Կառավարության կողմից ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանն այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում պատասխանում էր պատգամավորների հարցերին: Նշենք, որ առաջիկայում ազգային ժողովում տեղի է ունենալու Ավետիսյանի թեկնածության հարցի քննարկումը եւ քվեարկությունը:
«Փորձեցի հնարավորինս անկեղծ ասել վերաբերմունքս, մոտեցումներս, որոնք թույլ կտան պատգամավորներին մոտեցում ձեւավորել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահրամ Ավետիսյանը:
Նշենք, որ Ավետիսյանի թեկնածության մասին թե իրավապաշտպանների եւ թե հանրության շրջանում կարծիքները միանշանակ չեն: «Մարտի 1»-ի գործով դատապարտվածներն ու զոհերի հարազատները մասնավորապես կասկածի տակ էին դրել Ավետիսյանի անաչառությունը՝ հիշեցնելով, որ նրա հայրը եղել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, եւ այդ դատարանի մուրճի հարվածով էին հաստատվել մարտյան իրադարձությունների մասնակիցների դեմ «կարված» մեղադրանքները:
Վահրամ Ավետիսյանն այս առնչությամբ նախ շեշտեց. «Իմ մոտեցումն այն է, որ չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ ՀՀ-ում դատական համակարգի առկա խնդիրները, նաեւ չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի «քավության նոխազը»…Հորս հետ կապված հարցադրումների առնչությամբ նշեմ, որ անհրաժեշտ է հստակ պարզել վճռաբեկ դատարանի գործառույթը. արդյոք այն գործ քննո՞ղ դատարան է, թե ոչ, արդյոք առկա՞ են հստակ փաստեր, թեեւ ենթադրությունների մասին ենք խոսում: Ես հասկանում եմ նման հարցադրումներ անող սուբյեկտների մտահոգությունները, բայց եւ չեմ կիսում դրանք, որովհետեւ ներկայում կան շատ պաշտոնյաներ, որոնք այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, առնչություն են ունեցել այդ գործերին: Հայրս հինգ տարի է, ինչ թոշակի է գնացել, եւ ես չեմ պատկերացնում այդ գործընթացների ազդեցությունը իմ՝ ՍԴ-ում գործունեության վրա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ