Մեր հյուրը դաշնակահար Ալեքսանդր Գինդինն է՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր։ Ալեքսանդր Գինդինը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Music-20» առցանց միջազգային փառատոնին։ Հուլիսի 10-28-ն անցկացված այս փառատոնը խոշորագույն իրադարձություն է հայաստանյան մշակութային կյանքում։
«Music-20»-ը կյանքի է կոչվել Կոնստանտին Իշխանովի ղեկավարած Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կազմակերպմամբ։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Կազմակերպիչներն ամեն ջանք գործադրել են՝ երաժիշտների անվտանգությունն ապահովելու համար։ Ի դեպ, երաժշտական այս տոնը մեծ ներդրում է Հայաստանի մշակութային կյանքում. մի քանի ամիս պարտադրված դադարից հետո աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանեցին անվանի երաժիշտներ, որոնք առցանց ձևաչափով դասականի սիրահարներին ներկայացնում էին դասական երաժշտության բարձրակարգ կատարումներ, բազմազան երկացանկ։
Դաշնակահար Ալեքսանդր Գինդինի հետ զրուցում ենք «Music-20» փառատոնի, Հայաստանի նկատմամբ նրա առանձնահատուկ սիրո, պանդեմիայի պայմաններում երաժշտական կյանքի և այլ հարցերի մասին։
Կարդացեք նաև
-Պարոն Գինդին, որքա՞ն ժամանակ է՝ բեմ չէիք բարձրացել։
-Մեծ ընդմիջումից հետո սա իմ երկրորդ ելույթն է։ Մեկ շաբաթ առաջ համերգ եմ ունեցել Նովոսիբիրսկում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին։ Սակայն այդ համերգը նույնպես առանց հանդիսատեսի էր՝ ուղիղ եթերում։ Ցավոք, ունկնդիրների ներկայությամբ համերգներ դեռևս չեն իրականացվում։ Իսկ ելույթներն ունկնդրով և առանց ունկնդրի դահլիճներում միանգամայն տարբեր բաներ են։ Չեմ կարող ասել՝ մեկը մյուսից լավն է կամ վատը, քանի որ առանց հանդիսատեսի ելույթն այն է, ինչ արտիստն անում է իր համերգային գործունեությանը զուգահեռ։ Դա նման է ստուդիայում կամ ձայնագրման ընթացքում կատարվող աշխատանքին, ինչը նույնպես ստեղծագործական բավարարվածություն է պարգևում։ Առցանց ձևաչափով ելույթը նույնպես հուզիչ է, լի առանձնահատուկ զգացողություններով։ Իհարկե, հանդիսատեսին ես շատ եմ կարոտել. մարտից ի վեր հանդիսատեսի հետ չեմ հանդիպել։
-Եվ ինչպե՞ս արձագանքեցիք՝ ստանալով «Music-20» փառատոնին մասնակցության հրավեր։
-Մեծ ուրախությամբ, քանի որ նախ կարոտել էի գործընկերներիս հետ շփումները, և հետո Երևան այցելությունը, ինչպես միշտ, ինձ համար մեծագույն երջանկություն է։ Ես պաշտում եմ ձեր երկիրը, այս քաղաքը։ Ես սիրում եմ այստեղ ապրող մարդկանց։ Կարծում եմ՝ Հայաստանն աշխարհի լավագույն վայրերից մեկն է։ Եվ դա ասում եմ ի սրտե։
-«Music-20» փառատոնի ընթացքում Դուք նվագել եք Շնիտկեի կոնցերտը՝ գրված դաշնամուրի և լարային նվագախմբի համար։ Դա Ձե՞ր ընտրությունն էր։
-Նվագել եմ նաև Մոցարտ։ Այո՜, երկացանկն ինքս եմ ընտրել։ Ինձ առաջարկել էին նվագել կամերային նվագախմբի հետ։ Ահա այդ պատճառով ծրագիրն ընտրելիս կենտրոնացել էի փոքր կոլեկտիվով հանդես գալու հանգամանքի վրա և կարծում եմ՝ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ հաշվի առնելով, որ երաժիշտները պետք է նստեն միմյանցից մեծ հեռավորության վրա։ Շնիտկեի այս կոնցերտը ես շատ եմ սիրում, և ըստ իս՝ այն 20-րդ դարում դաշնամուրի և լարային նվագախմբի համար գրված ամենակարևոր ստեղծագործությունն է։ Իրապես այն շատ խորը, մասշտաբային ստեղծագործություն է, կարելի է համեմատել Դանթեի «Աստվածային կատակերգության» հետ։ Ըստ էության, այնտեղ արարման, կենցաղի, ինքնաճանաչման նույն գաղափարներն են։ Շատ փիլիսոփայական, խորը, վառ կոնցերտ է։ Այն մեծ ազդեցություն է ունենում ցանկացած մակարդակի պատրաստվածության ունկնդրի վրա‚ տպավորում է ինչպես մասնագետներին, այնպես էլ նրանց, որոնք սերտորեն կապված չեն դասական երաժշտության հետ։ Ես միշտ հետաքրքրությամբ եմ նվագում այս ստեղծագործությունը։
-Այն տպավորությունն է, թե Ձեր ստեղծագործական կյանքում այս կոնցերտն առանձնահատուկ տեղ ունի։
-Ես շատ երկար տարիներ եմ ապրում այս ստեղծագործության հետ։ Բազմիցս ձայնագրել եմ այն։ Ձայնագրել եմ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։ Եվ չնայած այսքան տարիներ ես այս երաժշտության հետ եմ, մինչ օրս զգացողություններս նրա հնչյուններից կենդանի են։
-Համավարակը մեծ ազդեցություն է ունեցել մեր կյանքի ընթացքի, այդ թվում նաև մշակույթի վրա։ Ի՞նչ եք կարծում՝ առցանց հեռարձակումները ժամանակավո՞ր լուծումներ են, թե՞ նոր հնարավորություն ապագայի համար։
-Այն, որ այս իրավիճակն անդրադարձել է երաժիշտների վրա, փաստ է։ Ընդ որում, յուրաքանչյուրի վրա յուրովի է ազդել, չէ՞ որ մենք տարբեր մարդիկ ենք։ Բայց գիտե՞ք, անձամբ ես չեմ ափսոսում տանն անցկացրած այս ամիսների համար։ Ես պարապում էի, դաշնամուր նվագում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ դա իմ մասնագիտությունն է, այլև նրա համար, որ հասկանում էի, որ սեփական վարպետությունը կատարելագործելու այսպիսի հնարավորություն գուցե այլևս չլինի։ Մենք բոլորս միշտ զբաղված ենք։ Մեր մասնագիտության ամենամեծ խնդիրը ժամանակի պակասն է։ Ժամանակ չունենք ընտելանալ նյութին, բառի ամենաուղիղ իմաստով։ Դասական երաժշտությունը բարձր վարպետությամբ կատարելու համար ժամանակ է պահանջվում, ընդ որում՝ ամենօրյա տևական աշխատանք։ Այս երեք-չորս ամիսը, որ ես անցկացրել եմ տանը իմ գործիքի հետ, յուրահատուկ մարզում էր, և ես ինչ-որ բան հաստատ յուրացրել եմ, մի բան, որ նախկինում չէի կարողանում անել։ Բացի այդ, մեծաթիվ երկացանկ եմ սովորել, ինչով շատ հպարտանում եմ։ Իսկ ինչ վերաբերում է համավարակից հետո նոր հնարավորություններին, ապա ժամանակն իր ճշգրտումները կկատարի։
-Զրույցի սկզբում Ձեր համակրանքը հայտնեցիք Հայաստանի նկատմամբ։ Ձեզ մոտ ինչի՞ հետ է ասոցացվում Երևանը։
-Ես գիտեմ, թե ինչպիսին է Երևանն ամռանը։ Այն մի մեծ տոն է։ Քաղաքն ինձ միշտ հիշեցնում է հսկայական, հրաշալի հյուրատուն, որտեղ շատ-շատ լավ մարդիկ կան։ Քաղաքը կարծես օրվա մեջ 24 ժամ ապրում է ժողովրդական դիմակահանդեսում։ Ցավոք, ներկա պայմաններում որոշակի սահմանափակումներ կան, ինչն անսովոր է։ Աստված տա՝ շատ շուտով իրավիճակը շտկվի։
Զրուցեց Ելենա ԳԱԼՈՅԱՆԸ