Հայտնի է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ գոյատեւել է իր լեզվի, հարուստ մշակույթի շնորհիվ: Ցավոք, մեր օրերում ոտնահարվում են ազգային արժեքները մեր հայրենիքում: Որոշ վայ-իշխանավորներ մոռանում են, որ հայի գենը երբեք չի կարող ոչնչանալ, քանի որ իր մեջ կրում է նաեւ արյան հիշողության, ցեղասպան եղած իր ժողովրդի պատմությունն ու գրականությունը:
Երբ Աբդուլ Համիդը պարբերաբար հայերի ջարդ էր կազմակերպում, նաեւ հրաման էր տալիս, որ մամուլի էջերում երբեք չգրվի «Հայաստան» բառը, քանի որ չէր ցանկանում, որ հայ ժողովուրդը ձեռք բերեր անկախություն եւ ունենար անկախ պետականություն: Բայց այսօր, երբ մենք իսկապես ունենք անկախ Հայաստան, մեր երկրում ՀՀ կրթության նախարարի հանձնարարությամբ հակահայկական ծրագիր է շրջանառության մեջ դրվել հանրակրթության առարկայական չափորոշիչների մասին:
Ի՞նչ է նշանակում ավագ դպրոցում «Հայ գրականություն» առարկայից հանել «հայ» բառը: Ազգային պատկանելությունը նշելը ո՞ւմ է խանգարում: Այս քայլով թուրքերի՞ ջրաղացին եք ջուր լցնում: Բայց կուզենայի հիշեցնել, որ Հայաստանը Թուրքիայի մաս չէ եւ ոչ ոք իրավունք չունի նման ապազգային ծրագիր ներկայացնել: Ես տարիներ շարունակ Երեւանի տարբեր բուհերում դասավանդել եմ «Հայ գրականություն», «Ռուս գրականություն», «Արտասահմանյան գրականություն» առարկաները եւ իմ ուղեղում չի տեղավորվում այն փաստը, որ դպրոցական միեւնույն դասագրքի մեջ կարող են ներգրավված լինել տարբեր ժողովուրդների գրականություն: Դրա համար գոյություն ունի արտասահմանյան գրականության դասագրքեր:
Սա միանշանակ ծաղր է հայ բազմադարյա գրականության նկատմամբ: Էլ չեմ ասում, որ 7-12 դասարանների գրականության առարկայից հանվել են հին եւ միջնադարյան գրականության ամենակարեւոր հեղինակներին (5-րդ դարի պատմագրությունը, Նարեկացի, Քուչակ, Սայաթ-Նովա): Փոխարենը ծրագրում ընդգրկված են ժամանակակից գրականության այնպիսի հեղինակների գործեր, որոնք ոչ միայն գեղարվեստական արժեք չեն ներկայացնում, այլեւ ներկայացված են մի շարք բաց տեսարանների նկարագրություններ:
Կարդացեք նաև
Սրանցով հայ դպրոցականների ուշադրությո՞ւնն ենք ուզում շեղել: Ինչո՞ւ: Ո՞րն է նպատակը: Ո՞ւմ ենք ուզում, որ նրանք նմանվեն: Չէ՞ որ ունենք հիմա տաղանդավոր գրողներ, որոնց հայրենասիրական թեմաներով գրված գործերն արժանացել են մրցանակների: Ավելի ճիշտ չէ՞ր լինի նրանց գործերից հատվածներ դրվեին: Կարծում եմ՝ այստեղ թյուրիմացություն լինել չի կարող: Սա դավադրություն է մեր ազգային արժեքների դեմ:
Զավեշտալի է, որ մենք՝ գրողներս, գրականագետներս ու մանկավարժներս մեր հայրենիքում ենք այսօր բարձրացնում հայապահպան ծրագիրը, որն իրականացվում է հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության միջոցով:
Նույնը կարելի է ասել ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի եւ չափորոշիչների նախագծի մասին: Խախտված է պատմության ժամանակագրությունը: Կան մի շարք բացթողումներ եւ բովանդակային աղճատումներ: Հայոց պատմությունից բացակայում է Անդրանիկի, Դրոյի, հայ կամավորականների պատմությունը: Բացակայում է հայերի ծագումնաբանությունը, ազատագրական պայքարը 20-րդ դարասկզբին, հայկական պետության ստեղծումը: Ի վերջո, բացակայում է մեր ժողովրդի 2000 տարվա պատմությունը եւ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանի հավաստմամբ՝ «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի ստեղծումը ոչ միայն չի նպաստի հայրենասեր սերունդ դաստիարակելու գործին, այլեւ աշակերտների մոտ կարող է հակակրանք առաջացնել առարկայի նկատմամբ»:
Չմոռանանք, որ մեր սահմանները անառիկ պահող զինվորները հայեցի դաստիարակությամբ են կրթվել, յուրացնելով մեր դասական գրականության ու պատմության լավագույն ավանդույթները եւ հաղթանակներ ենք ունեցել, քանի որ ազնիվ ակունքներից է սնուցվել հայի մարտական ոգին: Մեր նախնիները դա են փոխանցել մեզ եւ այն պետք է կյանքի կոչվի հետագա սերունդների կողմից: Այսինքն՝ միշտ հարազատ մնալ մեր նախնիների արյան կանչին, այլապես չէինք ունենա Սարդարապատ, Արցախյան գոյամարտ, ապրիլյան քառօրյան: Դժբախտաբար, հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին ընդհարումներից հետո Աբդուլ Համիդի ծոռը հայերին սպառնում է, որ եթե խելոք չմնան, անցյալի գործողությունները կկրկնվեն: Նկատի ուներ հայերի կոտորածը:
Անկասկած, ինչպես նրա, այնպես էլ Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարների կողմից պարբերաբար հայատյաց հռետորաբանություններ հնչեցնելը լուրջ ահազանգ է սթափության, դարերով ստեղծված ազգային, հայապահպան ծրագրերն իրականացնելու եւ սրբությամբ տեր կանգնելու: Հակառակ դեպքում, Աստված մի արասցե, մեր երկիրը կկանգնի կործանման առջեւ:
Տեղին է այս առիթով հիշել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»:
Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ
բանասիրական գիտությունների թեկնածու, գրող
«Առավոտ» օրաթերթ
29.07.2020