում է, որ այդ ընթացքում Բաքվում տեղի են ունեցել ցույցեր, որոնք Ալիևն օգտագործել է «հինգերորդ շարասյանը» հետապնդելու և ճնշելու համար: «Ալիևը թիրախավորեց ընդդիմադիրներին՝ հայտարարելով, թե «պետք է վերջ դնել հինգերորդ շարասյանը», խոստացավ գնալ կուսակցության «կեղտոտ ու կոռումպացված առաջնորդների, վախկոտների ու դասալիքների հետևից»: The Washington Post-ի տվյալներով ՝այդ օրերին Ալիևի վարչակազմը ազատազրկել է առնվազն 120 մարդու, որոնց թվում են ընդդիմադիր կուսակցության առաջնորդներ ու լրագրողներ:
Հոդվածագիրը հիշեցնում է նաև, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն Ադրբեջանին կոչ էր արել համավարակը չօգտագործել որպես պատրվակ՝ ընդդիմադիր ձայներն ու հանրային քննարկումները լռեցնելու համար: Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցրել էր ռասայական խտրականության դեմ ամերիկյան ցույցերն ու հայտարարել` «այս իրավիճակում մենք չենք հասկանում` ում համար և ինչու է ԱՄՆ Պետդեպարտամենտն անհանգստանում»:
Կարդացեք նաև
«Թույլ տվեք բացատրել. Միացյալ Նահանգներում ցույցերը կենարար ուժ են տալիս ժողովրդավարությանը, որը ունի խնդիրներ, բայց երաշխավորում է խոսքի և հավաքների ազատության, այդ թվում` նախագահին քննադատելու իրավունքը: Ալիևի՝ երկաթյա բռունցքով ընդդիմախոսներին ոչնչացնելու քաղաքականությունը, հակասում է ժողովրդավարությանը, և հենց այդ պատճառով էլ այս անզուսպ բռնապետի գործողությունները պետք է մտահոգեն յուրաքանչյուրին», – եզրափակել է հոդվածագիրը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ