Կոռումպացված նախարարներ, կոռումպացված համակարգ, իշխանությունների հավաստմամբ, վերջին երկու տարիներին չկա: Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» եւ «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում այս դիտարկմանն ի պատասխան արձագանքեց. «Հիմա դուք հավատո՞ւմ եք, որ չկա: Հիմա 120 մլն դոլարի պարգեւավճար է՝ օրենքով չնախատեսված: Ուղղակի թեւերը քաշած, բյուջեի մեջ մխրճված՝ 120 մլն դոլարի պարգեւավճարը դա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չի, սենց ակնհայտ բյուջեի մեջ գողություն է: Հիմա կա՞, թե՞ չկա»:
Երկրորդ նախագահը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ձեւը գտել են. «Պարզվում է՝ պետք չի բյուջեից գողանալու համար ինչ-որ սխեմաներ մտածել, բարդ սխեմաներ: Կարելի է ուղղակի շատ հանգիստ՝ պարգեւավճարի ձեւով բյուջեն մսխել: Ասում են՝ ինչ-որ 100 մլն դոլար ենք հետ բերել: Ես կարդում եմ բյուջեն ու բյուջեի այն տողում, որտեղ պետք է երեւա դա, ուղղակի չկա՝ մի քանի մլրդ դրամ: Չի երեւում: Միգուցե հետ են բերել, բայց ոչ պետբյուջե, այ ուր են հետ բերել՝ ես չգիտեմ: Ուղղակի իմ տպավորությամբ փոխվել է կոռուպցիայի ձեւը: Մի հատ նայեք հարազատներ, խնամիներ, ես չգիտեմ…քավոր-սանիկներ, ինչպիսի կապեր կան այսօր խորհրդարանի, կառավարության, ընդհանրապես գործադիր իշխանության շուրջ: Ամեն քայլափոխի: Պետական ծառայողական համակարգն ուղղակի զրոյացրել են: Եվ այդ համակարգն է թայֆայականության դեմ ամենից արդյունավետ պայքարի միջոցը եղել»:
Առաջիկայում, ըստ Քոչարյանի, կարող է սով չի լինելու, բայց միանշանակ է, որ լավ չի լինելու. «Ուղղակի վատ լինելու խորության մասին է խոսքը»: Ըստ նրա, կառավարությունը պետք է իր սխալները նախ ընդունի, որ իր սխալների վրա սովորի, իսկ դա կոմպլեքսներից է գալիս:
Քոչարյանը, խոսելով ՀՅԴ-ԲՀԿ-Հայրենիք կուսակցությունների եռյակի մասին՝ ասաց, որ կառավարությունը չի գիտակցում, որ այսօր երկիրը ուժեղ ընդդիմության կարիք ունի, ինչքան թուլացրեց ընդդիմությանը, այնքան վատ կկառավարի: Խոսելով իր ասած «Կոնսենսուս-1» ձեւաչափի մասին՝ Քոչարյանն ասաց, որ օրակարգը արդեն ձեւավորված է, մնում է լուրջ կազմակերպչական աշխատանքով սկսել գործընթաց. «Եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, այս կառավարությունը լրջագույն պրոբլեմներ է ունենալու առաջիկայում»:
Կարդացեք նաև
Թե ինչպես են հասնելու իշխանափոխության, Քոչարյանը մատնացույց արեց ժողովրդի՝ փողոց փակելու միջոցով իշխանություն փոխելու փորձ ձեռք բերելը. «Իսկ ինչի՞ եք մտածում, որ ժողովուրդն այս տուգանքներից չի կարող որոշել ու վերջին նույն ճանապարհով իշխանություն փոխել»:
Նա ասաց, որ այսօր սեղանի վրա դրված է այդ ամբողջ գործիքակազմը՝ հանրային զանգվածային ճնշումներ՝ նաեւ փողոցներ փակելով: Ընդ որում, ըստ նրա, տնտեսական աճի պարագայում այդպիսի հեղափոխություն եղավ, հիմա տնտեսական անկման, այսպիսի ձախողումների պարագայում ինչո՞ւ պետք է բացառել, որ իշխանափոխություն կլինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ