Լրահոս
Օրվա լրահոսը

Գերդաստանների կռիվ՝ զենք հանդիսացող առարկաների կիրառմամբ․ Շիրակի դատախազի ցուցումով 5 անձինք են ձերբակալվել

Հուլիս 30,2020 11:51

Ինչպես տեղեկացրել ենք, շաբաթ օրը ծեծկռտուք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Սարակապ գյուղում․ Ծառուկյանների և Մկոյանների ընտանիքների վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի։ Ծառուկյանների ընտանիքից հինգ հոգու, ընդ որում՝ երկու անչափահաս տղաների՝ 12 և 16 տարեկան, տեղափոխել էին Գյումրու հիվանդանոցներ։ Ծառուկյանների երեք չափահաս անդամները Գյումրի բժշկական կենտրոնում ստացել էին ամբուլատոր բուժօգնություն, և դուրս էին գրվել հիվանդանոցից, իսկ անչափահասները դեռ հիվանդանոցում են։ 16 տարեկան տղան ուղեղի ցնցում, քթի բազմաբեկորային կոտրվածք է ստացել, նրան վիրահատել են, գտնվում է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում, իսկ 12 տարեկան տղային ծանր վիճակում, ուղեղի ցնցմամբ, բազմաթիվ վնասվածքներով, քներակի ոսկորի տակի կոտրվածքով, աչքի հատակի մազանոթների վնասվածքներով, քթի միջնապատի կոտրվածքով   շտապօգնության մեքենայով տեղափոխել են մայրաքաղաք՝ Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոն։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ, կան 5 ձերբակալվածներ։ Երկու հոգի ձերբակալվել են Ծառուկյանների կողմից, երեք հոգի էլ՝ Մկոյանների։ Ի դեպ, Մկոյանները գյուղապետի ընտանիքի անդամներն են։

«Հուլիսի 25-ին Շիրակի մարզի Սարակապ գյուղում երկու ընտանիքների միջև ծագած վիճաբանության ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարվել են խուլիգանական գործողություններ, որը դրսևորվել է որպես զենք օգտագործվող առարկաներով, հասարակական կարգը կոպիտ խախտելով։

Կողմերը հանդիսացել են Ծառուկյաններն ու Մկոյանները, ինչպես Ծառուկյանների, այնպես էլ Մկոյանների կողմից հիվանդանոց են տեղափոխվել անձինք։ Այս դեպքի կապակցությամբ ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալներով Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով 27․ 07․2020 թվականին հարուցվել է քրեական գործ։ Քրգործի շրջանակներում մարզի դատախազի ցուցումով՝ ինչպես Ծառուկյանների, այնպես էլ Մկոյաններիի ընտանիքներից ձերբակալվել են թվով 5 անձինք։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են հնարավոր բոլոր քրեադատավարական գործողությունները դեպքին մասնակցած բոլոր անձանց գործողություններն անհատականացնելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ այս ընտանիքների միջև նախկինում ևս եղել է վիճաբանություն, նրանք գտնվել են լարված փոխհարաբերությունների մեջ, ինչի կապակցությամբ նախկինում ևս հարուցված է եղել քրեական վարույթ», -մեզ տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ծառուկյանը իր ցուցմունքում նշել է, փողոցում կանգնած են եղել պապ ու թոռ, Ռոլանդ Մկոյանն անցել, հայհոյել է, ու այս ամբողջ պատմությունը ծագել է այդտեղից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031