Երբ երկու տարի շարունակ սևերի ու սպիտակների գիծն է առաջ տարվում, բնականաբար, ինչ-որ կարճ ժամանակահատվածում, ինչպիսին, օրինակ՝ սահմանային լարված իրավիճակն է, այդ գիծն առաջ տանողները չեն կարող այն դադարեցնել: Ի դեպ, այդ հարցում շահագրգռվածություն ունեն թե՛ իշխող քաղաքական թիմի, թե՛ այդ թիմին դաշնակից այլ թիմերի ներկայացուցիչներ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ շեշտելով, որ ցանկացած այլ իրավիճակներում այս մեթոդաբանությունը կրկին չի փոխվելու:
«Հավանաբար մտածում են, որ եթե այլևս բաժանումների ճանապարհով չգնան, դա կարող է բերել հասարակության կոնսոլիդացիայի՝ իշխանության դեմ դուրս գալու տեսանկյունից: Ու հաշվի առնելով թե՛ 2 տարվա քաղաքականությունը, թե՛ հատկապես վերջին շրջանի կառավարումն ու կորոնավիրուսի հետևանքները, կոնսոլիդացված հասարակությունը կարող է դուրս գալ իշխող քաղաքական թիմի դեմ: Դրա համար, քանի դեռ այս քաղաքական ուժն իշխում է, մշտապես փորձելու է գնալ «նախկին-ներկա», «արդար-անարդար» բաժանումների ճանապարհով, որպեսզի տարանջատված հասարակությունը չկարողանա կոնսոլիդացվել իրենց դեմ ակտիվ գործողություններ իրականացնելու համար: Իշխանությունն այդ գիծը, մեծ հաշվով, շարունակելու է առաջ տանել:
Առավել ևս, որ ընդդիմությունը չի կարողանում այդ գծին հակադրող այլ քաղաքականություն մշակել ու իրականացնել»,-ասաց քաղտեխնոլոգը:
Անդրադառնալով մի շարք ոլորտներում առկա բողոքի ալիքներին ու իշխանության արձագանքին՝ Ա. Բադալյանը ընդգծեց. «Ես բազմիցս եմ խոսել Հայաստանի զարգացման վեկտորի բացակայության խնդրի մասին: Այս իշխանությունն այդպես էլ չասաց՝ ինչպիսի պետության հիմքեր է ուզում դնել՝ մերժելով նախորդ 20, մեկ-մեկ էլ, եթե իրենց պետք է լինում, 30 տարվա քաղաքական գործընթացները:
Եթե չունես զարգացման վեկտոր, բայց ցանկանում ես իշխանության մնալ, բնականաբար, պետք է թիրախավորես անցյալը, որպեսզի հասարակության դժգոհությունը նրանց դեմ ուղղես ու պահպանես քո իշխանությունը»:
Կարդացեք նաև
Արմեն Բադալյանի խոսքով, ընդհանուր առմամբ, այն իրավիճակը, որում այսօր իշխանությունն է, իր բացատրությունն ունի:
«Բացի այն, որ իշխանությունները չունեն զարգացման որևէ հայեցակարգ, չստացան նաև այն ակնկալիքները, որոնք ունեին: Վարչապետը, ամենայն հավանականությամբ, մտածում էր, որ եթե Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է եղել, ապա ողջ աշխարհը գալու է Հայաստան, «ժողովրդավարական տուրիզմն» է զարգանալու, բոլորը հերթ են կանգնելու՝ միլիարդավոր դոլարների, եվրոների ներդրումներ իրականացնելու համար, տնտեսությունը մեծ աճ է ունենալու, իսկ վերջում բոլորը ծափահարելու են մեծն հեղափոխական վարչապետին:
Այս ամենը տեղի չունեցավ նախ այն պատճառով, որ, մեծ հաշվով, ոչ ոքի չէր հետաքրքրում ժողովրդավարական կարգերը, երկրորդ՝ իրականում այդ ամենին հասնելու համար թե՛ արտաքին, թե՛ նաև տնտեսական քաղաքականություն պետք է իրականացնել: Մինչդեռ բոլորին «պատին ծեփելն ու սվաղելը» որևիցե ներդրումային ակտիվության չի հանգեցնում:
Ընդհանուր առմամբ, այն, ինչ արվեց երկու տարվա ընթացքում, հակառակ արդյունքի բերեց: Եվ հիմա պարզապես մի խնդիր կա՝ ընդամենը պահել իշխանությունը: Նպատակը հնարավորինս երկար իշխանության մնալն է, ուրիշ խնդիր չկա»,-ընդգծեց Ա. Բադալանը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: