«Ժողովուրդ, քաղաքացի, մարդ» բառերը իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կարծիքով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լեզվամտածողության մեջ իսպառ վերացած են եւ «այդ մարդու ամբողջ դժբախտությունը հենց դրանում է»:
Երեկ «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը ասել էր. «Մեր ժողովուրդը սովորել է, որ կարող է նաև փողոց փակելով իշխանություն փոխել, իսկ ինչո՞ւ եք մտածում, թե այդ նույն ժողովուրդն այս տուգանքներից, համավարակից, տնտեսական պրոբլեմներից չի կարող ևս որոշել, որ նույն ճանապարհով կարող է իշխանություն փոխել, ինչո՞ւ եք բացառում այդ տարբերակը։ Ես կարծում եմ՝ այս հնարավորությունն ավելի մեծ է»:
Aravot.am-ի հետ զրույցում Սոս Ավետիսյանը հստակ չպատասխանեց հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ իրենց իշխանության հրաժարականի պահանջով մարդիկ դուրս գան փողոց, թե՞ ոչ: Միայն ասաց, որ եթե Քոչարյանը 2018-ին լիներ իշխանության, չէր թողներ, որ փողոցներ փակվեին, էսկալացիայի կգնար:
Խոսելով ժամանակին իր հայտարարած «կոնսենսուս-1» ձեւաչափի մասին՝ Ռոբերտ Քոչարյանն այդ հարցազրույցում ասել է, որ օրակարգը արդեն ձեւավորված է, մնում է լուրջ կազմակերպչական աշխատանքով սկսել գործընթաց. «Եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, այս կառավարությունը լրջագույն պրոբլեմներ է ունենալու առաջիկայում»: Սոս Ավետիսյանը պատասխանում է. «Եթե մարդը ստերիլ լրատվամիջոցների հետ է խոսում եւ դա նույնիսկ ուղիղ եթեր չէ, ապա ես կարծում եմ, որ «-1»-ը տեղին է եւ խոսքը իր մասին է»:
Կարդացեք նաև
Սոս Ավետիսյանը համաձայն չէ, որ գործող պաշտոնյաներն էլ են խուսափում ուղղակի հանրային շփումներից՝ գերադասելով ֆեյսբուքյան ուղիղ եթերները դեմ առ դեմ հանդիպումներից եւ հարցերին պատասխանելուց: Ասում է՝ վարչապետը այս ընթացքում տարբեր ասուլիսներ է կազմակերպել եւ չի խորշել ժողովրդից, ամեն ինչի մասին խոսել է ուղիղ ու դա իրենց քաղաքական ուժի հավատամքն է:
«Ուղղակի թեւերը քաշած, բյուջեի մեջ մխրճված՝ 120 մլն դոլարի պարգեւավճարը դա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չի, սենց ակնհայտ բյուջեի մեջ գողություն է: Հիմա կա՞, թե՞ չկա»,- նաեւ ասել էր Ռոբերտ Քոչարյանը՝ մեղադրելով իշխող ուժին կոռուպցիայի մեջ: Ապա տարակուսել էր, քանի որ բյուջեում փնտրել եւ չի գտել այն գումարները, որոնք հայտարարվում են, թե նախկինների թալանից է վերադարձվել:
Սոս Ավետիսյանը խորհուրդ է տալիս համեմատել եւ համադրել 2018 թվականի բյուջեի աճը ու գումարների ներհոսքը. «Եթե իրեն թվում է, թե մենք կոռուպցիայի դեմ պայքարից գոհ ենք, այդպես չէ: Բայց կա օրենք՝ ապօրինի ձեռք բերված գույքի վերաբերյալ, որի համար ստեղծվել է նաեւ համապատասխան դատախազական ստորաբաժանումը, որը սեպտեմբերից սկսելու է իր գործունեությունը»: Իսկ առհասարակ, իշխող ուժի ներկայացուցչի պնդմամբ, Հայաստանի զարգացումը իրենք տեսնում են տնտեսական զարգացման միջոցով:
Կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասով էլ ասում է. «Եթե ինչ-որ մեկը հայտարարագրերը ուսումնասիրի՝ ովքե՞ր են հիմա եւ ի՞նչ հայտարարագրեր են ներկայացնում եւ թեթեւ կոնտրաստ անի պարոն Քոչարյանի ժամանակվա կամ Սերժ Սարգսյանի ժամանակվա չինովնիկների հետ, ապա շատ լավ տարբերությունները կզգան, թե ո՞վ է մխրճված բյուջեի մեջ, ով մխրճված չի բյուջեի մեջ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ