Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չորեքշաբթի երեկոյան Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է գումարել՝ երկրի տարածքում շուրջ 3 տասնյակ արտասահմանցի վարձկանների ձերբակալության առնչությամբ, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են:
Լուկաշենկոն տեղի ունեցածը որակել է որպես «արտակարգ պատահար»: Նա նշել է, որ հետևում է ռուսների արձագանքին: Նախագահի կարծիքով՝ «նրանք արդարանալով քիչ է մնում ասեն, որ բելառուսական իշխանություններն են վարձկաններին բերել»: Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է «ինչ որ ձև արդարացնել իր կեղտոտ մտադրությունները»:
Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ընդգծել է, որ երկրի իշխանությունները նպատակ չունեն «վարկաբեկել իրենց մտերիմ երկիրը»: «Եթե ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են, նշանակում է, պետք է դիմել ՌԴ-ի համապատասխան կառույցներին, որպեսզի վերջիններս բացատրեն՝ ինչ է տեղի ունենում»,-հայտարարել է Լուկաշենկոն՝ հավելելով, եթե «ռուսները մեղավոր են, պետք է իրավիճակից պատվով դուրս գան, եթե անմեղ են՝ ավելի լավ»:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Բելառուսի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել նախօրեին երկրում ձերբակալված ռուսների նկատմամբ: Նրանց մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման համար:
Կարդացեք նաև
Նշենք, որ հուլիսի 29-ին Բելառուսի հատուկ ծառայությունները ձերբակալել են ավելի քան 30 զինյալի, որոնց մեծ մասը, ըստ տեղեկությունների, Ռուսաստանի քաղաքացիներ են: Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ երկրի տարածք են ներխուժել 200 զինյալներ «նախընտրական ժամանակաշրջանում Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու համար»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ