Մայրաքաղաքի հայտնի Կասյանի գյուղմթերքի շուկան Արաբկիրի թաղապետի որոշմամբ փակվել է, այստեղ արգելվում է առեւտուր անել: Մինչդեռ երկար տարիներ Հայաստանի տարբեր մարզերից գյուղացիներն իրենց բերքն այստեղ էին վաճառում՝ քաղաքացիներն էլ ամեն շաբաթ-կիրակի օրերին հնարավորություն ունեին առաջին ձեռքից ու մատչելի գներով գյուղմթերք գնել:
Այսօր գյուղացները կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում. պահանջում են վերաբացել Կասյանի տոնավաճառը: Գյուղացիներն ասում են՝ այս շուկայում նրանք հնարավորություն ունեին ապրանքային վատ տեսքով գյուղմթերքն իրացնել, իսկ վերավաճառողները միայն լավ տեսքով ապրանքն են գնում,այն էլ ՝ «ջրի գնով»:
«Հիմա քաղաքի խանութներում նայեք՝ լոլիկը 300-400 դրամ է, մեզանից 120 դրամով են գալիս, տանում, եթե շուկան լիներ՝ գոնե 200 դրամով կվաճառեինք: Սաղ տարին չարչարվել ենք, հիմա բերքը մնացել է, ի՞նչ անենք: Թափե՞նք»,-ասում են գյուղացիները:
Ցույցի մասնակից եւ Կասյանի շուկայի կազմակերպչական աշխատանքների ղեկավար Հայկ Բաղդասարյանն ասում է՝ իրենց պատճառաբանել են, թե շուկայի տարածքի հարակից շենքերի բնակիչները աղմուկից դժգոհել են, ուստի առաջարկում են մի երկու կանգառ վերեւ տեղափոխել շուկան. «Ինչի, էն երկու կանգառ վերեւի բնակիչները մարդ չե՞ն, իրենց աղմուկը չի՞ խանգարելու: Բացի դրանից, էն, ինչ առաջարկում են, տարածքով փոքր է, փակ տարածք է, ձեռնտու չէ մեզ»:
Կարդացեք նաև
Հայկ Բաղդասարյանն ասում է՝ տարվա ընթացքում 700-800 գյուղացի այդ շուկայում իր բերքն էր վաճառում, հիմա այսքան ընտանիք խնդրի առաջ է կանգնած. «Ասում են, իբր էդտեղ մշակութային չգիտեմ ինչ են դարձնելու: Բայց ամբողջ աշխարհում, Գերմանիայում, Ֆրանսիայում, շաբաթ-կիրակի օրերին քաղաքի կենտրոնում գյուղատնտեսական տոնավաճառներ են անում, սա էլ է մշակույթ»:
Մեկ այլ գյուղմթերքի արտադրող էլ ասում է. «Ռուսաստանում հայերը համախմբված ուզում են գյուղացիների բերքը վաճառելու համար շուկաներ բացեն, իսկ մեր երկրում գյուղացիներին շուկայից հանում են, մենակ բանկերի տեղն են ցույց տալիս: Մեզ մանրածախ շուկա է պետք, մի հատ տնտեսավարողին (նկատի ունի շուկայի հարեւանությամբ գործող Երեւան Սիթին. Ն.Բ.) խանգարելու համար ամբողջ գյուղացիությանը վնասում են»: Գյուղացիներն ասում են. «Շուկան փակեցին, տեղը ավտոկայան դարձրին»:
Գյուղացիներն ասում են՝ այս տարիների ընթացքում արդեն մշտական գնորդներ ունեին, մարդիկ նույնիսկ սպասում էին հաջորդ շաբաթ-կիրակիին, որպեսզի առեւտուր անեին:
Ցույցի մասնակիցները բողոքում են՝ եթե այս շուկան արգելվելու էր, ինչո՞ւ գյուղացիներին ավելի վաղ այդ մասին չէին տեղեկացրել. «Հիմա ի՞նչ անենք մեր բերքը: Մարդիկ էս տոնավաճառի համար էին բերք մշակել: Մեզ հորդորում էին՝ հող մշակենք, ամեն ինչ անենք, որ ցածր գնով գյուղմթերք ունենանք, է, հիմա ինչի՞ ենք վնասում գյուղացուն»:
«Հողը, հավը, ճուտը, գործը թողել, եկել, կանգնել եմ էստեղ, թող կառավարությունից իջնեն ու ինձ պատասխան տան: Թող շուտ ասեին, մեզ պետք է անցյալ տարվա աշնանից ասեին, նույնիսկ ավելի շուտ, որ շուկան չի լինելու, հողը չմշակեինք, ծախս չանեինք, չչարչարվեինք, եթե չէինք կարողանալու իրացնել, ես էս երկրի ճորտը չեմ, մենք էլ ենք ուզում նորմալ աշխատենք, ապրենք: Առավոտ հինգից հողամասում եմ, երեկոյան մինչեւ ուշ, աչքդ ինչքան տեսնում է, հողի հետ աշխատում ես, թող գան մի հատ կանգեն էդ արեւի տակ, գործ չանեն, մենակ կանգնեն, տեսնեմ ո՞նց են դիմանալու: Ու հիմա չեն թողնում մեր չարչարանքով ստեղծածը վաճառենք»:
Կառավարությունից որեւէ մեկը չմոտեցավ ցույցի մասնակիցներին, ոստիկանները հորդորեցին տարածքից հեռանալ, սակայն գյուղացիները դեռ շարունակում էին բողոքի ցույցը.«Ինչ պիտի անեն, հենա, բերմա՞ն են ենթարկում, թող տանեն, թող գան տուգանեն: Ի՞նչ եմ ծախելու, որ տուգանքը տամ: Հիսուն դրամով ինչքա՞ն պոմիդոր պիտի ծախեմ, որ տուգանքը տամ, բա իմ էրեխուն ի՞նչ տամ: Գիտեն թե գյուղացին հանցագործ է, դիմակն իջեցնում ես՝ շունչ քաշես, գալիս տուգանում են: Շնորհակալություն էս կառավարությունից, որ էսպես է տեր կանգնում գյուղացուն»,-դժգոհում էին գյուղացիները:
«Շնորհակալություն, պարոն Փաշինյան, 500-1000 տան ողնաշարը կոտրեցիր, եկանք ընտրություն արեցինք, ու փոշման մնացինք: Էդքան տնտեսություն, որ ասում էր՝ Նիկոլ Փաշինյան, էդ աստված էր մեզ համար, էդ աստվածավապաշտական խոսքերը, հօդս ցնդեցին: Շնորհակալություն Նիկոլ Փաշինյան, մեծ սիրով շնորհակալություն ենք հայտնում ձեզ»,-ասաց գյուղացիներից մեկն ու հեռացավ:
Մի խումբ կանայք էլ ասում էին, որ իրենց հողամասի պտուղներից չիր էին պատրաստում ու Կասյանի մանրածախ շուկայում վաճառում, այդ չրերը տարբեր որակի էին լինում, բայց բոլորն էլ վաճառվում էին, այլ տեղ իրացնելու հնարավորություն չունեն. «Սրանից էլ զրկեցին, մենակ ասեն՝ էս հարկը տվեք, էն վարկը տվեք, դե թողեք վաճառենք, աշխատենք, որ վճարենք: Հիմա շատ շնորհակալ ենք Փաշինյանին, որ այս սենց արհամարհում է մեզ: Մենք ինքնուրույն պահում ենք մեր էրեխեքին, սեփական ապրանք արտադրում, վաճառում, ի՞նչ անեմ, տանեմ տամ վերավաճառողին, որ ինքն օգտվի, մեզ էլ կոպեկներ տա՞»:
Ցույցի մասնակիցներն այդպես էլ անպատասխան հեռացան կառավարության շենքի մոտից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ