Լրահոս
Օրվա լրահոսը

«500 միլիոնի ներդրում են արել, աշխատատեղ ստեղծել, հարկեր վճարել, ինչի՞ պիտի 15-20 հոգու պահանջով չաշխատենք». «Լիդիանի» նախկին աշխատակիցները ցույց են անում

Հուլիս 30,2020 13:52

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են անում «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերության նախկին աշխատակիցներն ու Ջերմուկին հարակից համայնքի բնակիչները:

Ցույցի մասնակիցներից Վիրաբ Հովհաննիսյանն ասաց. «Գնդեվազի 400-ից 380 մարդը համաձայնություն է տվել հանքը շահագործելու, սաղ էլ համաձայն են, ուղղակի վախենում են համաձայնություն տան: Քսան հոգով ճամփեն փակել են, իրենք պիտի՞ որոշեն գյուղի 80% -ը ոնց ապրի: 3 միլիոն պարտք եմ: Էրեխեքս ուսանող են, վարձերը չեմ տվել, եթե դասերը սկսվեն՝ չեն կարա շարունակեն ուսումը, տուն չեմ կարա վարձեմ, փող չունեմ»:

Ցույցի մասնակիցները վստահեցրին՝ գյուղի 60%-ն առանց աշխատանք է մնացել. «Երկու տարի է՝ առանց աշխատանք ենք մնացել, հիմա պահանջում ենք մեր խնդիրը լուծեն: Երկու հազար հոգի համայնքում անգործ է, տուրիզմ չկա, բերքը չկա, սոված կոտորվում են մարդիկ: Մենք ասում ենք՝ մեր աշխատանքի իրավունքը վերականգնեք: Ինչքան կարանք սպասենք, երկու տարի է ասում են՝ սպասեք, է, հետո՞»:

«Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ 1200 հոգի ստորագրել է, եւ համաձայնություն տվել Ամուլսարի հանքի շահագործմանը. «Էդ մարդիկ կանգնած են մեր կողքին էս վախի մթնոլորտի մեջ: Հարգելի կառավարություն, ուզո՞ւմ եք իմանաք ճշմարտությունը՝ վերացրեք վախի մթնոլորտը, կտեսնեք իրական պատկերը: Ինչ է՝ էդ 15-20 հոգո՞ւց եք վախենում: Մենք էլ իրենց հետ թշնամացել ենք արդեն, սենց ո՞նց կլինի: Առանց հաց ու աշխատանք ենք մնացել, մարդիկ տները թողել՝ գնացել են Ռուսաստան: Ժողովրդին հարցրեք՝ վերջին անգամ ե՞րբ են իրենց կնանիքին ու տները տեսել: Սաղ տները քանդվեցին»:

Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են իրենց խնդիրը հրատապ լուծվի, որովհետեւ, ինչպես իրենք ասացին, այլեւս հնար չկա սպասելու:

«Բազմիցս ասել են՝ հանքի շահագործման վտանգները կառավարելի են, էդ դեպքում ինչո՞ւ չի սկսում աշխատանքը: Վարչապետն էլ ասաց՝ իրավական փաստ չկա, որ չաշխատի հանքը, բա ինչո՞ւ հիմա չի աշխատում, ինչի՞ հետ են կապում էս ձգձգումները, էստեղ բնապահպանական չի խնդիրը, քաղաքական բնույթ է կրում, ինչ-որ քաղաքական ուժեր են»,-ասացին ցույցի մասնակիցները: Նրանք հայտարարեցին՝ եթե կառավարությունը թույլ չի տալիս հանքը շահագործել, ուրեմն թող իրավական հիմքերը ցույց տան, եւ ասեն՝ այս ինչ օրենքով դուք իրավունք չունեք աշխատելու. «Թե չէ, էդ մարդիկ 500 միլիոնի ներդրում են արել, աշխատատեղ ստեղծել, հարկեր վճարել, ինչի՞ պիտի 15-20 հոգու պահանջով չաշխատենք: Էդ ցուցարարներին էլ բան չունենք ասելու, իրար հետ կոնֆլիկտներ են եղել, հիմա ինչ՝ ուզում եք արյունահեղություն լինի՞»,-ասաց ընկերության նախկին աշխատակիցներից մեկը:

«Էդ հանքում մենակ ջերմուկցին կամ գնդեվազցին չէր աշխատում, շատ տեղերից էին գալիս, աշխատում, էնպես որ, դա ամբողջ Հայաստանի զարգացման համար էր»,-ասաց ցույցի մասնակից մի կին:

Սարավանի բնակիչներից մեկն էլ ասաց. «Մենք չենք ուզում գյուղը դատարկվի, վաղը մյուս օրը դառնալու է ծերանոց: Մենք խնդրում ենք կառավարությունից, որ հանքը աշխատի, «Լիդիանը» մեր համայնքի համար փրկություն էր»:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները տեւական ժամանակ է փակել են Ամուլսար տանող ճանապարհը, ինչի պատճառով «Լիդիան Արմենիան» չի կարողանում շինարարական աշխատանքներ իրականացնել: Մի շարք բնապահպաններ պնդում են, որ հանքի շահագործման թույլտվությունը օրենսդրական խախտումներով է տրվել, եւ հանքի շահագործումը լուրջ վնասներ է հասցնելու շրջակա միջավայրին,այդ առնչությամբ փորձաքննություն է կատարվել ու եզրակացությունը ներկայացվել վարչապետին: Սակայն արդեն երկրորդ տարին է, ինչ խնդիրն այդպես էլ հանգուցալուծում չի ունենում:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031