«Երբ առաջնորդում են երիտասարդները» թեմայով Aurora Dialogues առցանց քննարկմանը «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը մտահոգություն հայտնեց, որ աշխարհում իրականում չկա սերունդների համաչափություն՝ ներգրավվածության և ազդեցության առումով:
Խոսելով երիտասարդների դերի և նրանց հնարավորությունների՝ պետությունների կառավարությունների կողմից գիտակցման մասին՝ նա ասաց. «Իրականում կա այն գիտակցությունը, որ պետք է հնարավորություններ ու ձայն տալ երիտասարդներին, սակայն պետությունները դա դեռ բավարար չափով չեն կատարում ու շեշտեց. «Մենք պետք է լսենք երիտասարդների ձայնը: COVID-ը մի հայելի էր, որը մեզ ցույց տվեց, որ դեռ կան շատ անարդարություններ, որոնք խորապես զգում են հասարակության տարբեր խմբեր: COVID-19-ը միևնույն ժամանակ ցույց տվեց, որ երիտասարդությունն ավելի մոտիվացված է, և կարևոր է, որ նրանք ստանան կառավարությունների կողմից աջակցություն իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն հայտարարեց՝ պետք է նախ խոսել հանրային քաղաքականության մասին, մանավանդ այս համավարակի համատեքստում: Նա նշեց. «Իրավիճակը բարդ է: Կան երկրներ, որոնք ավելի պատրաստ էին դիմակայել համավարակին, դրա առաջ բերած մարտահրավերներին, բայց խնդիրն այն է, որ ընդհանուր առմամբ համավարակը լուրջ մարտահրավեր է հանրային առողջության հարցում: Պետք է ընդունենք, որ ոչ բոլոր երկրներն էին պատրաստ դիմակայել այս մարտահրավերները: Ամենամեծ խնդիրն այն էր, որ միջազգային մակարդակով չկար համագործակցություն և կոորդինացիա: Յուրաքանչյուր երկիր անհատապես էր գործում համավարակի պայքարի դեմ: Եվ մենք տեսանք, որ երիտասարդները մեծապես տուժեցին,քանի որ նրանից շատերն, օրինակ, զրկվեցին կրթություն ստանալու իրավունքից, հնարավորություններից, հեռանկարից: Սա COVID-19-ի այն դասն է, որ պետք է մարդիկ քաղեն, որ ավելի շատ ուրիշների մասին պիտի մտածել, քան իրենց»:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնեկիր, լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան Լեյմա Գբովեն մտահոգիչ համարեց այն, որ ըստ էության շատ բան մնում է հռչակագրային հարթությունում, այդպես էլ դուրս չի գալիս ռազմավարությունների մակարդակից. «Օրինակ, երբ խոսքը փոքրամասնությունների մասին է, խոսակցություններ շատ կան, բոլորը պատրաստակամություն են հայտնում աջակցել, բայց ինչպես տեսանք այս օրերին, ռազմավարությունները երբեք գործողությունների չվերածվեցին: Մտահոգությունս այն է, որ աշխարհում շատ է եսասիրությունն ու կոռուպցիան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ