Հրանուշ Հակոբյանի այս գիրքն իր ուրույն տեղը պիտի ունենա սփյուռքագիտական-ակադեմիական հարթակներում:
Սփյուռքը պատմություն է, գիտություն, ուսմունք, որի նկատմամբ անհրաժեշտ է տածել առարկայական եւ իրապաշտական, տրամաբանական ու գիտակցական մոտեցում՝ հեռու մակերեսային եւ անհիմն փորձերից, որոնք ոչնչով չեն նպաստում նրա համայնական ճանաչողությանը։ Շեշտում ենք այս անհրաժեշտությունը, որովհետեւ Սփյուռք հասկացությունը միշտ կրկնվում ու հոլովվում է ամեն կողմից եւ առիթով՝ նկատի ունենալով նրա «կենդանի» գոյությունը հայ իրականության մեջ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու վստահաբար նաեւ վաղը։
Շատերը՝ հայաստանցի, թե արտերկրացի, կարծում են, որ Սփյուռքն իր տարածքով, հատվածներով, կազմակերպություններով, կյանքով, գործունեությամբ ու մշակույթով իրենց համար անծանոթ մի գոյավիճակ չէ, հետեւաբար իրավունք ունեն արտահայտվելու նրա անցյալի ու ներկայի մասին հաճախ դատապարտելի տհասությամբ։ Սրա առնչությամբ իմ հրապարակագրության մեջ հաճախ եմ անդրադարձել Սփյուռք կոչված հաստափոր թղթածրարին՝ քննադատելով (երբեմն սուր ոճով) բոլոր նրանց, որոնք հոխորտում են, թե իրենք Սփյուռքը ճանաչում են կամ Սփյուռքը իրենց համար մի թափանցիկ… հայելի է։ Մինչդեռ Սփյուռքը ինքնին մի ԲԱՐԴ համակառույց է՝ հանգուցավոր ու խճճված ծալքերով, դարձդարձիկ ու խորդուբորդ արահետներով, երբեմն էլ անտեսանելի, անհասանելի եւ անշոշափելի ցուցանիշերով՝ նկատի ունենալով նրա բազմաշերտությունը, բազմերեսությունը եւ բազմակողմանիությունը։
Եթե սա՛ է եղել (եւ է՛) չոր իրականությունը, ապա ինչո՞վ է արդարացվում Սփյուռքի նկատմամբ այսքան թափթփվածությունը, անտարբերությունը եւ անտեսումը, երբ չկա լուրջ ու պատմագիտական ուսումնասիրություն կամ հետազոտություն։ Մեր խոսքը բնավ չի վերաբերում սիրողական կամ հպանցիկ փորձերին, որոնք կարող են միայն որոշ չափով օգտակար լինել, բայց ոչ լիակատար այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն ներկայացնի Սփյուռքը որպես ՀԱՄԱՊԱՐՓԱԿՈՒԹՅՈՒՆ՝ իր խայտաբղետ գունավորումներով ու ձեւավորումներով։
Կարդացեք նաև
Մատնանշելի է, որ Սփյուռքը երբեք չգտնվեց (ու չի գտնվում) լճացած կամ կաղապարված վիճակում, ընդհակառակը, այն հարատեւ շարժի մեջ է՝ վերելքային կամ անկումային գոյավիճակներով, որն ավելի է դժվարացնում նրա հետ շփվելը, հարմարվելն ու հաղորդվելը հատկապես մասնագիտական եւ արհեստագիտական մակարդակներով։ Պատահական չէ, որ Երրորդ Հանրապետության կազմավորման շրջանում, երբ Սփյուռքի հետ հարաբերությունը դարձավ «բաց օրակարգ», ամեն առիթով հիշեցրի ու պահանջեցի կապերը զգացականից ու պարագայականից բարձրացնել ու փոխադրել նոր որակի, այսինքն՝ սփյուռքագիտության աստիճանի՝ համալսարանում բացելով հատուկ բաժին եւ պատրաստելով սփյուռքագետներ՝ համապատասխան ուղղվածությամբ ու թեքումով։ Բարեբախտաբար, այսօր կա այդ բաժանմունքը, գործում է, սակայն ի՞նչ ընթացքի մեջ է, ի՞նչ արդյունքի է հասել եւ ի՞նչ է իրականացրել, այնքան էլ զգալի չէ: Վերջին հաշվով պատրաստված ու ուսումն ավարտած մասնագետները ո՞ւր են, ինչո՞վ են զբաղվում, չէ՞ որ նրանք կոչված են Սփյուռքի հետ կապվելու ու մերվելու։
Առանց խորանալու այս երեւույթների մեջ, որոնք ինքնին շատ հրատապ են, նշենք, որ Սփյուռքը մնում է այն հայաշխարհը, որը կարիք ունի հոգածու ուշադրության, սակայն պայմանով, որ այն չենթարկվի մասնատումների ու բաժանումների, ոչ էլ դառնա վայրիվերումների թիրախ: Այս բոլորը համադրելու ու համակարգելու, դասավորելու ու ներդաշնակելու համար անհետաձգելի է պետական կամ նախարարական համակարգի ստեղծումը՝ ձեռնհաս ու շրջահայաց վարքագծով գործելու ու մոտենալու Սփյուռքի ԲԱԶՄԱԳԼԽԱՆԻ իրականությանը։
***
Այս անմիջական ընդգծումներն ու մտորումները կատարեցի այն ժամանակ, երբ ստացել էի ՀՀ Սփյուռքի նախարարության նախարարուհի Հրանուշ Հակոբյանի հեղինակած գիրքը՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՐԱՓՈՓՈԽ ԱՇԽԱՐՀՈՒՄ»: Խոսուն խորագիրն արդեն ցույց է տալիս, որ նախարարուհու գիրքը գերազանցապես նվիրված է բազմաճյուղ Սփյուռքին եւ ծնվել է իր շուրջ տասնամյա փորձառությունից, Սփյուռքի հետ ուղղակի եւ անուղղակի կամրջումներից։
Նախարարուհի Հրանուշն իր հզոր անհատականությամբ, մասնագիտական փորձով, գործնամիտ ներդրումներով, վարչական կարողություններով, տեսլապաշտ ծրագրերով եւ ընդհանրապես հարուստ իրագործումներով կարողացավ ապացուցել, որ ինքը պետական-ազգային մտածողության եւ իր առաքելությանը նվիրված պատասխանատու ղեկավար է՝ ունակ գոյություն ունեցող կարելիություններին ու հնարավորություններին համապատասխան, իրեն հատուկ ջանադրությամբ, նվիրվածությամբ եւ արդյունավետությամբ Սփյուռքի նախարարությունը ղեկավարելու:
***
Այս գիրքը, որի մակագրված մի օրինակը ինձ էր նվիրել, անշուշտ, արգասիքն է երկար տարիների իր պաշտոնավարության ընթացքում ուրվագծված Սփյուռքի համապատկերի իմացության՝ իր կողմից դիտված, նկատված, ձեւակերպված ու խորաչափված, նաեւ մեկնաբանված, վերլուծված, հետազոտված ու բնութագրված տարբեր կողմերից այնտեղ, ուր պետք է կատարվեր գնահատում կամ միջամտություն։
«Նախաբան»-ում (7-12) ներկայացվում են այն խորհրդաժողովային համագումարներն ու քննարկումները, որոնք նվիրված էին Սփյուռքին՝ հաստատելով, որ «Հայրենիք-Սփյուռք գործակցությունը այլեւս կայացած իրողություն է», իսկ այս գրքով «առաջին անգամ փորձ է արվում գիտական, փաստագրական, արխիվային, վերլուծական ու վիճակագրական տվյալների հիման վրա ներկայացնել Հայրենիք-Սփյուռք բազմաբնույթ հարաբերությունները»։
Հատորը բաղկացած է երեք հիմնական գլուխներից, որոնք իրենց հերթին ունեն բաժանումներ ու ենթաբաժանումներ, որոնցում համապարփակ ու մանրամասն դիտարկումներով եւ մտորումներով ոչ միայն ցուցանշային տվյալներ կան, այլեւ անդրադարձներ մարտահրավերային, կիրարկային, ինքնակերտային ու մշակութային հիմնահարցերին՝ լայնահունչ, լայնածիր ու լայնաբնույթ սլաքներով եւ հղացքներով, որոնք համեմված ու համալրված են բարենշային ու չափանշային արժեքներով:
Այսպես.
«Հայկական Սփյուռքի պատմությունը եւ արդի բնութագիրը» ընդարձակ բաժնում (էջ 13-255) հմուտ գիտահետազոտողի սուր աչքով ու սթափ տրամաբանությամբ ներկայացված են «Հայկական Սփյուռքի ձեւավորման փուլերը»՝ այժմյան ընդհանրական պատկերով, նաեւ տրված են յուրաքանչյուր սփյուռքահայ գաղութի աշխարհագրական դիրքը, հայության կյանքը, ունեցած դերակատարությունը, բերած նպաստը, ազգային կազմակերպությունները, կրոնական տեղավայրերը. ԱՊՀ-ի երկրներ, Վրաստան, Աբխազիա, Հյուսիսային, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաներ, Արեւմտյան Եվրոպայի երկրներ, Մերձբալթյան երկրներ, Բալկանյան երկրներ, Թուրքիա, Մերձավոր ու Միջին Արեւելք, Արեւելյան եւ Հարավարեւելյան Ասիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Աֆրիկա: Համայնքային պատկանելությունների խճանկարային վավերականություններով ու վկայություններով հարստացված է այս բաժինը։
Սփյուռքի կազմավորման ընթացքը սկսվել է հնագույն ժամանակներից մինչեւ 1894 թվականը, ապա 1894 -1923թթ., 1923 -1948թթ., 1948 -1991թթ, 1991- 2008թթ., 2008- 2011թթ.: Այստեղ հանրագումարի են բերված նշված ժամանակաշրջաններում արձանագրված նվաճումները, որոնք պատկան համայնքների գոյության ու զարգացման ընթացքն են ներկայացնում։
«Հայաստանի եւ Սփյուռքի ներկա մարտահրավերները» բաժնում (էջ 256-412) աշխարհաքաղաքական դրույթներով ու հիմունքներով ներկայացված են Հայաստանի, Ղարաբաղի ու Սփյուռքի առջեւ ծառացած խնդիրների մարտահրավերները՝ դիպուկ քննարկումների եւ մտորումների ուսանելի ու խորհրդածելի արժեչափերով։ Խիստ ուշագրավ բաժինները ներկայացնում են Հայոց ցեղասպանությանը նվիրված նյութեր՝ կապված Հայկական Սփյուռքի, նրա միջազգային ճանաչման եւ 100-րդ տարելիցի առիթով (էջ 280-304) կատարված զարգացումների, աշխատանքների եւ արդյունքների հետ: Դրանց հաջորդել է «Թուրքիոյ հայ համայնքը եւ իսլամացած հայերը (էջ 305-321)», «Պատմական հուշարձանները (էջ 324-325)», «Հայկական գույքի ժառանգության հիմնախնդիրները (էջ 334-340)», «Հայ ինքնության հիմնահարցեր – լեզու, դպրոց, ընտանիք, մշակույթ, եկեղեցի, պատմական հիշողություն (էջ 341-381)» բաժանումները, որոնցից յուրաքանչյուրն ինքնին մի պատմանորություն է։ Վիճակագրական թվանշաններով ու պատկերներով տրված են «Սփյուռքի ներդրումները» (էջ 382-412), որոնք տնօրինված են ինչպես Հայաստանի եւ Արցախի բոլոր ճգնաժամերին օժանդակության եւ օգնության առումներով, այնպես էլ նրանց բարգավաճմանն ու շենացմանը նպաստելու պատրաստակամությամբ, եւ այդ ամենը ներկայացված է հիշատակելի ու նշելի օրինակների միջոցով։
«Պետական քաղաքականությունը Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում» (էջ 413-473) բաժնում հետաքրքրական, վավերական, դատողական հայացքներով ու մեջբերումներով տրված են 2008-2016թթ. այն գործունեությունը, առաջարկություններն ու միջոցառումները, որոնց միջոցով Հայաստան-Սփյուռք հարաբերությունները դեպի առողջացում ու բարեկարգում են ընթանում՝ նկատի ունենալով երկքաղաքացիության, հայերենապահպանության, հայրենադարձության եւ հայրենագործության ոլորտներում իրագործված եւ իրագործելի աշխատանքները, նաեւ կարեւորելով Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունավորման հնարավորություններն ու նպաստող ծրագրերի իրականացման կարեւորությունը։
«Հավելվածներ» բաժնում (էջ 495-637) ներկայացված են զուտ թվական տվյալներով պատկերազարդ ու գունավոր գծապատկերներ, ուր կարելի է գտնել բազմաբնույթ տեղեկություններ սփյուռքահայության թվի, կազմակերպությունների, գործարարների, բարերարների, եկեղեցիների, հայագիտական կենտրոնների, Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների եւ այլ գործոնների մասին։
Այնուհետեւ, կցված են համահայկական համաժողովների ազգային հռչակագրերը (2011թ., 2014թ.) (էջ 625-633), որոնց հաջորդել է օգտագործված գրականության ցանկը (էջ 638-650), իսկ վերջում՝ հեղինակի կենսագրությունը (էջ 651)։
Գիրքը համալրված է պատկերազարդ, գունատիպ, լուսանկարային-վիճակագրական ցուցատախտակներով, որոնք ավելի են ճոխացնում, վավերացնում ու գիտականացնում այն։
***
Անտարակույս, Հակոբյանն իր այս համագիտական մենագրությամբ բազմաշնորհակալ գործ է կատարել սփյուռքագիտության ոլորտում՝ «սխրագործություն» կատարած լինելու արժանի մեծագոհությամբ։
Մեր այս գնահատականը խորապես գիտակցված է պարզապես նրա համար, որ սա ԻՐ ՏԵՍԱԿԻ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՐՋ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ուր Սփյուռքը ներկայացվում ու նկարագրվում է գոհացուցիչ ու համոզիչ հատկանիշներով եւ իր էախնդիրներով։
Հակոբյանի հեղինակությունն ունեցող, իրատես ու լրջահայաց գիտնականը միայն կարող էր Սփյուռքի գոյավիճակն ու հոլովույթը դիտել այսպիսի համոզչականությամբ, գիտակցությամբ ու նշանակալիությամբ։ Եթե ոմանց համար կան որոշ «բացթողումներ» կամ «շրջանցումներ», ապա դրանք ոչնչով չեն վնասում կամ անշքացնում այս գիտահատորի բարձրարժեքությունը, որովհետեւ, ինչպես ասացինք ու հաստատում ենք, Սփյուռքի ուսումնասիրությունը կարիք ունի համատեղ, երբեմն հավաքական մասնակցության, երբեմն էլ Սփյուռքի զորակցության։
Այդուհանդերձ, սփյուռքագիտության մեջ այս գրքին վերապահված դերն ու տեղը անվիճելի է նույնիսկ համալսարանական դասագրքային մակարդակով, իսկ սփյուռքագետների մոտ՝ ուղեցուցային հարուստ սկզբնաղբյուր լինելու հանգամանքով։
Սփյուռքահայ կոչումնավոր մտավորականությունը եւ ազգային ղեկավարությունը վստահաբար ամենից ավելի կարիք ունեն այս գրքին ծանոթանալու, ոչ միայն ընթերցելու այն, այլեւ գնահատելու նրա օգտակարությունը եւ նպաստավորությունը, նաեւ շատ բան «սովորելու» նրա հարուստ բովանդակությունից։
Չգիտեմ, թե այս բազմաշահեկան եւ եզակի հրատարակությունը ի՞նչ արձագանքի է արժանացել թե՛ հայրենի, թե՛ սփյուռքահայ պատկան մարմինների կողմից, բայց կասկած չկա, որ այն իր ուրույն տեղը պիտի ունենա սփյուռքագիտական-ակադեմիական հարթակներում՝ իբրեւ օրինակ ու հետեւողություն սփյուռքագետների (Վերջին պահին տեղեկացա, որ այս գրքի լիարժեքության մասին շուրջ 12 հոդվածներ են տպագրվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների ու պատմագետների կողմից, որն իրոք խոսուն ցուցիչ է)։
Հանրագիտարանային խորքով, բազմերանգությամբ ու պերճագրությամբ հրատարակված այս գիրքը բարձրագույն մի բարենիշ է հեղինակի վարկի ու սփյուռքագիտության տարածման առումով, որի համար, իրոք, կարելի է շնորհավորել Հրանուշ Հակոբյան գիտնականին։
Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ այս հրատարակության կարեւորությունն ու հանրօգուտությունը տարածելու համար օտար լեզուներով (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն) եւս այն լույս է տեսել։
Սփյուռքագիտությունը գործնական եւ ուսումնագիտական մակարդակներում մեծ ու գերագնահատելի նվաճում ունեցավ այս գրքի լույսընծայմամբ, որի պատիվը ականավոր գիտնական Հրանուշ Հակոբյանինն է: Նրան մաղթում ենք այս եւ այլ բնագավառներում նորանոր հաջողություններ։
Պարոյր Յ. ԱՂՊԱՇԵԱՆ
Բեյրութ
«Առավոտ» օրաթերթ
29.07.2020