Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրու գեղեցկացող պատմական փողոցն ու պարֆյումերիայի անշնչացող աշխարհը

Հուլիս 30,2020 16:51

Գյումրու Շիրազի անվան պատմական փողոցում, որտեղ գործարարները մինչ կորոնավիրուսի տարածումը մեկը մյուսի հետևից մեծ ներդրումներ էին կատարում՝ խանութներ, ռեստորաններ, սննդի օբյեկտներ, հյուրանոցներ ու հյուրատներ բացելով՝ այսօր հատուկենտ մարդկանց կարելի է հանդիպել։ Երբեմնի զբոսաշրջային աշխույժ, մարդաշատ փողոցը կարծես ամայացած է, անշնչացած։

Այս փողոցի սկզբնամասում դեկտեմբերին բացվեց կոսմետիկայի և օծանելիքի մեծ խանութ, որտեղ վաճառվում են տարբեր բրենդային ապրանքանիշեր։

Aravot.am-ի հետ զրույցում խանութի հիմնադիրներից Լիլիթ Խաչատրյանն ասաց, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ իրենց եկամտի 80 տոկոսը նվազել է, կան օրեր, երբ խանութ մտնող էլ չկա։

«Մեզ համար անակնկալ էր սպասարկման օբյեկտների մասսայաբար փակվելը, վատ անդրադարձ ունեցավ բոլորիս վրա, բայց հետագայում սովորեցինք այս իրավիճակին, սկսեցինք հարմարվել, ելքեր փնտրել, որովհետև կյանքը պայքար է, փորձում ենք պայքարել՝ մեզ արդարացնել։

Այս օրերին բիզնեսը ծաղկում պիտի ապրեր, բայց մենք հայտնի պատճառներով սկսեցինք տեղում դոփել ։ Իհարկե, չենք հուսահատվում, լավատեսորեն ենք մոտենում՝ հուսալով, որ մինչև տարեվերջ հունի մեջ կընկնենք։ Իսկ եթե այս վիճակը շարունակվի, տնտեսական խոշոր ճգնաժամ կունենանք ու հաստատ դուրս չենք գա։ Հուսով ենք, որ մեր պետությունը կանի քայլեր այս իրավիճակից մեզ դուրս բերելու։ Այս վիճակը քանի երկարանում է, այնքան դժվարանալու է դուրս գալը, եթե Աստված չանի, ձգձգվի, մարդիկ իրենց ուժերով չեն կարողանալու դուրս գալ: Այստեղ մի մեծ ուժ է պետք, որ մարդկանց օգնի, այլապես, նորից եմ ասում, հետևանքները սարսափելի կլինեն»,-ասաց մեր զրուցակից։

Լիլիթ Խաչատրյանն ասաց, որ աշխատակազմից կրճատումներ չեն արել՝ փորձել են իրենց ուժերով պահել աշխատակիցներին, քանի որ այսօր աշխատանքը հաճույք չէ, այլ օրվա հաց վաստակելու միջոց։

«Թեկուզ մեզ ինչ-որ տեղ վնաս տալով՝ փորձել ենք մեր աշխատակիցներին պահել, աշխատավարձով ապահովել, մարդկայնորեն ենք մոտեցել, կյանքն առանց այն էլ շատ դժվար է, գոյատևման պայքար է բոլորի մոտ»։

Լիլիթ Խաչատրյանը նաև ասաց, որ կառավարությունը աշխատակիցներին մի անգամ օգնել է, սակայն դա չնչին գումար էր։

«Դա ընդհանրապես օգուտ չի տվել, այդ գումարով մարդը կարող է ընդամենը մի քանի օր գոյատևել, ոչ թե ամիսներ»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև նշեց, որ կան օրեր, երբ դրսում ընդհանրապես մարդ չկա ու, բնականաբար, խանութ մտնող էլ չկա։

«Այս ամիսներին է, որ Գյումրին պիտի տուրիստների հյուրընկալեր, գիտեք գյումրեցիներն այնքան վճարունակ չեն, որքան մայրաքաղաքի բնակիչները, դրսում ապրող հայերը ու առհասարակ օտարերկրյա զբոսաշրջիկները: Մենք մեծ կորուստ կրեցինք, 80 տոկոսի չափով մեր եկամուտը նվազեց, անմիջապես զգացինք մեր մաշկի վրա։

Դա ամենացավալին է, կորցրած յուրաքանչյուր օրը ծանր է անդրադառնում մեր բիզնեսի վրա, ամսվա վերջում ես զգում, որ հետ ես գնում։

Կառավարության աջակցության կարիք, բնականաբար զգում ենք, չեմ ուզում բողոքել, բայց նորաստեղծ բիզնես է, մենք երիտասարդ ենք, չենք ուզում դուրս գնալ բոլորի նման, փորձում ենք մեր պետության ներսում ինչ-որ բան անել, և կառավարության աջակցությունը չստանալ, կարծում եմ՝ սխալ է։

Գոնե սկսնակներին, որոնք փորձում են նոր-նոր քայլեր անել դեպի հաջողություն, պիտի մի փոքր հրել, որպեսզի հետ չգնան։ Մենք զգում ենք աջակցության կարիք, ծախսերը մեծ են, ամեն ինչ ստեղծել ենք մեր ուժերով, ոչ մեկը չի օգնել, ցանկալի կլիներ կողմնակի օգնություն»,-ասաց Լիլիթ Խաչատրյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ փողոցի լուսանկարը՝ «Գյումրին և գյումրեցիները» ՖԲ էջից, Լիլիթ Խաչատրյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031