Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը ինքն իրեն հակասում է և փաստում, որ Արցախը Հայաստան է և վերջ». Կարեն Հովհաննիսյան

Հուլիս 30,2020 16:40

«Ադրբեջանը կարծես թե վերջին ժամանակահատվածում՝ տավուշյան մարտերից հետո, չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իսկապես կրել է բավականին մեծ կորուստներ թե′ բարոյական առումով, թե′ մարտի դաշտում, և փորձ է կատարում այդ համատեքստում նաև սրել իրավիճակը՝ սադրելով»,- «Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա փաստեց՝ Ադրբեջանը փորձում է օգտագործել նույնիսկ այնպիսի զինտեխնիկա և զենքեր, որոնք կարծես ընդունված չեն հրադադարներ խախտելու դեպքում օգտագործել շատ ավելի խոշոր ռազմական բախումներում:

Ըստ Կարեն Հովհաննիսյանի՝ Թուրքիան վերջին շրջանում շատ ավելի շատ է հետաքրքրված Ադրբեջանի և հայ-ադրբեջանական հարցով, քան 2016-ին էր: Ըստ նրա՝ իրականում Թուրքիայի հետաքրքրությունը ոչ այդքան շատ Ադրբեջանն է, որքան նա փորձ է կատարում հենց այս տարածաշրջանում իր սեփական ներկայությունը, դերակատարությունն ունենալ:

Aravot.am-ի դիտարկմանը՝ Թուրքիան համառորեն փորձում է տարածաշրջանում թելադրող դառնալ և հարցին՝ նրան կհաջողվի՞ Նախիջևանն իրենը դարձնել, քանի որ այդ ուղղությամբ Թուրքիան այս պահին էլ աշխատանքներ է տանում: Ո՞րը կարող է լինել Թուրքիայի այս ծրագրին խոչընդոտող քաղաքականությունը հայկական կողմից, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Թուրքիան նկրտումներ ունի, որ իր տարածքներն ընդլայնի և ներգրավվածություն ունենա տարբեր տարածաշրջաններում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում: Այս դեպքում ևս Թուրքիայի՝ Նախիջևանում վարած քաղաքականությունը տանում է նրան, որ Նախիջևանը պետք է թուրքականացվի: Բայց չեմ կարծում, որ Թուրքիային կհաջողվի Նախիջևանը միացնել իր տարածքին և ամբողջական Թուրքիա դարձնել: Դրա համար բավականին երկար գործընթացներ են հարկավոր, որոնց միջով Թուրքիան անցնել չի կարող: Այստեղ նա գործ ունի նաև ադրբեջանական իշխանության հետ, և այն երբեք չի գնա Նախիջևանն ուղիղ Թուրքիային հանձնելուն: Այն Թուրքիայի համար ռազմաբազա է բաց երկնքի տակ, սակայն այն դեռևս պատկանում է Ադրբեջանին: Նախիջևանը, միասնական Թուրքիայի տարածք դարձնելով՝ նա ուզում է ներգրավվել այս տարածաշրջանում: Հենց Նախիջևանում բախվում են մի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի, մյուս կողմից ՌԴ-ի, Իրանի և Հայաստանի շահերը և այստեղ երբեք թույլ չեն տա, որ Թուրքիան գնա որևէ սադրանքի»:

Մեր մյուս հարցին՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Թուրքիան չի գնա հակամարտության մեջ որպես կողմ ներգրավվելու ճանապարհով, քանի որ աշխարհը դա կընկալի Հայոց ցեղասպանության համատեքստում, և բացի այդ Թուրքիան արդեն մի շարք տարածաշրջաններում հակամարտության կողմ է. արդյոք սրանք բավարա՞ր երաշխիքներ են պնդելու, որ Թուրքիան հակամարտության կողմ չի դառնա, Կարեն Հովհաննիսյանն արձագանքեց. «Համամիտ չեմ այդ մտքի հետ: Թուրքիայում տեղի ունեցող նույնիսկ ներքին քաղաքական ցանկացած զարգացում անպայման կապում են Հայաստանի հետ: 2016-ի ձախողված ռազմական հեղաշրջման ժամանակ ՀՀ-ից փորձեցին ներքաշել այդ դավադրության մեջ: Սա շատ լավ առիթ է Թուրքիայի համար, որպեսզի նա ներքաշվի: Չմոռանանք, որ Թուրքիան մշտապես սատարում է Ադրբեջանին, հակամարտության մեջ է, բայց միջնորդավորված: Սակայն կարող է մի պահ գալ, որ Թուրքիան ոչ թե միջնորդավորված կլինի հակամարտության մեջ, այլ հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական սահմանից որևէ գործողություն կիրականացնեն»:

Անդրադառնալով Պուտին- Էրդողան հեռախոսազրույցին՝ Կարեն Հովհաննիսյանն ասաց. «Կարծես Պուտինը Էրդողանին հասկացրեց, որ այս տարածաշրջանում անելիք չունի: Հենց այն, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ծագած հարցերի պարզաբանումները Մոսկվայում են լինելու: ՌԴ-ն իր տեղը ցույց տվեց էրդողանին տարածարջանային այս հարցի վերաբերյալ: Ամեն դեպքում Էրդողանը փորձ է կատարում ստանձնել տարածաշրջանում լիդերի դերը»:

Հիշեցմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Իլհամ Ալիևը հայտարարում է, որ ՀՀ վարչապետը պետք է ԼՂՀ-ն ներկայացնի բանակցային սեղանի շուրջ, ապա ոչ միայն ես, այլևս Ալիևը համարում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, Կարեն Հովհաննիսյանն արձագանքեց. «Ավելացնելու ոչինչ չկա, ամեն ինչ ասվեց դրանով: Իսկապես հենց այդպես էլ կա: Ալիևը մի կողմից ռազմատենչ հայտարարություններ է անում, մյուս կողմից էլ այնպիսի հայտարարություններ անում, որ հակասում է ինքն իրեն, որ Արցախը Հայաստան է և վերջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031