Ինչպես հայտնել էինք, կառավարության կողմից ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանն այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում պատասխանում էր պատգամավորների հարցերին: Նշենք, որ առաջիկայում ազգային ժողովում տեղի է ունենալու Ավետիսյանի թեկնածության հարցի քննարկումը եւ քվեարկությունը:
Լրագրողներն այսօր նրան խնդրեցին պարզաբանել, թե ինչու է իր «ֆեյսբուքյան» էջից հեռացրել քննարկման առարկա դարձած գրառումներից մեկը: Տեղեկացնենք՝ Ավետիսյանը գրել էր. «Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»:
«Մարտի 1»-ի գործով բանտարկվածներն ու զոհերի հարազատներն այս առնչությամբ հայտարարություն էին տարածել՝ շեշտելով, որ Ավետիսյանի գրառումը կատարելու պահին նրա թեկնածության դեմ բողոք միայն իրենք էին հղել, ուստի «նեղ անձնական, հատվածական և խմբային շահերով» արտահայտությունը վիրավորական է եւ վերաբերել է հենց իրենց:
Վահրամ Ավետիսյանը պարզաբանեց. «Այդ գրառումը ես չեմ ջնջել, պարզապես հիմա այն բաց է նրանց համար, ովքեր իմ ընկերների ցանկում են: Որոշակի հարձակում սկսվեց այդ տիրույթում իմ եւ ընտանիքիս անդամների նկատմամբ, ուստի ցանկություն չունեի, որ իմ էջում պարբերաբար մեկնաբանություններ հայտնվեին»:
Կարդացեք նաև
Ավետիսյանի խոսքով. «Գրառումը փորձում են ներկայացնել այնպես, որ ես փորձել եմ անդրադառնալ Մարտի 1-ի տուժածներին, սակայն նշեմ, որ մարտյան իրադարձությունները մեր նորանկախ պետության արյունահոսող վերքերի շարքին են դասվում, եւ իմ գրառումը որեւէ կերպ չի կարող առնչվել մարտյան դեպքերին առնչվածներին»: Իսկ թե ինչպիսի բնորոշում կտա Ավետիսյանը մարտյան իրադարձություններին, վերջինս ընդգծեց, որ որպես ՀՀ քաղաքացի՝ ունի մոտեցումներ. «Բայց կուզենայի հաշվի առնեք, որ ՍԴ դատավորի թեկնածուի հանդեպ կիրառելի են վարքագծի կանոնները, եւ ես չեմ կարող հրապարակային կարծիք արտահայտել մի բանի վերաբերյալ, որը հետագայում ՍԴ-ում կարող է քննության առարկա դառնալ»:
Սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում ՍԴ դատավորների մի մասը եւ նախագահը դադարեցրին պաշտոնավարումը, Վահրամ Ավետիսյանը նույն բացատրությամբ հրաժարվեց մեկնաբանել: «ՍԴ-ն ունի հանրային վստահության բարձրացման խնդիր եւ այդ ուղղությամբ ՍԴ դատավորներն առավելագույն ջանքեր պետք է ներդնեն»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածության մասին թե իրավապաշտպանների եւ թե հանրության շրջանում կարծիքները միանշանակ չեն: «Մարտի 1»-ի գործով դատապարտվածներն ու զոհերի հարազատները մասնավորապես կասկածի տակ էին դրել Ավետիսյանի անաչառությունը՝ հիշեցնելով, որ նրա հայրը եղել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, եւ այդ դատարանի մուրճի հարվածով էին հաստատվել մարտյան իրադարձությունների մասնակիցների դեմ «կարված» մեղադրանքները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ