Լրահոս
Օրվա լրահոսը

Տգիտությունը ո՞ւժ է

Հուլիս 30,2020 10:00

Ուղիղ 400 տարի առաջ՝ 1620 թվականին Ֆրենսիս Բեկոնը հրապարակել է իր ամենահայտնի՝ «Նոր օրգանոն» աշխատությունը: Անգլիացի փիլիսոփայի գաղափարներից շատերը ժամանակի քննություն չեն բռնել, բայց նոր ժամանակների ընդհանուր տրամաբանությունը ճիշտ էր արտացոլված, իսկ այդ տրամաբանության գլխավոր կարգախոսը ձեւակերպված էր շատ հստակ՝ «Գիտելիքը ուժ» է, ընդ որում՝ անգլերեն «power» բառը նշանակում է նաեւ «իշխանություն»: Անցած 4 դարերի ընթացքում իր բոլոր մակընթացություններով հանդերձ՝ արեւմտյան քաղաքակրթությունն ապացուցել է Բեկոնի այս թեզի ճշմարտացիությունը: Բայց, իհարկե, Երկիր մոլորակի վրա ոչ բոլորն են առաջնորդվում այդ կարգախոսով:

Գիտելիքով զինված եւ տգետ մարդիկ իրարից տարբերվում են ոչ թե նրանով, որ առաջիններն ամեն ինչ գիտեն: Ինչ-որ չափով կարելի է հակառակը պնդել՝ առաջինները վստահ են, որ իրենք շատ բաներ չգիտեն՝ ի տարբերություն տգետների, որոնք չեն կասկածում իրենց համապարփակ գիտելիքների վրա: Լավ օրինակ է բերվում Հարարիի «Սապիենս» գրքում՝ մինչեւ 16-րդ դարը աշխարհի քարտեզներում «սպիտակ հատվածներ» չկային: Մարդիկ գիտեին, որ գոյություն ունի իրենց հայտնի ցամաքի կտորը, որից դուրս ապրում են հրեշները, աժդահաները, վիշապները եւ այլ ֆանտաստիկ կերպարներ: Ժամանակակից հայկական աշխարհընկալմամբ՝ Սորոսը, Բիլ Գեյթսը եւ մասոնները: Քարտեզի վրա «սպիտակ հատվածները» սկսեցին ի հայտ գալ այն ժամանակներից, երբ եվրոպացիները կտրում-անցնում էին Ատլանտիկ օվկիանոսը եւ հայտնաբերում նոր մայրցամաք:

Տգիտության ցայտուն դրսեւորում է ռասիզմը՝ «սպիտակամորթ մարդիկ ավելի խելացի են եւ աշխատասեր, քան սեւամորթները, արիացիներն ավելի զարգացած են, քան մնացած ազգերը, իմ ազգը խաղաղասեր է, հարեւան ազգը՝ արյունարբու»: Տգետ մարդիկ անհանդուրժող են՝ «միասեռականներն անբարոյական են, մենք՝ բարոյական»: Նրանք տառապում են նաեւ պատմական գավառամտությամբ՝ «մինչեւ 2018 թվականը ամեն ինչ թալանվում էր, իսկ հիմա՝ ամեն ինչ ծաղկում է»: Հնարավոր է նաեւ հակառակ տարբերակը՝ «երեկ լավ էր, քանց վուր էսօր»:

Ներկայիս համացանցային դարաշրջանը, մեղմ ասած, չի նպաստում, որ մարդիկ ձգտեն նոր փաստեր իմանալ, նոր գիտելիքներ ձեռք բերել: Քանի որ համացանցում կարելի է գտնել ցանկացած կասկածելի տեսության, ցանկացած քարոզչական հեքիաթի հաստատում, մարդիկ մոլորվել են եւ չեն կարողանում տարբերել հեղինակավոր աղբյուրը ոչ հեղինակավորից: Որպես հետեւանք, իմ տպավորությամբ, այսօր «ուղեղը լվացած» մարդիկ աշխարհում ավելի շատ են, քան, ասենք, 30 տարի առաջ:

Հետաքրքիր է, ինչո՞ւ են Հայաստանում մարդիկ կարծում, որ Բիլ Գեյթսը որոշել է հայերին չիպավորել հենց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միջոցով: Ինչո՞ւ չենթադրել, որ «չիպերը» արդեն իսկ ներդրված են այլ դեղամիջոցների մեջ: Օրինակ, երբ մարդը գնում է ատամնաբուժարան եւ նրան ցավազրկող են տալիս, ի՞նչ երաշխիք կա, որ այդ լիդոկայինը չի ուղարկել հենց ամերիկացի միլիոնատերը: Կամ՝ Ֆանտոմասը իշխան Դրակուլայի հետ միասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Մի տգետ գառ
    Իրեն համար
    Ջուր էր խմում առվակից.
    Մեկ էլ դեմի ձորակից
    Գայլն է կտրում վեըեւը,
    Խոսքին տալով էս ձեւը.
    – Էս ի՞նչ լրբություն,
    Ի՞նչ հանդգնություն.
    Ա՜յ, դու փսլնքոտ,
    Տգետի լակոտ,
    Դու ինչի՞ տեր ես.
    Որ գաս դնչովդ,
    Քթով-պնչովդ
    Ջուրս պղտորես.
    Բռնեմ դունչդ
    Կտրի շունչդ:»
    «Ասավ,
    Հասավ
    Գառանը,
    Առավ, թռավ
    Անտառը:»
    «Էստեղ ինչն է գլխավոր:
    Խելացու մոտ
    Միշտ էլ տգետն է մեղավոր:»

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Տգիտության ամենացայտուն դրսեւորումը (ես կասեի նույնիսկ՝ աղբյուրը) կրոնն է, իսկ եկեղեցին իրոք բացառիկ առաքելություն ունի մարդկանց հիմարացնելու, նրանց կյանքն ու գիտակցությունը հավիտյանս հավիտենից թունավորելու «սուրբ» գործում:

    Միանգամայն հասկանալի է տերտերների մշտական ատելությունը գիտության, պետության, ազատության, զարգացման, հասարակական առաջընթացի նկատմամբ. դա բխում է հենց կրոնի բուն էությունից, կրոնական անհեթեթ աշխարհայացքից: Ես շատ կզարմանայի, եթե տերտերները չհալածեին Աբովյանին ու Նալբանդյանին, չքարոզեին տգիտություն ու անհանդուրժողականություն…

  3. Ruben says:

    Աբսուրդ է, բայց հանրապետությունում ճիշտ հակառակն է:

  4. Gagik says:

    Իսկ ովա Հայաստանում կարծում, որ չիպավորելու են՞ Ինձ թվումա ԳԵՅԹՍԻ չիպի տեսությանը Հայաստանում անգամ 1տոկոսը չի հավատում։ Ավելի շատ են էն մարդիկ ովքեր պայքարում են հողմաղացների դեմ, այսինքն չիպի տեսության կողմնակիցների դեմ;

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031