Լրահոս
Օրվա լրահոսը

«Քչերը գիտեին նրան, որպես այլախոհի»

Հուլիս 30,2020 13:30

Քաղբանտարկյալ, բանաստեղծ Մերուժանը՝ Ռուբեն Սաքապետոյանի մասին

– Մերուժան, խորհրդային միությունում ազգային-ազատագրական շարժումներին ակտիվ մասնակցություն ունեին նաեւ ԵՊՀ դասախոսները: Օրեր առաջ կյանքից հեռացավ Ռուբեն Սաքապետոյանը: Նրա մահվանից հետո հանրապետության առաջին նախագահն իր ցավակցական հեռագրում նշեց. «Խոր կսկիծով տեղեկացա, որ վախճանվել է ուսանողական շրջանի մտերիմ եւ գաղափարակից ընկերներիցս մեկը՝ Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, արեւմտահայերենի հմուտ գիտակ, բազմաթիվ հրապարակված մենագրությունների եւ գրքերի հեղինակ Ռուբեն Սաքապետոյանը, որի հետ 1966 թվականին ինձ «բախտ» է վիճակվել նաեւ կիսելու բանտախուցը»: Քչերը գիտեն, որ նա ձեր «գործով» անցել է:

Նկարում ձախից աջ՝ Լևոն Անանիկյան (սպորտային մեկնաբան), Ռուբեն Սաքապետոյան, Գեղամ Քյուրումյան (լրագրող), Լևոն Տեր-Պետրոսյան, 1966թ․ մայիսի 1

– Ռուբեն Սաքապետոյանը դժբախտաբար նախկին քաղբանտարկյալների կողմից տեւականորեն մոռացված այն անհատականություններից էր, ով ակտիվորեն մասնակցել է մեր հակասովետական շարժմանը: 60-ականների սկզբից մինչեւ 1963թ. դեկտեմբեր՝ մեր ձերբակալումը: Երբ մենք՝ «Յոթ հայրենասերներս» ձերբակալվեցինք, նախաքննության մարմինն առաջինը վկայակոչեց ԵՊՀ աշխատակից Ռուբեն Սաքապետոյանին: Եվ նրա հետ միասին մի խումբ ընկերների, որոնց մեջ էր նաեւ  գյուղատնտեսական ինստիտուտի պրոֆեսոր Գեւորգ Գրձելյանը, ով անցյալում երկարատեւ ազատազրկման մեջ է եղել իր քաղաքական հայացքների պատճառով: Մեր ձերբակալության ժամանակ վկայակոչվել էին քննության՝  լեզվաբան, պրոֆեսոր Վարագ Առաքելյանը, պատմաբան Նիկոլայ Կարապետյանը եւ այլ նշանավոր մտավորականներ:
Հանրապետության առաջին նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նույնպես ձերբակալվել է կարճատեւ ժամանակով եւ հայտնվել միեւնույն բանտախցում, որտեղ գտնվում էր նաեւ Սաքապետոյանը: Այսքանը՝ ի պատիվ առաջին նախագահի:

grigor mednikyan

Գրիգոր Մեդնիկյան

Ռուբեն Սաքապետոյանի մասին ինչպիսի կենսագրական տվյալներ էլ լինեն, դրանց մեջ բարոյական մարգարիտը պետք է համարել այն օրերը, երբ խորհրդային չեկայի կողմից խոշտանգումների էին ենթարկվում բազմաթիվ մտավորականներ, այդ թվում նաեւ՝ բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, որոնց մեջ, թերեւս, ամենագնահատելին պետք է համարել հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի փեսային՝ դեղագործ, պրոֆեսոր Գրիգոր Մեդնիկյանին: Հնարավոր չէ անուն առ անուն ներկայացնել առկա հոդվածում արժանապատիվ մտավորականների ցուցակը: Բայց փառք ու պատիվ նրանց, ովքեր այն օրերին համարձարկություն ունեցան մեր ազգային-ազատագրական շարժմանը բերել իրենց անմնացորդ մասնակցությունը:

Այսքանից հետո մնում է խնկարկելի համարել Ռուբեն Սաքապետոյանի հիշատակը եւ խոնարհությամբ հիշել նրա հայրենասիրական գործունեությունը եւ մեծ ներդրումը 60-ականների շարժման ողջ ընթացքում:

aghasi esayan

Աղասի Եսայան

– Մերուժան, հաճախ հիշատակվում են բանասերները, պատմաբանները, արեւելագետները: Չկայի՞ն այդ ժամանակ իրավաբաններ, ովքեր ձեր կողքին էին:

– Արդարության առաջ չմեղանչելու համար ուզում եմ հիշեցնել նաեւ համալսարանի մի շարք այլ դասախոսների, ովքեր մասնակցություն են բերել մեր շարժմանը: Սակայն ի տարբերություն վերոհիշյալ անձանց, ինչպես իրավաբանները, այնպես էլ հայոց եկեղեցու երիցագույն միաբանները դույզն-ինչ անհամարձակ էին ակտիվության հարցում: Պրոֆեսոր Աղասի Եսայանը, որպես իրավաբան-միջազգայնագետ, մեզ հուշում էր այլ երկրների ազգային-ազատագրական շարժման օրինակներ մեջ բերել մեր հոդվածներում, ապա այդպիսի եկեղեցական, ինչպիսին էր Երուսաղեմի երջանկահիշատակ պատրիարք, իրավագետ, փիլիսոփա Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանը, Էջմիածին այցելության գալիս, անմիջապես բերում էր իր հետ օտարերկրյա իրավագետների գրքեր, եւ դրանցում տպագրված տարբեր հոդվածներ թարգմանաբար ներկայացնում էր մեզ:

Ես երջանկություն եմ ունեցել անձամբ բարեկամանալու եւ համբուրելու նրա սրբազան աջը:

Մեր շարժմանը մասնակցած եկեղեցականներից արժե նշել Գրիգոր վարդապետ Եղյանին, ով դատապարտվեց մեզ հետ, ինչպես նաեւ Հրայր Գարավերդյանին եւ Կայծակ Մահտեսյանին, որոնք ձերբակալվեցին մեր հայրենասիրական փաստաթղթերը արտասահման տեղափոխելիս:

Վերոնշյալ երեք հոգեւորականներն այսօր էլ ողջ են եւ այլեւս չեն գործում:

Նրանց պարագայում արգելվեց հոգեւոր ծառայությունը, ուստի մտան աշխարհիկ կյանք:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031