Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյքային գրոհները չեն խնայում նույնիսկ Առնո Բաբաջանյանին

Հուլիս 30,2020 17:11

Օրերս Հրանտ Եգորովիչ անվան տակ ներկայացող ֆեյսբուքյան օգտատերն իր էջում հրապարակել է տեղեկություն, թե իբր ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի տեղակալներից մեկը՝ գաղտնիություն պահպանելու պայմանով հայտնել է իրեն, որ «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի պրոդյուսեր Արմեն Սարգսյանցը դեռևս 2018 թվականին նամակով դիմել և խնդրել է ՀՀ կառավարությանը և նախարար Արայիկ Հարությունյանին՝ հիմնադրամին նվիրել Երևանի կենտրոնում գտնվող մեկ շենք՝ կոմպոզիտորի տուն-թանգարանը հիմնելու նպատակով:

«Նախարար Արայիկ Հարությունյանը կտրականապես հրաժարվել է հայ հարկատուների հաշվին բավարարել ռուսական հիմնադրամի քմահաճույքները, որը գումար է վաստակում մեծ կոմպոզիտորի համբավով, այլ ոչ թե նրան փառաբանում է, առավել ևս, որ Հայաստանում Առնո Բաբաջանյանի անվան տասնյակ շենքեր և հուշարձաններ կան Երևանի կենտրոնում: Նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել է, որ Առնո Բաբաջանյանը բնակարան է ունեցել Երևանի կենտրոնում, որն իր որդին ավելի վաղ վաճառել և գրպանել է ստացած գումարը: Տարօրինակ է, ստացվում է, որ հիմնադրամը իր բնակարանը վաճառել է՝ փող աշխատելով, իսկ հիմա լկտիաբար Հայաստանի աղքատ բյուջեի հաշվին փորձում է շենք շորթել»,- գրել է Հրանտ Եգորովիչը անվան տակ թաքնված օգտատերը և նրա մտքերը տարածել են մի քանի կայքեր, այդ թվում՝ թարգմանելով ռուսերեն:

«Մարդը, որը վախենում է ներկայանալ իր իրական անունով ու դեմքով՝ տարածում է հայրենադավ բնույթի ստահոդ տեղեկություններ, որոնք ստվերում են ոչ միայն մեր հիմնադրամի անունը, այլ նաև անմիջականորեն Առնո Բաբաջանյանի հիշատակը: Գրողը, անգամ, ջանք չի գործադրել սադրիչ բնույթի իր տեքստը գրել հայերեն լեզվի կանոնները հարգելով: Մենք նշանակություն չէինք տա այդ զառանցանքներին, եթե լրատվամիջոց համարվող կայքերը չտարածեին այն: Ցանկացած լրագրող, որը տպագրում է նման բնույթի տեղեկություն, պետք է պատրաստ լինի պատասխանատվություն կրելու իր արարքի համար: Մեր հիմնադրամը, ես անձամբ բաց ենք մամուլի առաջ, պատրաստ ենք հաղորդակցվել ցանկացած ձեւաչափով, ցանկացած լրագրողի հետ: Ինչո՞ւ չի կարելի զանգել և ճշտել տեղեկությունը՝ այն տարածելուց առաջ: Եթե այդպես չեն անում, նշանակում է, որ նպատակադրված սադրանք են իրականացնում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Մի՞թե հատկապես այս օրերին, երբ Ռուսաստանում հրահրվում են ազգամիջյան խմորումներ, ինչ-որ մեկին ձեռնտու է ցեխոտել Առնո Բաբաջանյանի անունը»,-վրդովմունք հայտնեց հիմնադրամի պրոդյուսեր Արմեն Սարգսյանցը:

Նա զարմանք հայտնեց, թե ինչպես կարող է իրեն հայ համարող որևէ մեկը արժեզրկել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը, այն պարագայում, երբ հարևանները ջանք չեն խնայում ամեն հարմար ու անհարմար առիթի փառավորելու Մուսլիմ Մագոմաևին:

«Այն, ինչ գրել են այդ տեքստում նման վիրավորական բառապաշարով, ոչ մի աղերս չունի իրականության հետ: «Առնո Բաբաջանյան» հիմնադրամը և անձամբ ես ոչ մի անգամ Հայաստանի պետությունից չենք խնդրել, որ մեզ համար գնեն առանձին շենք և նվիրեն: Մենք դիմել ենք Առնո Բաբաջանյանի անվան թանգարան հիմնելու առաջարկով, որը լինելու է ոչ թե ֆոնդի, այլ պետության սեփականությունը և այցելություններից գոյացած եկամուտը ամբողջովին գնալու է պետական բյուջե: Մենք մեր հերթին այդ թանգարանին ենք նվիրաբերելու կոմպոզիտորի անձնական իրերը, արխիվը, փաստաթղթերը, լուսանկարները»,- ասաց Սարգսյանցը:

Նրա խոսքով, տեքստում հիշատակված նամակը, որը իբրև թե ինքը գրել է 2018 թվականին նախարար Արայիկ Հարությունյանի անունով, նույնպես իրականությանը չի համապատասխանում, քանի որ նախ՝ այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը դեռ նախարար չէր և, բացի դա, նամակները երկրի առաջին դեմքերին կամ նախարարներին գրում և ստորագրում է բացառապես հիմնադրամի նախագահը՝ Արա Բաբաջանյանը: Վերջինս, այո, այդ ժամանակահատվածում նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով Երևանի Փոքր ֆիլհարմոնիայի առաջին հարկում տրամադրել տարածք, որտեղ կհիմնադրվի կոմպոզիտորի տուն-թանգարանը և, այդ պարագայում ինքը կկարողանա թանգարանին փոխանցել հոր՝ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արխիվն ու անձնական իրերը:

«Խոսքը ոչ թե առանձին շենքի մասին է, այլ ֆիլհարմոնիայի նախասրահի և պետք է ասեմ, որ այդ հարցն արդեն լուծվել է: Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ մշակույթի նախարարությունը հատուկ հրամանով Փոքր ֆիլհարմոնիայի նախասրահը տրամադրել է՝ Առնո Բաբաջանյանի տուն-թանգարանը հիմնելու համար, իսկ մեր «բարեկամ» ֆեյքերը հավանաբար այդ մասին տեղյակ չեն դեռ, այդ իսկ պատճառով գրել են, թե «նախարար Արայիկ Հարությունյանը կտրականապես հրաժարվել է հայ հարկատուների հաշվին բավարարել ռուսական հիմնադրամի քմահաճույքները»: Կատարվածի հետ կապված՝ մենք նամակով դիմել ենք ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի նման սադրանքները բացահայտելու և կանխելու համար»:

Ըստ Սարգսյանցի «բավարարել ռուսական հիմնադրամ քմահաճույքներն» արտահայտությունը չունի ոչ մի դրական ենթատեքստ, այդ իսկ պատճառով հարցը պետք է արժանանա պատշաճ ուշադրության: «Առնո Բաբաջանյանի անվան հիմնադրամը» ոչ թե ռուսական է, այլ գրանցված է Ռուսաստանում և զբաղվում է հայազգի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մշակութային ժառանգության պահպանմամբ և տարածմամբ:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031