Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Մակունցը՝ ծառայողական մեքենաների ու պարգեւավճարների մասին. «Մենք երբեք չենք թաքցրել՝ պետական աշխատողների առումով պետք է ապահովենք բարձր աշխատավարձ»

Հուլիս 30,2020 21:55

Չնայած ԱԺ-ն բավականաչափ կրճատել է վառելիքի ծախսը, որը հատկացվում է բյուջեով, այնուամենայնիվ, ծառայողական մեքենաների հարցը շարունակում է մնալ խնդրահարույց, քանի որ մինչեւ իշխանություն գալը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ պահանջատեր էր այս հարցում:

Aravot.am-ն այս առնչությամբ զրուցեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

– Տիկին Մակունց, ձեզ կցված է ծառայողական մեքենա, ձեր գործունեության մեջ ինչքանո՞վ է անհրաժեշտ օգտվել այդ մեքենայից:

– Նախ ուզում եմ հիշեցնել, որ թե՛ օրենսդիրում, թե՛ կառավարությունում ծառայողական մեքենաների կրճատում եղել է եւ այդ մասին ԱԺ նախագահը անդրադարձավ: Ինչ վերաբերում է նպատակահարմարությանը, թե ինչ փուլերով դրանք պետք է կրճատվեն, ԱԺ նախագահն անդրադարձել է դրանն նույնպես եւ ես ավելացնելու բան չունեմ:

– Բայց ձեր գործունեության ժամանակ անհրաժեշտություն առաջանո՞ւմ է ծառայողական մեքենայից օգտվել: Հաշվի առնելով, որ ձեր աշխատավարձը բարձր է, ենթադրվում է, որ այդ բարձր աշխատավարձից ի վիճակի կլինեք ե՛ւ աշխատանքի գալ, ե՛ւ որոշակի ծառայություններ մատուցելու ժամանակ օգտվել մեքենայից: Բացի այդ, ԱԺ աշխատակազմն ունի հերթապահ մեքենաներ՝ 9 հատ եւ հույժ անհրաժեշտության դեպքում պատգամավորը կարող է այդ մեքենան վերցնել եւ օգտագործել, ուրեմն ի՞նչ կարիք կա ծախսն ուռճացնելու:

– Ծախսերի նպատակահարմարությունը պետք է որոշի ԱԺ աշխատակազմը: Իսկ անհրաժեշտություն, իհարկե, լինում է եւ ծառայողական ավտոմեքենան սպասարկում է նաեւ խմբակցությանը: Անհրաժեշտության դեպքում, երբ խմբակցության պատգամավորներին կարիք է լինում հատկապես մարզային այցելություններ անել, կամ որեւէ այլ աշխատանքային հանդիպում է լինում, ապա այդ մեքենան ծառայում է նաեւ այդ նպատակով: Դա համարվում է նաեւ խմբակցությանը սպասարկող ծառայողական մեքենա:

-Այդ դեպքում, եթե խմբակցության ղեկավարին կցված մեքենաները ծառայում են ողջ խմբակցության պատգամավորների համար, ապա հերթապահ մեքենաներն ինչի՞ համար են:

-Ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցերին: Աշխատակազմը եւ ԱԺ նախագահը ինչպես կորոշեն, այդպես էլ առաջ կշարժվենք, բայց, կարծում եմ, ԱԺ նախագահը կարեւոր շեշտադրումներ արեց նաեւ ինստիտուտների հավասարակշռման, հակակշիռների առումով եւ այդ դաշտում էլ պետք է դիտարկել՝ հաշվի առնելով խորհրդարանի կարեւոր դերը: Բայց, իհարկե, դա կապ չունի ծառայողական մեքենաների հետ:

-Ճիշտ եք, տիկին Մակունց, բայց իշխանությունը ե՛ւ օրենսդիրում, ե՛ւ գործադիրում ձեր ձեռքում է, դա պետք է միասին անեք, թե չէ անընդհատ ընդգծել, որ հավասարակշռված պիտի լինի մեր աշխատավարձի առումով, պարգեւավճարի առումով, չե՞ք կարծում, որ դա արդարացում չի կարող լինել:

-Շնորհակալություն հարցադրումների համար, այդ հարցն իմ դաշտում չէ:

-Պարգեւավճարների հետ կապված, գիտեք, որ այս հարցը շատ ցավոտ է ընկալում հանրությունը, ու ինչքան էլ շարքային պատգամավորները բացատրում են, որ դա իրենց աշխատավարձի վրա մոտ 140 հազար դրամի տարբերություն է տալիս ամսական…

-Խմբակցության ղեկավարները ստանում են նույնքան աշխատավարձ ամսական, որքան այսպես ասած բոլոր պատգամավորները, չի տարբերվում: Հանձնաժողովի նախագահը եւ տեղակալը հիմա շատ ավելի բարձր են ստանում, քան խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Մենք ստանում ենք այնքան աշխատավարձ, որքան մյուս պատգամավորները՝ հավասար:

-Միեւնույն է, պարգեւավճարի հարցը շատ ցավոտ է տանում հանրությունը, ասում են՝ այս նեղ իրադրության ժամանակ ի՞նչ կարիք կա պարգեւավճար տալ: Իսկ ինչո՞ւ չեք նախաձեռնում, որ պարգեւավճարը դառնա աշխատավարձի մաս, համաձայնեք, որ շատ խնդրահարույց է, երբ մեկը ոչ մի բան չի անում ու ամեն ամիս պարգեւավճար է ստանում ու մեկը, որ լայն գործունեություն է ծավալում՝ նույնքան է ստանում:

-Նախ, եթե թույլ տաք, ես ուղղակի հիշեցնեմ, որ առնվազն ԱԺ-ի առումով, երբ պարգեւավճար ստանում են, ստանում են բոլոր աշխատակիցները, ոչ միայն պատգամավորները, այլ նաեւ վարչական աշխատանք կատարողները, անխտիր բոլորը: Երկրորդը՝ մենք երբեք չենք թաքցրել, որ գտնում ենք՝ պետական ապարատում աշխատողների առումով մենք պետք է ապահովենք բարձր աշխատավարձ: Սա պետք է բոլորս մեզ համար ֆիքսենք, եթե չենք ուզում…ընդհանրապես բացառելու համար կողմնակի ազդեցություններ եւ այլն, սա անհրաժեշտ է պետական համակարգում աշխատողների համար: Իսկ ինչ վերաբերում է պարգեւավճարների բաշխման, պարգեւատրումների տրամադրման սկզբունքին, որոշ ժամանակ առաջ, եթե չեմ սխալվում, կառավարությունը քննարկում էր, թե ինչպիսի սկզբունքով պետք է պարգեւավճար տրամադրեն ու աշխատում են նախագծի ուղղությամբ: Հուսամ, այդ նախագիծը առաջիկայում հնարավոր կլինի ի մի բերել, որովհետեւ պետք է լինի սանդղակ, թե ինչ սկզբունքով են չափում մարդու աշխատանքի որակը, արդյունավետությունը և, ըստ այդմ, որոշում կայացվի պարգեւավճարի հետ կապված: Այս պահին նման նախագիծ դեռեւս չկա, հետեւաբար  սահմանադրական մարմիններից յուրաքանչյուրը եւ ընդհանրապես պետական գերատեսչություններից յուրաքանչյուրն իրենց իրավասությունների շրջանակներում որոշումներ են կայացնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031