Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծրուն Ավագյանը՝ «կրկնուսույցների խռովության» եւ բանասիրականի տեղերը կրճատելու մասին

Հուլիս 30,2020 13:21

1in.am-ին տված հարցազրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ այն ինչ կատարվում է այս օրերին՝ ընդամենը կրկնուսույցների խռովություն է, քանի որ արատավոր համակարգը փլուզվել է իրենց իրականացրած ցավոտ բարեփոխումների արդյունքում, եւ ժամանակը ցույց կտա՝ արդյոք ինքը, այսպես կոչված, ապազգայի՞ն նախարար էր, թե ոչ: Նախարարը նաեւ նշել էր, որ եթե ոմանք «ճակատամարտի» են դուրս եկել, ուրեմն պայքարում են «հողմաղացների» դեմ. «Իրականում մենք գնում ենք բարեփոխման, իսկ իրենց ճակատամարտը այլ բանի համար է»:

Ինչ վերաբերում է բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների ընդվզումներին, նախարարի խոսքերով, ինը հազարից ավելի ընդունվածներ ունեն, իսկ չընդունվածները երկու հարյուրից ավելին են, ոմանց արդեն լուծումներ են առաջարկվել, իսկ եթե ոմանք էլ դատարան են դիմել, ապա դա իրենց իրավունքն է, քանի որ իրավական պետությունում ենք ապրում:

Aravot.am-ը ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով իսկապե՞ս այս ամենը կարելի է դիտարկել որպես կրկնուսույցների խռովություն, ինչպես նախարարն է պնդում, թե՞ խնդիրն ավելի խորն է: Պարոն Ավագյանն ասաց, որ չի լսել նախարարի հարցազրույցը, եւ ստուգման գործիք չունի՝ ով է ճիշտ, ով է սխալ: Նշեց, որ գուցե ոմանք պարապում են դիմորդների հետ, անձամբ ինքը չի պարապում:

Նաեւ հավելեց, որ կրկնուսույցների խնդիրը տասներորդական հարց է. «Ավելի գլոբալ խնդրի մասին է խոսքը, մինչդեռ ամեն ինչ իջեցնում, մանրացնում, կենցաղայնացնում են, իսկ խոսքն ավելի բարձր, ազգային ընդգրկումների է վերաբերվում, ի՞նչ կրկնուսույցի հարց, կամ ինչ պարապելու հարց…»:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանից հետաքրքրվեցինք, թե այս տարի քանի՞ հոգի են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ ընդունվել: Պատասխանեց, որ ընդամենը 73 հոգի են ընդունվել, բայց եթե տեղերն ավելի շատ լինեին, ավելի շատ ուսանողներ կունենային, որովհետեւ պահանջարկ կա:

«Տարիներ շարունակ 120 է եղել մեր ընդունելության թիվը, իսկ հիմա, թե ինչի են իջեցրել, ես չեմ կարող ասել: Այս տարվանից այդ թիվը կրճատվել է: Բացառությամբ մի տարվա, երբ ընդհանուր շրջանավարտներ չկային, ու բոլոր ֆակուլտետներում էին դիմորդները քիչ, սովորաբար մեր տեղերը միշտ 120 են եղել: Հիմա վերցրել ու թիվը կրճատել են, ու մենք տեղյակ էլ չենք՝ որտեղ է արվում, ով է անում՝ ռեկտորա՞տն է անում, նախարարությո՞ւնը, թե՞ կառավարությունը, ոչ ոք չգիտի, մեզ չեն ասում»,-ասում է Արծրուն Ավագյանը:

Ինչ վերաբերում է այն բարձրագոչ հայտարարություններին, թե հայագիտությունը գերակա ճյուղ է հայտարարված, պարոն Ավագյանի ձեւակերպմամբ, միայն խոսքով է այդպես հայտարարված, իսկ գործով ճիշտ հակառակն է: Ասվածի արտահայտությունն է նաեւ այն, որ եկամտահարկի վերադարձը չի տարածվում հայագիտական բլոկի աշխատող ուսանողների վրա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել