Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախին բանակցություններից դուրս մղած մարդը խոսում է Արցախը մարզ սարքելու մասին». Սոս Ավետիսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Հուլիս 30,2020 14:54

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» իշխող խմբակցության ներկայացուցիչ Սոս Ավետիսյանի համար «ամբաստանյալ եւ երկրորդ նախագահ» Ռոբերտ Քոչարյանի անկեղծության եւ ազնվության չափանիշը իր համար «ստերիլ» լրատվամիջոցների հատ հարաբերվելու նախընտրությունն է: Երեկ «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից իշխող ուժը ներկայացնող պատգամավորի ընդհանուր տպավորությունն այսպիսինն է. «Մոտավորապես կոշկակարի բուդկայում էժան քննարկում էր: Ինչքան խառը բաներ էս վերջերս պարոն Քոչարյանը, ըստ երևույթին, լսել է, փորձում էր իրար կպցնել՝ տուգանքներ, չգիտեմ ինչ բառեր, բառակույտեր, որոնք որեւէ տրամաբանություն իրենց մեջ չունեն, որպեսզի որեւէ մեկն ինչ-որ վերլուծություն կարողանա անել: Հանրության մեջ բոլոր այն հարցադրումները, որոնք եղել են՝ կապված այս կամ այն հարցի հետ, բոլորը, կոշկակարի բուդկայի տպավորությամբ կպցված նկարներ, թերթիկներ, որոնք տրամաբանական կապ իրար հետ չունեն եւ մեծամասամբ շատ աղոտ են: Ի դեպ, կոշկակարի մասնագիտությանը շատ հարգանքով եմ վերաբերվում, հնագույն մասնագիտություն է»:

«Այսօրվա իշխանության մեծ մասը եկել են այն ՀԿ-ներից, որոնք ձեւավորվել են այդ գլոբալիզացման երկրորդ թրեքից եւ այդ քաղաքականությունն են վարում, եւ հիմա ամբողջ երկիրը տանում են այնտեղ, որտեղից հիմա բոլորը փախչում են: Եվ այս վեճերը ազգային արժեքների մասին, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնք տարբեր ազգերի ինքնության չափազանց կարևոր բաղադրիչներն են, սա են փորձում հանել մեր մշակույթից, մեր կրթական ծրագրերից։ Նույնիսկ եվրոպական բոլոր ընտրությունների արդյունքներով տեսնում ենք, որ ազգային ուժերը բարելավվում են իրենց դիրքերը։ Կան երկրներ, որտեղ այդ ուժերն արդեն կառավարող ուժեր են»,- հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Սոս Ավետիսյանն ասում է, որ պարոն Քոչարյանի մտահոգությունները հստակ ամրագրված են Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ. «Ծանոթ չի փաստաթղթին երեւի, ժամանակ չի ունեցել՝ հայտնի պատճառներով կամ՝ չգիտեմ»: Մեր խնդրանքին՝ հստակ ասել՝ ո՞րն է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը՝ հղում անելով իր նշած փաստաթղթին, իշխող ուժի պատգամավորը պատասխանեց. «Ես էլի չեմ իջնելու այդ մակարդակին՝ ինչ-որ բաներ իր համար նշելու: Կա ազգային անվտանգության ռազմավարություն, որը 2007-ին է եղել, նաեւ 2020-ին կարող է ինքը ծանոթանալ այդ ամեն ինչին»:

Դիտարկմանը, որ մինչ պարոն Քոչարյանն էլ անհանգստություններ էին հնչել, որ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ. «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն եւ ԼՂՀ ժողովուրդ» հասկացությունները փոխարինվել են «ազգաբնակչություն, բնակչություն» տերմիններով, ինչը մտահոգիչ է ԼՂՀ ադրբեջանական համայնքի ակտիվացման, այդ համայնքին որոշակի ստատուս ամրագրելու ֆոնին, մեր զրուցակիցը այսպես արձագանքեց. «Մանիպուլյացիա է: Նախ՝ ադրբեջանական համայնք չի, ինչ-որ ՀԿ է, որը փորձում են ակտիվացնել եւ դա որեւէ կապ չունի Արցախի սուբյեկտայնության հետ: Թավշյա հեղափոխությունից ի վեր հարցադրում կա սեղանին դրված, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան եւ մենք այդ ուղղությամբ ենք աշխատում: Եթե ինչ-որ մեկը չի նկատել, որ Արցախում տեղի են ունեցել ընտրություններ, այնտեղ նախագահ է ընտրվել, պառլամենտ է կազմավորվել… ես հասկանում եմ, Ռոբերտ Քոչարյանի նման մտածողի համար ընդհանրապես սուբեկտայնությունն անկարեւոր երեւույթ է, դա իր խնդիրն է, բայց հիմա, ըստ էության, Արցախին բանակցություններից դուրս մղած մարդը խոսում է Արցախը մարզ սարքելու մասին…սա է խնդիրը: Մեր վերլուծաբանները կարող են ուշադիր հետեւել այդ տրամաբանության իսկությանը»:

Պարոն Քոչարյանին անհասկանալի է նաեւ Արցախի հարցում Հայաստանի որդեգրած դիրքորոշումը, «Արցախը Հայաստան է եւ վերջ» բանաձեւը, երբ իր տպավորությամբ, փաստացի, Արցախին ՀՀ մարզի կարգավիճակ է տրվում: Սոս Ավետիսյանն ասում է՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ռազմավարության մասով պարզ բացատրվել է, որ ՀՀ-ն է Արցախի անվտանգության երաշխավորը եւ մեր «ընդհանուր ժողովրդի կապերն անխախտելի» են եւ դա բոլորի համար էլ շատ պարզ է. «Որեւէ մեկը Արցախը չի իջեցրել մարզի մակարդակի: Եթե ինչ-որ մեկն Արցախի սուբյեկտայնությանն իրապես վնաս է հասցրել, դա եղել է հենց Ռոբերտ Քոչարյանը, որը դուրս է թողել Արցախին բանակցային գործընթացից՝ իր հայտնի ավանտյուրայի հետեւանքով: Կարծում եմ, իրեն ամենաշատն է այդ ամեն ինչը պարզ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031